Քաղաքագիտական աքսիոմ է` երբ օլիգարխները գահ են բարձրանում` պետություններն իջնում են պատմության թատերաբեմից. Հայկ Ա. Մարտիրոսյան

 168.am-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք):

 

Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում անողոք քննադատության ենթարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ցնցեց քաղաքական դաշտը: Ծառուկյանն ի պատասխան՝ հայտարարեց, որ ընդունում է մարտահրավերը: Ըստ Ձեզ` ո՞րն է Սերժ Սարգսյանի նման արձագանքի պատճառը: Իրականում ԲՀԿն ՀՀԿի համար դարձել էր այդչափ սպառնալի՞ք, որի ղեկավարի նկատմամբ, ըստ որոշ գնահատականների՝ քաղաքական հետապնդում սկսվեց:

  – Պատճառները մի քանիսն են: Առաջինն այն է, որ Ծառուկյանի նկրտումները` ղեկավարել երկիրը կամ իր պլատֆորմի հիման վրա իշխանության վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին, այլևս հնարավոր չէր զսպել:  Սեփական ամենակարողությամբ արբած Ծառուկյանն այլևս չէր հնազանդվում անգամ նախագահին, և դա իր հերթին` իր պատճառներն ունի. նախ` Սերժ Սարգսյանի ժամկետի ավարտին արդեն քիչ է մնացել, որն էլ հրատապ է դարձրել սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Երկրում դժգոհությունն իշխանություններից աննախադեպ ծավալների է, իսկ տնտեսական և քաղաքական իրավիճակը գրեթե կատակլիզմիկ է: Դա Ծառուկյանին և իր հովանավորին ներշնչել է հարմար պահի զգացում` ժողովրդական դժգոհության հուժկու ալիքի վրա իշխանության գալու հարցում, և ԲՀԿ ղեկավարը, որ բոլորովին վերջերս սահմանադրական բարեփոխումներ էր պահանջում, հիմա կտրականապես դրանց դեմ է դուրս գալիս: Երկրորդ պատճառն իրականության զգացողության այլափոխումն է: Երբ շրջապատդ քեզ աստվածացնում է, երբ այլակարծության բոլոր դրսևորումները բացառված են` մարդը կտրվում է իրականությունից, իրեն ընտրյալ, ամենակարող և ամենազոր համարում: Երրորդ հանգամանքը` երկրորդ նախագահի մենտորությունն է: Ծառուկյանի բոլոր, բացառապես բոլոր քայլերը դրդվել են և դրդվում են երկրորդ նախագահի կողմից: Դա միակ մարդն է, որին Ծառուկյանը պարտավոր է իր բարգավաճման համար, և միակ մարդն է, որին նա բարոյապես հաշվի է առնում:  Երրորդ հանգամանքն այն է, որի մասին ոչ ոք չի խոսում` դա քաղաքականության մեխանիկայի բացարձակ չիմացությունն է: Մարդը, որ հարստացել և իր բացառիկ կարգավիճակին է հասել բացառապես պետական մեքենայի թողտվությամբ, կեղծիքներով և ապօրինի արտոնություններով, որը հեքիաթային հարստություններ և իր երկրում գտնվող հսկայական ակտիվներ ունի, և որի անցած քաղաքական կամ հասարակական ճամփան անհաշիվ խնդրահարույց և մութ բծեր է պարունակում, բացարձակապես կախված է այդ նույն պետական մեքենայից: Եվ երբ այդ մարդը դուրս է գալիս այդ նույն պետական մեքենայի դեմ` ամենուժեղ ճզմմանը հենց ինքն է արժանանում: Այդ տեսությանը ԲՀԿ առաջնորդը վստահաբար ծանոթ չէ, և հենց դրանով է բացատրվում նրա սայթաքումը, որին և հետևեց իշխանության կոշտ գործողությունների սկիզբը:

 

Մի շարք գնահատականների համաձայն` Սերժ Սարգսյանի նման արձագանքի պատճառն այն է, որ Ծառուկյանի ետևում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ով դեռևս լռում է: Դուք այս ամենին Քոչարյանի ուղղակի և անուղղակի կապը տեսնո՞ւմ եք: Ծառուկյանի ներկայիս քաղաքականության ետևում Քոչարյա՞նն է:

 – Ինչպես արդեն նշեցի` այո, տեսնում եմ: Չեմ տեսնում որևէ այլ մեկին: Ինչ-որ առումով, որքան տեղեկացված եմ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է, իր բնավորության համաձայն՝ խառնակչային քայլեր կատարում: Սակայն Ծառուկյանի գործողությունների մտքի գեներատորը երկրորդ նախագահն է: Միակ մույս, ներեցեք` մյուս մարդը, որ իր կարգավիճակով կարող էր, թերևս, մտքեր արտահայտել` Վարդան Օսկանյանն է, սակայն քաջ հայտնի է, որ նա լռում է, երբ խոսում է իր առաջնորդը: Հետևաբար` ԲՀԿ խոսող անդամները հենց դա են` խոսող ստորադասներ: Մարտավարություն կամ ռազմավարություն նրանք չեն գեներացնում:

 

Երեկ Եռյակի առաջնորդները հանդիպել են` որոշելով համաժողովրդական հանրահավաք անցկացնել փետրվարի 20-ին: Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:

– Նախ՝ ասեմ, որ դա կատարելապես վարկաբեկում է Եռյակի անդամներին: Թեև վարկաբեկման մասին խոսելն այստեղ խիստ ուշացած է: Իսկ սպասել կարելի է ամենատարբեր զարգացումների: Եվ որևէ սցենար չի կարող լավը լինել: Ակնհայտորեն բախումն անխուսափելի է, եթե նախագահական թևը չկանխի Եռյակին՝ իր կտրուկ և ագրեսիվ գործողություններով: Սերժ Սարգսյանի ելույթը տարօրինակ և աննախադեպ էր ոչ թե այն առումով, որ նվիրված էր մեկ մարդու, կամ, որ անսպասելի էր շատերի համար, այլ այն առումով, որ հակառակ էր նման իրավիճակներում պատմության մեջ եղող նախադեպերին: Սովորաբար նման իրավիճակներում իշխանությունն անակնկալ գործողություններ է կատարում` կանխելու համար հակառակորդի ռեակցիան, և ապա հանդես գալիս պատերազմի հայտարարմամբ: Սարգսյանը գնաց հակառակ ուղիով: Դա վտանգներով է հարուստ հենց իր` իշխանության համար: Եթե նախահարձակ կողմը հապաղի, ապա կարող է և չափազանց թանկ վճարել այդ հաշվարկի համար: Եթե ԲՀԿ-ն կամ, ֆորմալ առումով, «Եռյակը» հապաղում կամ տատանում զգան` կարող է հեղափոխական ալիք բարձրանալ, որի վրա ամբոխն իշխանության կբերի Ծառուկյանին կամ Քոչարյանին: Այդ ուղղությամբ վստահաբար վերջինս լրջորեն ծրագրեր է մշակում այս օրերին: Հեղափոխության բանալին կայանում է առաջինն աչք թարթելու սկզբունքում: Կորցրիր ակնթարթը  և որսորդից որսի ես վերածվում: Այս առումով գործող իշխանությանը չընդունողների և նրա տապալումը տենչող ահռելի մի զանգված կարող է և միանալ նոր ընդդիմությանը, որը, նման սցենարի զարգացման պարագայում, շատ ավելի սարսափելի իրավիճակի կհանգեցնի, քան այն, որն արդեն կա և կա երկու հակամարտող կողմերի մեղքի շնորհիվ ու մասնակցությամբ:

 

Անձամբ Դուք ո՞ր ճամբարին եք համակրում կամ հարում:

– Ո՛չ մեկին,  ո՛չ մյուսին: Երբ դաշտն ամայացած է, իսկ ընտրությունը՝ շատ սահմանափակ, իմ նախընտրությունը երկուսից առավել պակաս վնասակարի դաշտում է սովորաբար: Քանի որ չկա այլընտրանք, և դաշտը բաժանվել է երկու թևի, պետք է հասկանալ, թե որն է առավել արհավիրքային տարբերակը: Իսկ առավել արհավիրքային տարբերակը բացահայտ օլիգարխիայի իշխանության գալն է: Երբ օլիգարխները գահ են բարձանում` պետություններն իջնում են պատմության թատերաբեմից: Դա քաղաքագիտական աքսիոմ է, որին քչերն են հակադրվում, և այդ քչերը հենց օլիգարխիայի սպասարկուներն են: Հայ ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է, և վստահ եմ, որ հասկանում է, որ, երբ ընտրությունը լավի ու վատի հարթությունում չէ, այլ` բոլորովին այլ դաշտում, պետք չէ գնալ այն ուժի հետևից, որ հնարավորներից վատթարագույնն է: Եվ դա բավական պարզ ընտրություն է: Իմ խորին համոզմամբ` սա ընդհանրապես ժողովրդի կռիվը չէ, սակայն այս կռվի հանգուցալուծումն ուղղակի ազդեցություն է ունենալու ժողովրդի, հասարակության և պետության վրա:

Տեսանյութեր

Լրահոս