
Հայաստանին պետք են նոր միգրացիոն ուղղություններ. Աղասի Թադևոսյան

Հայաստանը պետք է իր միգրացիոն ուղղություններն ընդլայնի, քանի որ Ռուսաստանի աշխատաշուկայից կախվածությունը հանգեցրել է նրան, որ այժմ Հայաստան միգրացիոն հոսքն ավելանում է: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:
«Հայաստանից միգրացիան հիմնականում դեպի Ռուսաստան է, մինչդեռ հարևան Վրաստանի դեպքում այս երկիրն առաջին հնգյակում անգամ չկա: Վրացիներն աշխատանքի են մեկնում հիմնականում Հունաստան, Իսպանիա, Գերմանիա, ԱՄՆ և այլն: Այս խնդիրը պետք է պետական մարմինները լուծեն, քանի որ դա անդրադառնում է դրամային փոխարժեքի և սոցիալական վիճակի վրա»,- հավելեց մասնագետը:
Նա նշեց, որ այս պարագայում պետք է նոր երկրներ մուտքի վիզան հեշտացվի, որպեսզի սեզոնային աշխատանքի մեկնողները կարողանան աշխատանքի նոր հնարավորություն ստանալ: Հակառակ դեպքում, ըստ ազգագրագետի, համայնքներում պետք է համայնքային ծրագրեր իրականացվեն, որպեսզի մարդիկ արտագնա աշխատանքի պատճառով համայնքում իրենց հյուր չզգան:
«Մենք այս պահին ոչ թե միգրացիայի կրճատման խնդիր ունենք, այլ դաշտը կարգավորելու, չնայած չի բացառվում, որ կարգավորումներից հետո հնարավոր է՝ և միգրացիայի տոկոսը մեծանա: Մարդկանց տնտեսական շահը պետք է կապված լինի ոչ միայն Ռուսաստանի, նաև իրենց համայնքի հետ»,- նշեց նա:
Ա. Թադևոսյանն անդրադարձավ նաև կրթական միգրացիային. «Այս խումբը, որը կազմում է արտագաղթողների 3-3,5 տոկոսը, կրթություն ստանալուց հետո վերադառնալով հայրենիք՝ խնդիրներ է ունենում իր առօրյայի, տարածության, ժամանակի կառավարման և անհատակենտրոն վարքագծի հետ կապված, հետևաբար՝ մյուս կողմից էլ՝ չկարողանալով բարձր վարձատրությամբ աշխատանք գտնել, դիմում է կրկնակի միգրացիայի»: Նրա խոսքով՝ երկրի համար ցավալի է հատկապես այս զանգվածի միգրացիան: