Բաժիններ՝

Ըստ Forbes-ի՝ 2015թ. աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է 1826-ի

Չնայած նավթի գների անկմանն ու եվրոյի թուլացմանը,  աշխարհի ամենահարուստ շրջանակները կարողացել են ոչ միայն դիմակայել համաշխարհային տնտեսության անկայունությանը, այլև ընդլայնել իրենց շարքերը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց 29-րդ ցանկը կազմելով՝ Forbes հանդեսը միլիարդատերերի ռեկորդային թիվ է գրանցել՝ 1826։ Նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 7.05 տրիլիոն դոլար՝ մեկ տարի առաջվա 6.4 տրիլիոնի դիմաց։

Միլիարդատերերի շարքում կա 290 նորեկ, որոնցից 71-ը Չինաստանից են։ Աճում է նաև երիտասարդ միլիարդատարերերի թիվը։ Նրանցից 46-ը 40 տարեկանից փոքր են, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։

Միլիարդատերերի անկում ընդգրկվածների միջին կարողությունը 3.86 միլիարդ դոլար է՝ 60 միլիոնով ավելի պակաս, քան 2014-ին։

Աշխարհի ամենահարուստ մարդը կրկին Բիլ Գեյթսն է։ Նա այս կոչումը պահել է վերջին 21 տարիներից 16-ի ընթացքում։ Գեյթսի կարողությունը 2014-ի համեմատ աճել է 3.2 միլիարդով՝ հասնելով 79.2 միլիարդ դոլարի։

Մեքսիկացի Կառլոս Սլիմ Հելուն ցանկում երկրորդն է՝ 77.1 միլիարդ դոլարով։

Ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆֆեթը նահանջել է 3 հորիզոնական՝ 72.7 միլիարդ դոլարով։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը առաջադիմել է 5 հորիզոնականով և այժմ 16-րդն է՝ 33.4 միլիարդ կարողությամբ։ Ցուկերբերգն առաջին անգամ է հայտնվում միլիարդատերերի առաջին քսանյակում։

Ամենաերիտասարդ միլիարդատերը 24-ամյա Էվան Շպիգելն է՝ Snapchat հավելվածը ստեղծողը:

Նշենք նաև, որ Forbes-ի միլիարդատերերի ցանկում նաև հայեր կան։ Ամենահարուստը Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան), ում կարողությունը Forbes-ը գնահատել է 9.4 միլիարդ դոլար (162-րդ հորիզոնական)։

Քըրք Քըրքորյանը 4.2 միլիարդ դոլարով զբաղեցնում է 393-րդ հորիզոնականը:

Ռուսաստաբնակ գործարար Սամվել Կարապետյանը 418-րդն է (4 միլիարդ դոլար), արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը՝ 1006-րդը (1.9 միլիարդ դոլար), Դանիլ Խաչատուրովը՝ 1190-րդը (1.6 միլիարդ դոլար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս