Բաժիններ՝

Աճպարարություն թիվ X. Հիպոթեքի «մեդալի» մյուս կողմը

ՀՀ Ազգային ժողովն անցած տարեվերջին փոփոխություններ էր կատարել «Եկամտահարկի մասին» օրենքում, որով հիպոթեքային վարկի գումարը փոխհատուցվում է աշխատավարձից վճարված եկամտային հարկից: Իսկ անցած հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը նիստում սահմանեց հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների կարգը:

Ըստ որոշման՝ կարգը տարածվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում՝ անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետական բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում՝ պետությունից կամ համայնքից 2014 թ. նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս որոշումը կառավարության կողմից «շատ լուրջ քայլ» է բնորոշել: «Կառավարությունը բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որ մեր քաղաքացիները կարողանան առանց տոկոսի հիպոթեքից օգտվել և ունենան բնակարաններ: Փաստորեն, այդ հիպոթեքի տոկոսադրույքը պետական բյուջեն վերցնում է իր վրա»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Առաջին հայացքից՝ կառավարության նպատակը, կարծես,  շատ լավն է ու ողջունելի՝ հիպոթեքային վարկերը հասանելի դարձնել քաղաքացիների համար: Սակայն, հիշելով անցյալի դառը փորձը, թե կառավարության մի շարք նախաձեռնություններ ինչպիսի բողոքի ալիք են բարձրացրել հետագայում, օրինակ՝ նոր ՀԴՄ-ները, շրջանառության հարկը և այլն, լավատեսությունը տեղիք է տալիս կասկածներին: Իրականում ի՞նչ է ենթադրում այս որոշումը, և ո՞ւմ շահն է այն պաշտպանում:

Կատարենք մի պարզ հաշվարկ: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձն այս տարվա հունվարին կազմել է 173 հազար 121 դրամ, ընդ որում՝ պետական հատվածում՝ 159 հազար 328 դրամ, իսկ ոչ պետականում՝ 192 հազար 521 դրամ: Հիպոթեքային վարկի տոկոսադրույքը սկսվում է 10-12%-ից:

Նորակառույց շենքում երկսենյականոց բնակարանի գները Նոր Նորքում սկսվում են 37 հազար դոլարից, Աջափնյակում և Դավիթաշենում՝ 45 հազար, Ավանում՝ 53 հազար, Էրեբունիում՝ 50 հազար, դե, իսկ Փոքր Կենտրոնում՝ 100 հազար դոլարից ավելի: Ենթադրենք՝ պայմանական 50 հազար դոլար արժողությամբ բնակարան ենք գնելու: Վարկը մարելու ենք 20 տարում: Հիմնական գումարի ամսական մարումը կկազմի մոտ 208 դոլար, դրան էլ գումարենք ամսական 1% սպասարկումը՝ 500 դոլար: Այսինքն՝ որպես հիպոթեքի սպասարկում ու մարում՝ ամսական մեզնից կպահանջվի 340 հազար դրամ (դոլարի փոխարժեքի 480 դրամ պայմաններում): Իհարկե, հետզհետե գումարը նվազման է գնում, սակայն սկզբնական շրջանում պահանջվելու է վճարել այս չափը: Այսինքն՝ աշխատողի աշխատավարձի միայն եկամտային հարկը պետք է կազմի ամսական 340 հազար դրամ, որպեսզի կառավարության նախաձեռնությունն իրեն ամբողջովին արդարացնի: Իսկ 340 հազար դրամ եկամտային հարկ կգոյանա 1.3 մլն դրամ աշխատավարձի դեպքում:

Հիմա հարց՝ Հայաստանում շա՞տ վարձու աշխատող կա, որ այսչափ աշխատավարձ է ստանում:

Իհարկե, ավելի ցածր եկամուտ ունեցողները նույնպես կկարողանան օգտվել կառավարության այս աջակցությունից, սակայն՝ ոչ ամբողջ չափով, և վարկի մի մասը մարելու համար այլ աղբյուր պետք է գտնեն: Դեռ չենք խոսում այն մասին, որ Հայաստանում վարձու աշխատողները հիմնականում ստանում են պաշտոնական միջինից շատ ավելի ցածր աշխատավարձ և շատ հաճախ, եթե մնան միայն աշխատավարձի հույսին, պարզապես վարկունակ էլ չեն:

Ստացվում է, որ կառավարության այս աջակցությունը միջինից զգալիորեն բարձր եկամուտ ունեցողների համար է: Ժողովրդի լեզվով ասած՝ հարուստների: Իսկ մի՞թե մեր երկրի հարուստները սպասում էին նման բարեհաճության կառավարության կողմից: Իհարկե՝ ոչ: Նրանք իրենց բնակարանային խնդիրներն առանց այդ էլ ի վիճակի են լուծել:

Ընդ որում, մեր տեղեկություններով, օրենքի փոփոխությունների ժամանակ առաջարկ է եղել, որ նորամուծությունը տարածվի ամուսինների կամ համատեղությամբ ապրողների վրա, բայց պաշտոնյաները չեն համաձայնել՝ անտեսելով, որ այսպիսով խտրական մոտեցում են ցուցաբերում:

Միաժամանակ, կառավարությունը ներկայացնում է, թե սոցիալական խնդիր է լուծում, հոգում է մեր քաղաքացիների բնակարանային ապահովության մասին: Սակայն, կարգը հստակ սահմանում է, որ բնակարանը պետք է ձեռք բերվի նոր կառուցված կամ կառուցվող շենքերում: Բնակարանի պահանջ ունեցող սոցիալական ոչ ապահովված խավը չի կարող իր պահանջներին համապատասխան՝ ընտրություն կատարել անշարժ գույքի երկրորդային շուկայից: Այսինքն, պաշտոնյաների ջանքերն ուղղված են անշարժ գույքի առաջնային շուկայի ակտիվացմանը, երկրորդային շուկան չի շահում ոչինչ: Իսկ ո՞վ է այսօր զբաղվում շինարարությամբ: Օլիգարխներն ու իշխանությանը մերձ անձինք, որոնց կառուցած շենքերի չվաճառված բնակարանների վաճառքին էլ իրականում միտված է այս «աջակցությունը»:

Ստացվում է, որ կառավարությունը մի կրակոցով մի քանի հարց է փորձում լուծել՝ շինարարության աշխուժացում, հիպոթեքային վարկային շուկայի ակտիվացում, որոնց արդյունքում էլ կավելանան բյուջեի մուտքերը: Այսինքն՝ պնդումը, թե պետությունն իր վրա լրացուցիչ բեռ է ստանձնում, հարաբերական է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս