Սրտի կանգ, սրտային տագնապ կամ պարզապես ինֆարկտ
Ինֆարկտը, ըստ էության, մեր օրգանիզմի օրգաններին և հյուսվածքներին սրտամկանի՝ արյուն մատակարարելու անկարողությունն է։ Սրտի կանգի դեպքում, անկասկած, շտապ բուժօգնություն է հարկավոր, որպեսզի տագնապը ճակատագրական չլինի։
Պետք է հիշել, որ ինֆարկտի պատճառ կարող են լինել հետևյալ գործոնները՝
Ծխելը
Ավելորդ քաշը (ճարպակալումը)
Հիպերտոնիան
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը
Ճարպոտ սննդի գործածումը
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը
Նստակյաց կյանքը
Սթրեսները
Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ անակնկալ սրտային տագնապ ունեցած մարդկանց մեծ մասը զգացել է, որ իրենց սրտի հետ մի բան այն չէ։
Եվ այդպիսի ազդակներ մեր օրգանիզմը մեզ իրականում կարող է նախապես ուղարկել։
Այդ ազդակների թվում են՝
Ցավ կրծքավանդակի շրջանում
Շնչարգելություն և հևոց
Գլխապտույտ
Սրտային հաճախախփություն
Այս նախանշանները կարող են նաև այլ հիվանդությունների մասին վկայել։
Այդ պատճառով էլ շատ կարևոր է պարբերաբար բժշկական հետազոտություններ անցնել և բացառել սրտանոթային խնդիրները։
Սրտի կանգից ապահովագրված չէ ոչ ոք, անգամ երիտասարդները։ Տագնապը կարող է անակնկալ մատուցել նույնիսկ այն մարդկանց, ովքեր առողջ ապրելակերպ են վարում և զբաղվում են սպորտով։ Խնդիրները կարող են պայմանավորված լինել ժառանգականության գործոնով, ինչը ոչ մի կերպ կանխատեսելի չէ։
Առաջին օգնությունը սրտային տագնապի դեպքում
Եթե մարդու մոտ սրտային տագնապ է սկսվել, ապա նրան առաջին օգնություն պետք է ցուցաբերել մինչև շտապօգնության ժամանումը։
Անհրաժեշտ է հիվանդին արհեստական շնչառություն տալ «բերանից բերան» եղանակով։
Հետագայում օգնության կհասնեն մասնագետները՝ օգտագործելով դիֆիբրիլյատորներ, որոնք էլեկտրական հոսանք են հաղորդում սրտին՝ վերջինիս նորմալ ռիթմը վերականգնելու համար։
Դրա համար էլ շատ կարևոր է իմանալ և կարողանալ ճիշտ օգնություն ցուցաբերել, քանի որ ինչքան շուտ այդ օգնությունը հիվանդին հասցվի, այնքան նրա ապրելու հնարավորությունները շատ կլինեն։
Առողջ սնունդ սրտի համար
Մթերքները, որոնք մենք կթվարկենք ստորև, համարվում են սրտի բարեկամները, քանի որ նպաստում են արյան լավ շրջանառությանը և դրանով իսկ օգնում առողջ լինել և կանխել սրտանոթային հիվանդությունները։
Եվ այսպես, այդ մթերքներն են՝
Ձուկը
Ընկուզեղենը
Մրգերն ու բանջարեղենը
Ձիթապտղի յուղը
Վարսակը
Անյուղ կաթնամթերքը
Նատրիումի ցածր պարունակությամբ մսեղենը՝ հնդկահավը, ճագարը, հավը։
Ընդ որում, պարտադիր է միշտ հանել կաշին և հեռացնել ավելորդ ճարպը։
Կանաչեղենը:
Պետք է հիշել, որ առողջ սնունդը պարտադիր միապաղաղ սնունդը չէ։ Կարելի է գտնել զանազան հետաքրքիր ճաշատեսակներ, որոնք և օգտակար, և միաժամանակ համեղ կլինեն։
Եվ վերջում, պետք է շատ շարժվել` քայլել օրական գոնե կես ժամ, թեթև ֆիզիկական վարժություններ կատարել, ապրել ակտիվ ու հագեցած կյանքով:
Դե, իսկ ժպիտն ու լավ տրամադրությունը երբեք սրտին չեն խանգարել:
Առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ