Հայկական պանրի ռուսական հեռանկարը
2014թ. Հայաստանից արտահանվել է 1542.4 տոննա պանիր և կաթնաշոռ: 2013թ. համեմատ ցուցանիշը առանձնապես փոփոխության չի ենթարկվել, ընդամենը 1 տոննայով է ավելացել արտահանումը:
Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փոփոխություն ակնկալվում էր հիմնականում տարվա երկրորդ կեսի վերջում, սակայն ռուբլու փոխարժեքի ճգնաժամի հետևանքով ծրագրերը խափանվեցին. «Եթե ռուբլու փոխարժեքի նման դինամիկա չնկատվեր, այդ թիվը կարող էր անգամ եռապատկվել: ՌԴ-ում արդեն որոշակի գնաճ է տեղի ունեցել, և ժամանակ է հարկավոր, որպեսզի բնակչությունը գների հանդեպ ադապտացվի: Դա է հարցը, թե ինչ ժամանակում կհարմարվեն նոր գներին: Երբ այդ փոփոխությունը լինի, արտահանման հետ կապված հետաքրքիր տվյալներ կլինեն: Դա էլ կախված է քաղաքական դրությունից»:
Ա.Գիգոյանը նշեց, որ անցած տարվա հոկտեմբերից մինչև հիմա շատ մեծ հետաքրքրություն կա, նույնիսկ այնպիսի միտում կա, որ բացի պանրի մեր դասական տեսականուց, պատվիրատուն ուզում է ռուսական պանրի տեսականու պատվեր իջեցնել. «Բանակցություններ են գնում տեխնոլոգիաների և այլնի շուրջ, բայց ամեն ինչ խոսակցական մակարդակի վրա է, իսկ երբ հարցը հասնում է պրակտիկային՝ քանակին և գնին, խոչընդոտներ են առաջանում: Փետրվարի սկզբից գները սկսեցին առողջանալ, զսպանակը թուլացավ և կաթնամթերքի մոտ 60-70% գնաճ է եղել: Վերջնական պետք է 100% աճ լինի, որ նախկին արժեքին հասնի: 180 ռուբլի արժեք ունեցող ապրանքներն արդեն ընդունվում են 320 ռուբլով: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կկարգավորվի: Այստեղ խնդիրը սպառողների ադապտացումն է գներին»:
Ա.Գիգոյանը նշեց, որ այս տարվա սկզբից արտահանվել է 2 մեքենա պանիր՝ մոտ 40 տոննա, սպասվում է, որ մարտի երկրորդ կեսից քանակը կշատանա, եթե իհարկե ռուբլին չարժեզրկվի: