Մինչև Պուտինը կազատվի

«Հայաստանն ու Եվրոպական միությունը մտքեր են փոխանակում, չեն բանակցում»,- այսօր Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների հեռանկարներին վերաբերող մի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

«Մենք գտնվում ենք մտքերի փոխանակման փուլում մի շարք կարևորագույն հարցերի շուրջ:  Խոսքը ոչ թե նոր փաստաթղթի մասին է, այլ մենք հիմա մտքերի փոխանակման փուլում ենք  և քննարկում ենք  հարաբերությունների նոր իրավական շրջանակի ձևավորման հարցը: Այստեղ խոսքը բանակցությունների մասին չէ, կարևոր է հստակեցնել, խոսքը հենց մտքերի փոխանակման մասին է»,- շեշտել է փոխնախարարը:

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ հնչում է վերջին շրջանում Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների կողմից արվող այն հայտարարություններից հետո, թե ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ճակատագիրը, ըստ էության, կախված է Հայաստանից, և, որ ԵՄ-ն սպասում է հայկական կողմի դիրքորոշմանը: Հիշեցնենք, որ օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման տեսակետ էր հայտնել նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ շեշտելով, թե  Եվրամիության համար Հայաստանի հետ հարաբերությունների ապագան դեռ մշուշոտ է:

«Մենք դեռևս Հայաստանի հետ միասին մտածում ենք, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի՝ Եվրասիական միության առջև ստանձնած նոր պարտավորությունների լույսի ներքո։ Պարզ է, որ Ասոցացման պայմանագրի տարբերակն արդեն բացառվում է, և մենք պետք է փորձենք գտնել հարաբերությունները խորացնելու ձևը՝ հարգելով երկու կողմերի ստանձնած պարտավորությունները»,- ասել էր Մայա Կոչիյանչիչը։

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ վերջին շրջանում արել են նաև ԵՄ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դրանց բոլորի իմաստն ավելի պարզ լեզվով հետևյալն է՝ ԵՄ-ն պատրաստ է հարաբերությունների շարունակությանը և սպասում է Հայաստանին: Դատելով փոխարտգործնախարարի այսօրվա հայտարարությունից, Հայաստանը պատասխան դեռևս չունի: «Մտքերի փոխանակում» արտահայտությունը և ըստ էության բանակցությունների բացակայության մասին շեշտադրումը հենց դրա մասին է վկայում: Դա նաև նշանակում է, որ Հայաստանն անդառնալիորեն հետ է գնացել Եվրոպական միության հետ հարաբերությունների նախկին՝ մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ն առկա մակարդակից և այդ կառույցի հետ Հայաստանի հարաբերությունների համար շատ է համարվում նույնիսկ «բանակցություններ» բնորոշումը:

Եվրամիության հետ հարաբերությունների այս անորոշ ու մշուշոտ վիճակը, հասկանալի է, պայմանավորված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, ու որպես դրա հետևանք՝ այն հանգամանքով, թե ինչպես Ռուսաստանը կվերաբերվի ԵՄ-ի հետ Հայաստանի կապերին:

Հիմա Ռուսաստանի «գլուխը խառն է» Ուկրաինայով,  և Հայաստանի իշխանությունները երևի չեն ցանկանում կամ չեն համարձակվում շեղել Պուտինին՝ ճշտելու համար, թե որն է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների «թույլատրելի» սահմանը: Դրա համար առայժմ զբաղված են եվրոպացիների հետ «մտքեր փոխանակելով»: Թե որքան կշարունակվի այս իրավիճակը, դժվար է ասել, քանի որ տակավին անհայտ է, թե երբ կազատվի Պուտինը, կամ արդյո՞ք նրա հետ «ճշտումների» հնարավորության դեպքում ՀՀ իշխանությունները առիթը կվատնեն Եվրամիության հետ հարաբերությունների թեմայով Պուտինին անհանգստացնելով, թե՞ դա կօգտագործեն ներքաղաքական հարցերում «ճշգրտումների» համար:

Հատկապես, որ հիմա դրանով զբաղված են նաև ոչ իշխանական ուժերը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս