Ծնունդդ շնորհավոր, Սամվել ջան…
Երեկ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տարեդարձ էր նշվում: Տխուր տարեդարձ էր: Անվանակոչիկը ներկա չէր: Ընկերները, ծնողները, որդին` բոլորը կային: Տորթ կար: Բայց չկար հանդիսության «մեղավորը»…
Հնչեցին Էդգար Պոյի բանաստեղծությունները` նրա հայերեն թարգմանությամբ, մասնակիցները ջանում էին ուրախանալ, բայց, կարծես, չէր ստացվում:
Սամվել Մկրտչյանը մեզ հետ չէր: Նա հեռացավ մի ձմեռային սառնաշունչ օր` անցած տարվա դեկտեմբերի 7-ին, երբ Հայաստանը նշում էր Երկրաշարժի տարելիցը: Նա գնաց` այդպես էլ չտեսնելով իր հարազատ Գյումրիի վերածնունդը: Գյումրիի, որը նրա համար բաց վերք էր: Շատ տարիներ առաջ նա արժանացավ Երեւանի մամուլի ակումբի լավագույն հրապարակախոսության ամենամյա մրցանակին` իր «Գյումրի. 12-ամյա հոգեվարք» հոդվածի համար:
Նրա ընկերները, գրողները հազար անգամ ավելի լավ կգրեն Սամվելի մասին: Նրա թարգմանությունների՛ մասին, այն մասին, թե ինչպես հարստացրեց հայոց լեզուն իր երկարամյա աշխատանքով: Ես ախր ընդամենը լուսանկարիչ եմ: Իմ բախտը պարզապես բերել է` ճանաչում էի նրան, ընկերներ էինք: Եվ հպարտ եմ դրա համար:
Ծնունդդ շնորհավոր, Սամվել:
R.I.P., Սամվել ջան…
Գերման Ավագյան
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի