Տիգրան Ուրիխանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

Մարտի 1-ին Ազատության հրապարկում կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսն ընդդիմության դաշտում կրկին միայնակ է մնացել և ժամանակ է պետք հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։

168.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր, դեռևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց մեկնաբանել Լ. Տեր-Պետրոսյանի այս դիտարկումը: «Անկեղծ ասած՝ ինձ չի հետաքրքրում՝ ՀԱԿ-ն ինչ է որոշել: Ես չեմ մեկնաբանել, չեմ մեկնաբանում և չեմ պատրաստվում մեկնաբանել այլ քաղաքական գործիչների գործողություններ կամ առավել ևս արտահայտություններ: Դիմեք Տեր-Պետրոսյանի լիազորված անձանց»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն դեռ կլինի՞, Տ.Ուրիխանյանը պատասխանեց, որ չգիտի՝ կլինի, թե չի լինի. «Դա միանձնյա որոշելու հարց չի: Եթե կլինի՝ կլինի, եթե չի լինի՝ ուրեմն չի լինի»: Նա նաև խուսափեց պատասխանել, թե արդյոք վերջին շրջանում, մասնավորապես փետրվարի 20-ից հետո, եռյակի լիդերների կամ ՀԱԿ և ԲՀԿ լիդերների հանդիպում եղել է, թե ոչ՝ պատճառաբանելով, թե դա իր կոմպետենտության հարց չէ:

Ի դեպ, երբ փորձեցինք ճշտել, թե ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է ռեժիմի դեմ պայքարը, Տ.Ուրիխանյանը հակադարձեց՝ «Ռեժիմ եզրույթն իմը չէ և իմ ոճաբանությունը չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս