Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագծին դեմ է նաև ՀԱ՞Կ-ը
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ փորձում է խորհրդարանի միջոցով հասնել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը:
Երեկ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկում ընթացավ նրա ներկայացրած օրինագծի շուրջ, որը, սակայն, ձայների 5 դեմ, 1 կողմ հարաբերակցությամբ հանձնաժողովի դրական եզրակացությանը չարժանացավ: Նախագծում Սերժ Սարգսյանին մեղսագրվում է 10 հանցանք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8 դրվագ, պաշտոնեական լիազորություններն անցնելու 1 դրվագ և պետական դավաճանության 1 դրվագ: Ն.Փաշինյանը պարզաբանեց, որ վերջինը վերաբերում է Ս. Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանն ու հայ-թուրքական արձանագրություններին, որոնցով Թուրքիային տվել է լծակ՝ այլ երկրներում Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու համար, այսինքն՝ Ցեղասպանությանը տվել է վիճելի կարգավիճակ: Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրվագներից մեկը, ըստ Ն.Փաշինյանի, Մարտի 1-ի փաստահավաք խումբն օրենքով չնախատեսված կարգով լուծարելու` Ս.Սարգսյանի կարգադրությունն է:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ինչո՞ւ հեղինակը նախագծում չի ներառել 2013 թ. ընտրությունների կեղծման, Մադրիդյան սկզբունքների հետ կապված հարցերը, ԵՏՄ-ին անդամակցության որոշումը, որով, ըստ Փոստանջյանի, Ս. Սարգսյանը ՀՀ-ի ինքնիշխանությունը վաճառեց ԵՏՄ-ին, իսկ հիմա էլ վաճառքի է դրված Արցախի Հանրապետությունը. «Ակնհայտ է, որ դա ևս դավաճանություն է: Ինչո՞ւ չեք ներառել այս հարցը»:
Ն.Փաշինյանը պատասխանեց, որ աշխատել են փաստաթղթում ներառել այնպիսիկետեր, որոնք կարող են ապացուցել ցանկացած ատյանում. «Ես կիսում են Ձեր քաղաքական գնահատականները` նախագահական ընտրությունների, ԵՏՄ-ի, Արցախի հետ կապված: Ցանկացած պահի, երբ կձևակերպեք, կարող ենք դրանք ներառել»:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի նշած կետերը պատկան մարմինների՞ց են վերցված, թե՞ պատգամավորի գնահատականներն են. «Օրինակ, նշում եք, որ Թուրքիային օգնություն է ցուցաբերում: ԱԱԾ-ն է տվե՞լ նման տեղեկատվություն»: Ն.Փաշինյանը նկատեց, որ Ս. Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ «չստուգված տեղեկություններ» եզրույթ մտցրեց շրջանառության մեջ, և իրենք էլ ազատ են այն կիրառել:
«Այս նախագիծն իրավական հարթությունում քննարկելը զուրկ է որևէ իրավական հիմնավորումից, և մեր քաղաքական թիմը դեմ է այն շրջանառության մեջ դնելուն»,- հայտարարեց Սահակյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանն էլ շտապեց սպառնալ Քր.օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածով. «Այնպես մի արեք, որ մեր քննիչները դա կիրառեն»:
Ն.Փաշինյանն էլ չվարանեց իր հերթին սպառնալ՝ Քր.օրենսգրքում այլ հոդվածներ էլ կան, օրինակ` վաշխառություն, անձին առևանգելը, ծեծի ենթարկելը, և հայտարարեց, որ առաջիկայում Մկրտչյանը նման մի գործով որպես մեղադրյալ ներգավվելու բավականին մեծ շանսեր ունի:
Կրքերն ավելի թեժացան ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո, ով նախագիծը որակեց` որպես «իրավական անգրագիտություն», որին ինքը չի կարող կողմ քվեարկել: Ի պատասխան` Ն.Փաշինյանը հայտարարեց, որ հասկանում է Գ.Ջհանգիրյանին, ում` գլխավոր դատախազ դառնալու երազանքը փլուզվել է. «Ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու Ձեր երազանքի իրականացումն ընդամենը 1 օր առաջ փլուզվել է, և այդ երազանքն իրականացնելու համար նոր սցենարներ գծելու, նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք և այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ»: Սակայն Գ.Ջհանգիրյանն իր նախկին գաղափարակցին այլևս չհակադարձեց, քանի որ լքել էր դահլիճը:
Մեզ հետ զրույցում` հարցին, թե ո՞ր կետն իրավական առումով չի համապատասխանում, Գ.Ջհանգիրյանը պատասխանեց. «Ոչ մի բան չի համապատասխանում: Բացի 1-2 կետերից, այդ 10 կետերի մեծ մասը լավագույն դեպքում կարող էր վերաբերել, ասենք, այս կամ այն նախարարի՝ էներգետիկայի, բնապահպանության նախարարի հրաժարականին»: Նա հիշեցրեց, որ 2011 թ. նոյեմբերի 25-ի ՀԱԿ-ի հանրահավաքում ներկայացված Ս.Սարգսյանի պաշտոնանկության հիմքերից ոչ մեկը Փաշինյանի նախագծում չկա, թեև հենց նա էր վարում հանրահավաքը:
Սեփական անգործությունը` Ս.Սարգսյանի պաշտոնանկության մասին օրինագիծ մշակելու մասով, Գ.Ջհանգիրյանը պատճառաբանեց նրանով, որ, միևնույն է, հանձնաժողովից այն կողմ օրինագիծը չի անցնելու:
Ն.Փաշինյանը մեզ հետ զրույցում` հարցին, թե ինչո՞ւ Գ.Ջհանգիրյանը պաշտպանեց իշխանական տեսակետը, նշեց, որ այդ հարցը շատ երկար պատասխան ունի և իր ու ՀԱԿ-ի հարաբերությունների տիրույթում է. «Ես իմ բոլոր ելույթների բոլոր կետերը ներառել եմ: Եթե Ջհանգիրյանը դա, կներեք, չի հասկացել, իր խնդիրն է: Եվ եթե վատ նախագիծ է գրվել, Ջհանգիրյանը 2012-ից ԱԺ-ում է, թող գրագետ գրի, բերի: Եվ ես չեմ քննարկի, թե էդ նախագծի մեջ տառասխալներ, իրավական կամ այլ սխալներ լինեն, կստորագրեմ: Իր արած որևէ բան հանձնաժողովից էն կողմ անցե՞լ է, ինչո՞ւ են անում:
Եռյակը բազմաթիվ նախագծեր է դրել շրջանառության մեջ՝ նախապես իմանալով, որ չեն անցնելու, արտահերթ նիստեր են հրավիրել՝ նախապես իմանալով, որ դրանք տեղի չեն ունենալու: Ինչի՞ համար են արել»: