ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին կոչ է անում խուսափել միջազգային անծանոթ համարներից ստացվող զանգերին հետ զանգահարելուց

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է «370» միջազգային տարածքային կոդով, տարբեր հեռախոսահամարներից ստացվող անցանկալի զանգերի մասին և իր բաժանորդներին հորդորում է հետ չզանգահարել վերը նշված տարածքային կոդը պարունակող անծանոթ հեռախոսահամարներին:

«370» տարածքային կոդով ստացված զանգերի մեծ մասը կատարվել է գիշերային ժամերին՝ ավտոմատ կարգով բջջային համարներ հավաքող սարքավորումների միջոցով: Այնուհետև զանգը կասեցվել է՝ առաջացնելով զանգ ստացող բաժանորդի հետաքրքրությունը և նրան դրդելով հետադարձ զանգ կատարել: Տարածքային կոդի կիրառմամբ, «զանգ և կասեցում» սկզբունքով հեռախոսազանգերը կատարվել են 10 տարբեր հեռախոսահամարից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հորդորում է զերծ մնալ միջազգային անծանոթ հեռախոսահամարներից ստացվող զանգերին հետադարձ արձագանքելուց` անցանկալի զանգերից պաշտպանված լինելու և անցանկալի իրավիճակում չհայտնվելու համար: Միջագային տարածքային կոդով հեռախոսահամարներին ուղղված զանգերը հաշվարկվում են ըստ սահմանված միջազգային սակագների: Առհասարակ, անկախ հեռախոսահամարին նախորդող տարածքային կոդից` պետք է զերծ մնալ անծանոթ հեռախոսահամարից ստացված զանգին հետադարձ արձագանքելուց:

Հարցումներ ստանալով իր բաժանորդներից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացահայտել է զանգեր կատարող հեռախոսահամարները և արգելափակել է իր բաժանորդների կողմից տվյալ միջազգային կոդով համարների ուղղությամբ կատարվող ելքային զանգերը: Ի տարբերություն հեռախոսային խաբեության մյուս ձևերի, միջազգային տարածքային կոդով հեռախոսահամարից կատարվող զանգերի աղբյուրների վերահսկումն ու բացահայտումը բավականին բարդ է, ինչպես նաև՝ ժամանակատար: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը այսօրինակ գործընթացներ կազմակերպողներին հնարավորություն է ընձեռում զանգեր կատարել միջազգային տարածքային կոդով սկսվող տարբեր հեռախոսահամարներից, ինչը բարդացնում է անցանկալի զանգ կատարող հեռախոսահամարի արագ հայտնաբերումն ու համապատասխան վիճակագրական վերլուծության իրականացումը՝ այդ զանգի իրական նպատակը պարզելու համար: Իսկ հայտնաբերվելու և կասեցնելու դեպքում, անցանկալի զանգեր իրականացնողները, սովորաբար, սկսում են զանգեր կատարել հեռախոսահամարների մեկ այլ շարքից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

 

Տեսանյութեր

Լրահոս