Բաժիններ՝

Բորիս Նեմցովի՝ 1 տարի առաջ տված հարցազրույցը քաղաքականության, ընտանիքի և դստեր՝ Դինայի մասին

Հմայիչ, կենսասեր ու կենսուրախ, խարիզմատիկ, համարձակ, ծնկի չիջնող մարտիկ. այսպես են բնութագրում ընկերները ս/թ փետրվարի 27- ի գիշերը սպանված Բորիս Նեմցովին՝ դժվարությամբ նրա մասին խոսելով անցյալ ժամանակով։

Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա կատարվածի հիմնական վարկածը քաղաքական շարժառիթն է։  Եվ Նեմցովին էլ շատերը կհիշեն առաջին հերթին՝ որպես քաղաքական գործչի։ Սակայն մեզ հաջողվեց մի փոքր ավելին իմանալ նրա մասին՝ որպես մարդու, կանանց սիրելիի և հոր։ Նեմցովը 4 երեխա ունի՝ արդեն հասուն Ժաննան առաջին կնոջից՝ Ռաիսայից, 2004թ. իր քարտուղարուհի Իրինա Կորոլյովայից ծնված Սոֆյան, ինչպես նաև Եկատերինա Օդինցովայի հետ քաղաքացիական ամուսնությունից ծնված որդին՝ Անտոնը, և դուստրը՝ Դինան։

Մեր խմբագրության (tatler.ru) կազմակերպած ֆոտոսեթում Բորիս Նեմցովն ու Դինան միասին էին, և հենց առաջին կադրից նկարահանման հրապարակում բոլորի համար պարզ դարձավ, որ հայրն ու դուստրը կես բառից հասկանում են միմյանց։

– Ես ենթադրում եմ և մեծ հույս ունեմ, որ Դինան երբեք քաղաքականությամբ չի զբաղվի։ Նախ՝ դա շատ ռիսկային քայլ է, և Դինան 100 անգամ կմտածի մինչև քայլ անելը։ Ես առանց ռիսկի դիմելու չեմ կարող ապրել, իսկ նա կարող է, և դա լավ է։

Կարդացեք նաև

Եվ 2-րդ՝ նա շատ հեռու է քաղաքականությունից։ Կարելի է ասել՝ միայն մի անգամ է ինձ քաղաքական հարց տվել. «Իսկ ինչո՞ւ Պուտինը քեզ նստացրեց»։

Դա այն բանից հետո էր, երբ 2010թ. դեկտեմբերի 31-ին՝ միտինգից հետո, դատարանը որոշեց ձերբակալել ինձ 15 օրով։ Ես Դինային ինչ-որ բան բացատրեցի ընդդիմության, մարդու իրավունքների մասին և այն մասին, որ ինձ ապօրինաբար են ձերբակալել, բայց վստահ չեմ, որ նա ամեն ինչ հասկացավ։ Ոչինչ, սարսափելի բան չկա։ Ավելի լավ։ Նա թող նկարչությամբ զբաղվի, բանաստեղծություններ գրի և գեղեցիկ, երջանիկ աղջիկ լինի։

– Ես համարում եմ, որ Դինան ժառանգել է մոր լավագույն գծերը, դե, իսկ ես նրան շատ չեմ փչացրել։ Չնայած Կատյան ասում է, որ Դինան ինձնից ժառանգել է իմ երկար ոտքերը։ Իսկ դա քիչ բան չէ։

– Եթե անկեղծ լինենք, ես այդքան էլ լավ չեմ հասկանում՝ ինչ անել երեխաների հետ, քանի դեռ նրանք չեն սկսում խոսել։ Այո, իհարկե, ես կսմթում էի Դինային, նրան «խոզուկ», իսկ ինձ՝ «չար գայլ» անվանում, չնայած 2 մականուններն էլ մեզ բոլորովին չէին սազում։ Սրանք պարզապես հայրական կատակներ էին։ Բայց ինձ համար կարևորը երեխայի հետ շփումն է։  Չնայած ես «կիրակնօրյա» հայրիկ եմ, բայց երեխաներիս երես չեմ տալիս և նրանց գլխին քարոզ չեմ կարդում։

Ես նրանց չեմ դաստիարակում, այլ ընկերություն եմ անում իմ երեխաների հետ։

Չեմ հասկանում՝ ինչ է դաստիարակությունը։ Ծնողները պետք է ինչ-որ գործեր անեն, իսկ երեխաները պետք է դրանք տեսնեն։ Դա իմ մանկավարժական տեսությունն է;

Ելնելով այն բանից, որ իմ երեխաները հիանալի մարդիկ են, այս տեսությունը լավ էլ աշխատում է։

– Դստերս անունը նրա մայրն է ընտրել, Եկատերինա Օդինցովան։

Դինա մորս անունն է, ով արդեն 86 տարեկան է։  Բայց անվան ընտրության հետ մի քիչ բարդ պատմություն է կապված։ Ծննդաբերությունից 2 շաբաթ առաջ Կատյային է զանգում մայրս և ասում, որ երազում իր հորն է տեսել, այսինքն՝ պապիս, և նա ասել է, որ ապագա դուստրս իրենց տոհմի շարունակողն է։ Եվ մայրս խնդրել է Կատյային, որ դստերս իր հոր պատվին Յակով անվանենք։ Տանը պապիս Յան էին ասում, և մենք սկսեցինք այդ անվանը համահունչ անուններ փնտրել՝ Յանա, Ուլյանա։

nemcov-family (1)

Դինան ծնվեց ապրիլի 1-ին, հենց Յակով պապիս ծննդյան օրը։ Բայց հենց Կատյան տեսավ նրան, հասկացավ, որ մեր դստեր աչքերը շատ նման են մորս՝ Դինա Յակովլևնայի աչքերին, ու առանց տատանվելու՝ դստերս անվանեց մորս անունով։ Ես, իհարկե, չառարկեցի։ Դինան, իրոք, նման է տատիկին պատանեկության հասակում, բայց միայն արտաքինով։  Մայրս միշտ էլ խիստ էր, բայց ոչ նեղացկոտ, իսկ Դինան, ընդհակառակը, շատ մեղմ է, բայց և շատ խոցելի։

Կարող է ամբողջ օրը փակվել սենյակում և չնչին բանի համար ողջ օրը չխոսել ոչ ոքի հետ։ Իսկական աղջիկ է։

– Ես 3 աղջիկ և 1 տղա ունեմ և երբեք առանձնապես չեմ մտածել՝ տղա՞ եմ ուզում, թե՞ աղջիկ։ Չէ՞ որ երեխան Աստծո պարգևն է, և նրա ծնունդով պարզապես պետք է ուրախանալ և վերջ։

– Ես շատ եմ շփվում որդուս՝ Անտոնի հետ, և նա էլ ինձ նման ֆիզիկան է ընտրել։ Ուսանող է։ Հավանաբար Դինան մի քիչ նեղվում է, երբ ես ու տղաս խոսում ենք ինչ-որ քվանտների մասին, իսկ ինքը դրանցից ոչինչ չի հասկանում։

nemcov-family (2)

Նա մաքուր հումանիտարնիկ է. լավ նկարում և պարում է, բայց թարսի պես՝ ես էլ այդ ոլորտներում եմ բոբիկ, և ինձ համար դժվար է նրա հետ զրուցել իմպրեսիոնիստների կամ Փինա Բաուշի բալետի մասին։ Ես այն աննորմալ հայրերից չեմ, որոնց թվում է, թե իրենց երեխաները մեծագույն երաժիշտներ կամ նկարիչներ են։ Ես կարողանում եմ օբյեկտիվ լինել և տեսնում եմ, որ նրա կատարմամբ իմ դիմանկարը բավականին լավ է ստացվել։

– Նա նաև բանաստեղծություններ է գրում։ Վատը չեն։ Փոքր ժամանակ ես էլ եմ գրել, բայց հիմա դրանցից ոչինչ չեմ հիշում։ Դինան իր այդ զբաղմունքին լրջորեն է վերաբերվում։ Իմ անցած ծննդյան տարեդարձին նա այնպիսի հուզիչ բանաստեղծություն էր գրել, որ աչքերս թրջվեցին։

– Դինան շատ ինքնուրույն երեխա է։ Օրինակ՝ մեր երաժշտական ճաշակները չեն համընկնում բավականին կանխատեսելի պատճառներով։ Ես նրան ասում եմ՝ ահա Queen-ը, ահա The Rolling Stones-ը։ Նա, իհարկե, գիտի այդ խմբերին, բայց լսում է այն, ինչ իրեն է հոգեհարազատ՝ ինչ-որ Linkin Park և Green day: Փառք Աստծո, տանել չի կարողանում փոփ երաժշտություն։

– Ինձ այնքան էլ դուր չի գալիս, երբ Դինան հայտնվում է զանազան ամսագրերի էջերին։ Նախկինում այդ պատճառով ես նույնիսկ վիճում էի Կատյայի հետ, ով աշխատանքի բերումով հաճախ է մասնակցում զանազան հավաքույթների և երբեմն երեխաներին հետն է տանում։ Սակայն, բարեբախտաբար, դրանք իմ աղջկան շուտ ձանձրացրին։ Ես շատ եմ տեսել մեծ մարդկանց, որոնք, 1-2 անգամ հեռուստաէկրաններին երևալով՝ իրենց աստղեր են երևակայում ու դառնում ոչ ադեկվատ, ուր մնաց՝ երեխաները դիմանան։ Բայց լավ է, Դինան հաճախակի հրաժարվում է ֆոտոսեթերից և բարձրաշխարհիկ հավաքույթներից, քանի որ հասկացել է, որ, եթե դա աշխատանք է, ուրեմն կամ պետք է դրանով արհեստավարժորեն զբաղվես, կամ ոչ մի կերպ։

nemcov-family (3)

– Ես բավականին ճանաչված մարդ եմ, բայց մետրոյով եմ երթևեկում։ Եվ Դինայի ծնողական ժողովներին եմ գնում, նույնիսկ՝ Կատյայից հաճախ։

Չէ՞ որ նա երեկոյան աշխատանքի է։ Դինան շատ հայտնի պետական դպրոցում է սովորում։ Այնտեղ է սովորել նաև Անտոնը և, իմիջիայլոց, ավարտել ոսկե մեդալով իր ուժերով, որովհետև ես երբեք որդուս ոսկե մեդալի համար չէի միջնորդի։

– Դինան ուզում է դերասանուհի դառնալ։ Նա Անտոնի և Կատյայի հետ 3 տարի խոհարարական հաղորդում է վարել հեռուստատեսությունում։

Չգիտեմ՝ լավ պատրաստել սովորե՞լ է, թե՞ ոչ, բայց տեսախցիկի առջև իրեն բավականին լավ է պահում։ Եթե նա որոշի թատերական ինստիտուտ ընդունվել, ես կրկին ոչինչ չեմ ձեռնարկի նրան օգնելու համար։ Չնայած նրա մտադրությունները դեռ կարող են փոխվել։ Բոլորովին վերջերս նա պատրաստվում էր երգչուհի դառնալ և նույնիսկ մի անգամ բարձր ջերմությամբ մինչև վերջ իր խմբի հետ միասին երգեց համերգին։ Ու եթե մի 2 տարուց հետո նա, ասենք, ուզի անասնաբույժ դառնալ՝ ոչ մի խնդիր։ Ես երբեք ոչինչ չեմ թելադրում իմ երեխաներին։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս