«Ոստիկանները որ մոտեցել են, ոչ մեկ չի իմացել՝ նրա ձեռքին ինչ զենք է». Հայկ Կյուրեղյանի գործով ցուցմունք տվեցին ոստիկանները
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը: Հայկ Կյուրեղյանը չէր մասնակցում այս դատական նիստին ևս, քանի որ ավելի վաղ դատարանի որոշմամբ՝ նա հեռացվել էր դատական նիստերի դահլիճից:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ՝ փաստաբան Անժելա Հոբոսյանը նշանակվել էր Հայկ Կյուրեղյանի պաշտպան, սակայն նա հայտարարեց, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո տեսակցել է Հայկ Կյուրեղյանի հետ, ով գրությամբ դիմել է նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին:
«19.01.2015թ. ինձ հետ տեսակցել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան տիկին Անժելա Հոբոսյանը և հայտնել, որ դատարանի որոշման հիման վրա նշանակվել է իմ շահերի պաշտպան՝ Ձեր նախագահությամբ քննվող գործով: Հայտնում եմ Ձեզ, որ ես հրաժարվում եմ նշանակված պաշտանից և չեմ ցանկանում, որ հանրային պաշտպան Ա. Հոբոսյանն իրականացնի օրենքով իրեն՝ պաշտպանին վերապահված լիազորությունները, չեմ ցանկանում, որ նա իմ նկատմամբ կատարի որևէ գործողություն, գործառույթ, այդ թվում նաև չեմ ցանկանում, որ ծանոթանա քրեական գործի նյութերին, միջնորդություններ, առարկություններ, բացարկ հայտարարի, որևէ անձի դատական նիստում հարց ուղղի, ճառ ասի, բողոք ներկայացնի իմ վերաբերյալ»,- ամբաստանյալի դիմումը դատարանում հրապարակեց փաստաբան Անժելա Հոբոսյանը՝ ավելացնելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը պաշտպանի կարգավիճակ է ձեռք բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ՝ նրա պաշտպանությունը ստանձնելու պահից: «Ես ներկայացրի որոշում, որով նշանակվել եմ, և ներկայացրի դիմում Հայկ Կյուրեղյանից, որ չի ցանկանում պաշտպան ունենալ: Ու քանի որ օրենքը հստակ չի կարգավորում այդ հարցը, ես չեմ կարող ինձ համարել որպես ներգրավված պաշտպան այս գործով և դատական նիստում կմասնակցեմ որպես առանց ձայնի իրավունքի դատավարության մասնակից»:
Նա դատարանում հայտարարեց նաև, որ 2014թ. դեկտեմբերի 17-ին դատարանը Հայկ Կյուրեղյանին դատական նիստերի դահլիճից հեռացրել է 10 ժամով, նրա խոսքով՝ Հայկ Կյուրեղյանը պարտադիր պետք է ներկա լիներ և այսօրվա, և նախորդ՝ 2015թ. հունվարի 14-ին կայացած դատական նիստի ընթացքում. «Քանի որ ներկա՝ 18.02.2015թ. դատական նիստին Հայկ Կյուրեղյանը բացակայում է, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ ենթակետի համաձայն՝ խախտվել է ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանի՝ առաջին ատյանի դատարանի դատական նիստին մասնակցելու իրավունքը: Գտնում եմ, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց Հայկ Կյուրեղյանի ներկայության և մասնակցության»:
Դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը. նա մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատամաբ բռնություն գործադրելու մեջ: Անժելա Հոբոսյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո ամբաստանյալը պետք է կարծիք հայտնի՝ արդյոք նա ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:
«Այս պահից անգամ նրա այդ իրավունքը խախտվեց»,- ասաց փաստաբանը, որին, սակայն, հակադարձեց դատավորը՝ նշելով, որ նրա իրավունքները բացատրվել են 3 դատական նիստերի ընթացքում: Բացի այդ՝ փաստաբանն ասաց, որ եթե ամբաստանյալն արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդություն ունի, ապա զրկվում է նաև այդ իրավունքից:
Այսօր դատարանում հարցաքննվեցին գործով տուժողները: Տուժող, ոստիկանության աշխատակից Արմինե Գրիգորյանն ասաց, որ դեպքի օրը ծառայություն են իրականացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացի հատվածում՝ դարպասների առջևի հատվածում:
Նրա խոսքով՝ դրսում ամբոխ էր հավաքվել, իսկ դատարանում անցկացվում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: «Այդ ընթացքում մի երիտասարդ, բարձրանալով սպիտակ գույնի մեքենայի վրա, սկսեց գոռգռալ, ասել՝ իմ ձեռքին ռումբ կա, պայթեցնելու եմ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ երբ փորձել են մոտենալ այդ երիտասարդին ու զգուշացնել նրան՝ կարգի հրավիրել իրեն, իջեցնել մեքենայի վրայից, նա հանել է ատրճանակը և սկսել է կրակել իրեն մոտեցող ոստիկանների ուղղությամբ:
Հետո, ըստ տուժողի, գումարտակի մյուս ծառայողներն այդ երիտասարդին իջեցրել են մեքենայի վրայից, ձերբակալել և տեղափոխել Ոստիկանության բաժին: Նրա խոսքով՝ իրեն 3 փամփուշտ է դիպել, 1-ը՝ ձեռքին, 2-ը՝ ոտքին: Նա նշեց, որ բուժօգնություն ստացել է, բայց քաղաքացիական հայց չունի:
Տուժող Քրիտսինա Սարդարյանն էլ ասաց, որ 2014թ. հունիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործով դատական նիստի է մասնակցել, որից հետո դուրս է եկել դատարանից և փորձել մոտենալ իր ավտոմքենային, որը մինչ այդ կայանել էր դատարանի դիմացի հատվածում:
«Ես նկատեցի, որ շատ մարդիկ կան, փորձեցի առանց ուշադրություն գրավելու ինձ վրա՝ ուղղակի անցնել և զգույշ նստեմ իմ մեքենան, որպեսզի քշեմ, գնամ այդտեղից: Բայց ինձ ոստիկանները չթողեցին մոտենալ մեքենայիս, ես շատ զարմացա, և իմ հարցին, թե ինչու ես չեմ կարող մոտենալ մեքենայից, իրենք ասացին՝ սա քո՞ մեքենան է, ասացի՝ այո»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ իրենց ոստիկանները հետարքրքրվել են՝ արդյոք նա առնչություն ունի՞ կատարված դեպքերի հետ: Ըստ տուժողի՝ ինքը նայել է իր մեքենային ու չի ճանաչել այն: Տուժողը հայտնեց նաև, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ մի երիտասարդ բարձացել է իր ավտոմքենայի տանիքին, ոստիկանները կարծել են, թե նրա մենքենան է, այդ երիտասարդը «թռվռացել է» մեքենայի տանիքի վրա, հանել ատրճանակ, ոստիկանների վախեցրել՝ ասելով չմոտենաք ինձ, թե չէ կկրակեմ կպայթեցնեմ: Ըստ տուժողի՝ իրեն հայտնել են նաև, որ այդ երիտասարդը մի քանի ոստիկանների վրա է կրակել: Տուժողը հայտնեց, որ իր ավտոմեքենան փորձագետի մոտ է տարել, ով զննել է այն, եզրակացություն կազմել: Տուժողը նշեց, որ փորձագետը վնասը գնահատել է, բացատրել, որ եթե ավտոմեքենայի տանիքն այդ աստիճանի վնասվում է, նրա շուկայական արժեքը բավական իջնում է: Նա հայտնեց, որ քաղաքացիական հայց է ներկայացրել:
Նա ասաց նաև, որ ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչպես կարելի է ոստիկանի վրա կրակել:
Տուժող, ոստիկանության աշխատակից Միքայել Այվազյանն էլ պատմեց, որ դեպքի օրը սովարականի նման հասարակական կարգն են ապահովել: Նրա խոսքով՝ ծառայության ընթացքում նկատել են մի քաղաքացու, որը կանգնել էր մեքենայի վրա և ասում էր՝ այստեղ ոստիկանություն չկա՞, չե՞ք տեսնում, եկեք, ինձ ձերբակալեք:
Այդ ընթացքում, նրա խոսքով, նկատել են, որ այդ երիտասարդը զենք է հանել և անմիջապես փորձել են մոտենալ մեքենային: Ըստ տուժողի՝ երբ ինքը փորձել է մոտենալ այդ երիտասարդին, նա զենքը պահել է իր վրա՝ ասելով՝ մոտիկ չգաս, կկրակեմ: Այդ ընթացքում, ըստ տուժողի, երիտասարդի ձեռքում ինչ-որ բան է հայտնվել և նա ասել է՝ 5 մետր հետ, այլապես կտրաքացնեմ: Իրենք փորձել են մոտենալ այդ երիտասարդին, և նա կրակել է. արձակված կրակոցներից մեկը դիպել է իր ձեռքին, մյուսը՝ ականջին. փամփուշտը մտել էր ականջի մեջ:
Միքայել Այվազյանի խոսքով՝ այդ երիտասարդի ոտքը սայթաքել է, իրենք մոտեցել են նրան, ձերբակալել և բերման ենթարկել Ոստիկանության բաժին: Երիտասարդն, ըստ նրա՝ սեռական բնույթի հայհոյաքներ է տվել: Դատավորի հարցին՝ արդյոք քաղաքացիական հայց ունի՞, տուժողը պատասխանեց. «Չունեմ, բայց խնդրում եմ, որ օրենքի պահանջով, ինչպես օրենքը պահանջում է, թող պատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ»:
Մյուս տուժողը՝ Արտաշես Նիկողոսյանը, ևս ոստիկան էր: Նա հայտնեց, որ դեպքի օրը ծառայություն են իրականացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ կապված Շանթ Հարությունյանի դատավարության հետ: Նա նշեց, որ Հայկ Կյուրեղյանին նկատել է մեքենայի վրա բարձրանալուց հետո, ով հայտարարել է՝ այստեղ ոստիկաններ չկա՞ն, եթե կան, եկեք ինձ բռնեք: Ապա, ըստ տուժողի, նկատել են, որ նա ատրճանակ է հանել, կրակոցներ արձակել, ինչից վնասվել է նաև ինքը:
Հայկ Կյուրեղյանն, ըստ նրա, անկանոն շարժումներ է արել ավտոմեքենայի վրա, ցատկոտել: Ապա նրա ոտքը սայթաքել է, նրա մոտից վերցվել է զենքը, ձեռքին գտնվող մյուս առարկան, բերման ենթարկել Ոստիկանության բաժին: «Գտնվել եմ մեքենայի մեջ, որտեղ նա գտնվող բոլոր ոստիկաններին սեռական բնույթի հայհոյանքներ էր հասցնում և անկանոն շարժումներ էր անում, ոտքերով նույնիսկ հարվածում էր մեքենայի մեջ մեզ»,- պատմեց տուժող Արտաշես Նիկողոսյանը:
Տուժող ոստիկան Արայիկ Աբելյանն էլ ասաց, որ դեպքի օրը ծառայություն են կատարել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ: Կանգնած է եղել դատարանի դիմաց՝ աստիճանների մոտ, մյուս սպաների հետ զրույցի ընթացքում ձայն է լսել՝ այստեղ ոստիկանություն չկա՞ եկեք, ինձ ձերբակալեք, շրջվել, ավտոմեքենայի վրա տեսել երիտասարդի, ում ձեռքին այդ պահին ոչինչ չի եղել: Տուժողի խոսքով՝ ինքը փորձել է պարզել, թե ում է պատկանում այդ ավտոմեքենան, սակայն տաքսի ավտոմեքենաների վարորդները պատասխանել են, որ չգիտեն: Սակայն այդ երիտասարդն ատրճանակ է հանել ու սկսել անկանոն կրակել: Տուժողը նկարագրեց դրանից հետո իր կատարած գործողությունները, վնասվածք ստանալու պահը, նշեց, որ Հայկ Կյուրեղյանի ոտքը սայթաքել է, նրան ձեռնաշղթաներ են հագցրել, տեղափոխել Ոստիկանության բաժին:
Տուժողն ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է լրատվական միջոցներում գրել, թե ոստիկաններից մեկի կամ մի քանիսի ճակատային մասում կամ մարմնի հատվածում հայտնաբերվել է փոքրիկ երկաթյա մասնիկ: «Ոստիկանները որ մոտեցել են, ոչ մեկ չի իմացել՝ նրա ձեռքին ինչ զենք է: Կարող էր նույն հաջողությամբ լինել ՏՏ կամ Մակարով տիպի ատրճանակ»,- ասաց տուժողը:
Դատավորի հարցին՝ արդյոք քաղաքացիական հայց ունի՞, տուժողը պատասխանեց՝ ոչ. «Օրենքի ամբողջ խստությամբ, ես վստահ եմ, որ իր պատիժը կստանա»: Տուժողն ասաց, որ իր տրամաբանության մեջ չի տեղավորվում բարձրագույն կրթություն ունեցող անձի նման պահվածքը:
«Հայկ Կյուրեղյանը մտնում է ներս առաջին դատական նիստի ժամանակ, այսպիսի արտահայտություններ եմ լսում՝ հերոս: Շատ կուզենայի հիմա այստեղ լսել՝ այդ ի՞նչ է արել Հայկ Կյուրեղյանը, որ եղել է հերոս: Հերոս են այն տղաները, որոնք կրակոցի վրա գնացել են, հերոս են այն տղաները, որոնց հիշում են մեր հարգելի քաղաքացիներն ու ժողովուրդը, երբ իրենց պետք են »,- ասաց տուժող Արայիկ Աբելյանը:
Քանի որ տուժողներից մեկը դատարան չէր ներկայացրել, նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 27-ը: