Դուգլաս Թոբլեր. «Ամուլսարի ծրագիրն իր հետ կբերի նոր տեխնոլոգիաներ և համաշխարհային կարգի ժամանակակից հանքավայրի շահագործման փորձ»
Scotia Capital Inc.-ը Կանադայում տեղակայված ճանաչված ֆինանսական հաստատություն է, որի գլխավորությամբ վերջերս «Լիդիան Ինթերնեյշնլի» ծրագրում 16,5 միլիոն կանադական դոլար ներդրվեց բանկերի խմբի կողմից: Մասնակից կանադական բանկերի շարքում են նաև GMP Securities L.P., BMO Nesbitt Burns Inc. և National Bank Financial Inc.-ը: Այս բանկերը հանքարդյունաբերության ֆինանսավորման ոլորտի առաջատար բանկերից են: Այս բանկերի և ներդրողների կողմից «Լիդիանի» բաժնետոմսերի հանդեպ հետաքրքրությունը կարող է դիտվել` որպես նրանց կողմից հետաքրքրություն Հայաստանի հանդեպ: «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր ֆինանսական տնօրեն Դուգլաս Թոբլերը պատասխանել է ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ մի քանի հարցի:
– Ի՞նչ է պահանջվում Հայաստանում Ամուլսարի նման ծրագրի հանդեպ միջազգային բանկերի և ներդրողների ուշադրությունը գրավելու համար:
– Միջազգային բանկերը և ներդրողները հետաքրքրված են գրավիչ հանքավայրերով, և Ամուլսարի ծրագիրը, անկասկած, սպասվելիք լավագույն ծրագրերից մեկն է: Այդուհանդերձ, միայն գրավիչ ռեսուրսների առկայությունը բավարար չէ ներդրումներ ներգրավելու համար: Ներդրողները մեծապես կարևորում են, թե որ երկրում է գտնվում հանքավայրը: Կարևոր նշանակություն ունի տրամաբանական հարկային ռեժիմը, կայուն իրավական համակարգը և միջազգային օրենքի ճանաչումը: Վերը նշված բանկերի խմբի բոլոր անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Ամուլսար, շատերը մի քանի անգամ են եղել Հայաստանում: Ժամանակի ընթացքում մենք ցուցադրել ենք Ամուլսարի ծրագրի տեխնիկական առավելությունները, նաև որպես ներդրումային ուղղություն՝ Հայաստանի մասին համապարփակ տեղեկատվություն ենք տրամադրել: Անցյալ աշնանը մենք ստացանք հանքարդյունահանման իրավունք, որը ներդրողների համար լավ ազդանշան է և ծրագրի հանդեպ նոր հետաքրքրություն կառաջացնի:
– Հայաստանում տարածված պատկերացում կա, որ բազմաթիվ ընկերություններ և մարդիկ հետաքրքրված են և ցանկություն ունեն ներդրումներ կատարելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Այլ կերպ ասած, Հայաստանը գրավիչ և նպաստավոր երկիր է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների համար: Արդյո՞ք դա այդպես է:
– Նման հանքավայր կառուցելու համար միջոցներ ներգրավելն իրականում բավական բարդ է: Նախ՝ հանքարդյունաբերության ոլորտ ներդրումներ ներգրավելու համար մրցակցություն կա այլ, օրինակ՝ նավթային, գազային, տեխնոլոգիական և այլ ոլորտների հետ: Իսկ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների համար խիստ մրցակցություն կա տարբեր երկրների և տարբեր ծրագրերի միջև: Առաջինը ֆինանսավորում են ստանում առաջատար հանքարդյունաբերական երկրներում գրավիչ հանքային ծրագրերը:
Խոսքը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների մասին է, ինչպես օրինակ՝ Կանադան, Ավստրալիան, Չիլին, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը և այլն: Այնուհետ միայն ֆինանսավորվում են ներդրումների տեսանկյունից պակաս գրավիչ տարածաշրջաններում գտնվող լավ ծրագրերը: Ամուլսարը հենց այդպիսի ծրագիր է, քանի որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը փոքր է և միջազգային ներդրումային հանրության համար՝ անհայտ: Չնայած սրան, պետք է ասեմ, որ «Լիդիանը» հաջողությամբ ներգրավել է ավելի քան $70 միլիոնին համարժեք ներդրումներ Ամուլսարում որոնողահետախուզական և այլ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Ունեցել ենք բաժնետերերի աջակցությունը նաև բնապահպանական կառավարման և սոցիալական ծրագրերի իրականացման հարցում:
Այժմ, երբ մենք մոտենում ենք հանքի շինարարության փուլին, անհրաժեշտ կլինի առավել ինտենսիվ ֆինանսավորում: Ամուլսարի նման ծրագիրը ենթադրում է մեծ ներդրումներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ֆինանսավորման առավել լայն աղբյուրներ փնտրել: Յուրաքանչյուր ներդրող ունի իր պահանջները: Այդուհանդերձ, բոլոր ներդրողների համար կարևոր է լինելու և՛ Ամուլսարի մրցունակ տնտեսական շահույթ ապահովելու ունակությունը, և՛ մեր թիմի՝ միջազգային լավագույն չափանիշերով հանք կառուցելու և շահագործելու կարողությունը, ինչպես նաև՝ ծրագրի հաջող իրականացման համար Հայաստանում աջակցության առկայությունը: Ես լավատես եմ և կարծում եմ, որ մենք կարող ենք միավորել այս բոլոր գործոնները:
– Ո՞րն է լինելու Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման ողջ փաթեթի աղբյուրը:
– Ամուլսարի ծրագիրը պահանջում է մեծ ներդրումներ: Շինարարության ծախսերը գնահատվում են մոտ 426 միլիոն դոլար: Կպահանջվեն նաև այլ չնախատեսված ծախսեր, որոնք, հավանաբար, 10-20%-ով կավելացնեն նախատեսված գումարը: Կարծում ենք՝ այս պահին Ամուլսարն ամենամեծ ներդրումային ծրագիրն է Հայաստանում, որը պահանջում է տարբեր աղբյուրներից օտարերկրյա ներդրումներ: Ֆինանսական դաշտն անկայուն է, բայց այսօր արդեն մենք ունենք միջազգային ֆինանսական հաստատությունների և ներդրողների կողմից տարբեր վարկային միջոցների հոսք, ինչպես, օրինակ, վերջերս իրականացրած ֆինանսավորումն էր:
– Կա՞ն արդյոք հաշվարկներ ոչ միայն՝ ներդրումների ծավալի, այլև՝ երկրի և համայնքների վրա ծրագրի պոտենցիալ տնտեսական ազդեցության վերաբերյալ: Հաշվի առնելով Հայաստանում բարդ տնտեսական իրադրությունը, ի՞նչ ազդեցություն կարելի է ակնկալել այս ծրագրից:
– Եթե խոսենք թվերի մասին, ապա շինարարության փուլում ծրագիրը կապահովի մոտ 1,500, և հանքի շահագործման ողջ ընթացքում՝ մոտ 750 հիմնական աշխատատեղեր: Յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղ կառաջացնի լրացուցիչ 3-4 անուղղակի աշխատատեղ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծառայություններն ու գնումները:
Այնպես որ, տարածաշրջանի վրա շոշափելի ազդեցություն կլինի: Մեր հաշվարկով վճարելու ենք տարեկան մոտ 35 միլիոն դոլարի հարկ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում: Համաձայն հաշվարկների՝ հանքի շահագործման ողջ ընթացքում մենք վճարելու ենք մոտ 200 միլիոն դոլարի համարժեք աշխատավարձ: Սակայն, ամենակարևորը թվերը չեն: Կարծում եմ, առանցքային է այն, որ Ամուլսարի ծրագիրն իր հետ կբերի նոր տեխնոլոգիաներ և համաշխարհային կարգի ժամանակակից հանքավայրի շահագործման փորձ: Բազմաթիվ և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներ, օգուտ են քաղել նման ներդրումային ծրագրերից և արդիականացրել իրենց հանքարդյունաբերության ոլորտը: Հայաստանը կարող է լինել այդպիսի երկրներից մեկը: Ես համոզված եմ, որ սա է այն շարժիչ ուժը, որով առաջնորդվում է մեր շատ պրոֆեսիոնալ հայաստանյան անձնակազմը: Հուսով եմ, Ամուլսարի ծրագիրը կարդարացնի այս սպասումները: