Նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը որպես հակաժողովրդավարության դեպք մատնանշեց նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մրցույթին մասնակցող Արմեն Հարությունյանին խնդրեց ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 24 տարիների ընթացքում գրանցված խտրականության, անարադարության և հակաժողովրդավարության դեպքեր:
Որպես անարդարության դեպք Արմեն Հարությունյանը nշեց Հյուսիսային պողոտայի դեպքերը, երբ մարդկանց հեռացրել են իրենց բնակարաններից և որպես հակաժողովրդավարության դեպք՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները: «Գիտեք լուծումը միայն այն չէ, որ օրենք ընդունվեց կամ ինչ-որ բան: Լուծումը մարդկային հարաբերություններն են և մարդկային մտածելակերպը: Մենք պետք է դա հասկանանք:
Եվ եթե մարդիկ իրենց մտածողության մեջ չեն հարմարվել դրա հետ, բայց պարզապես չեն արտահայտվում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ամենավտանգավոր բանն այն չէ, որ մարդիկ ընդդիմանում են, այլ այն է, որ մարդիկ անտարբերանում են: Եվ սրանից պետք է խուսափել»:
Լրագրողների հարցին՝ արդյոք 2008թ. մարտի 1-ից իրավապահների կողմից կատարված աշխատանքը ամբողջական գնահատական տվե՞ց այդ իրադարձություններին, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Եթե տված լիներ, ես այսօր դրա մասին չէի խոսի»:
Հարցին, թե ինչպես է գնահատում մարդու իրավունքների վիճակը, Արմեն Հարությունյանը «Ես 5 տարի է՝ պրոֆեսիոնալ չեմ զբաղվում Հայաստանում, անկեղծ ասած»: