Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով ցուցմունք տվեց վկա Սեյրան Օհանյանը
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկա Նորիկ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ Վերնիսաժում առևտուր է անում, շատ բան չի տեսել, քանի որ իր կանգած տեղից շատ բան չի երևում, մի քանի՝ մոտ 5-6 կրակոց է լսել, իր «վեշերը սաղ ջարդուփշուր արին»:
Վկայի ցուցմունքից հետո մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ հակասություններ կան նախաքննական և դատաքննության ընթացքում տված ցուցմունքում: Դատարանը բավարարեց միջնորդությունը, որից հետո մեղադրողը հրապարակեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքը:
Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ դեպքի օրը սովորականի նման գնացել է աշխատանքի, ժամը 13:00-ի սահմաններում մի սպիտակ ավտոմեքենա փակել էր շենքի ավտոկայանատեղու մուտքը, ինչի պատճառով սև ավտոմեքենան չի կարողացել դուրս գալ ավտոկայանատեղիից, ապա վիճաբանություն է սկսվել սև և սպիտակ ավտոմեքենայի վարորդների, ինչպես նաև սպիտակ ավտոմեքենայի հետ եղած անձի միջև, նրան իջել են երքևի հատված, այնուհետև հայհոյանքների ձայներ և աղմուկ է լսվել, ապա կրակոցներ, կրակողներին չի տեսել:
Մյուս վկա Սեյրան Օհանյանն ասաց, որ դեպքի օրը եղել է Վերնիսաժում, կրակոցներ չի տեսել, սակայն մի քանի ձայներ է լսել, իրեն թվացել է, թե հրավառություն է, հետո է իմացել, որ կրակոցներ են հնչել: Դատարանում հրապարակվեցին այս վկայի ցուցմունքները ևս, նա հայտնել էր, որ օգնել է Վերնիսաժում աշխատող ընկերոջը՝ Նորիկ Սարգսյանին, դեպքի օրը կրակոցի նմանվող 5-6 ձայն է լսել, սակայն չի մտածել, թե դա կրակոց է, հետագայում Նորիկ Սարգսյանը պատմել է, որ երիտասարդ տղաներ վիճաբանում էին, ապա կրակոցներ են եղել: Ցուցմունքի հրպարակումից հետո վկան հայտնեց, որ իր ցուցմունքը համապատասխանում է իրականությանը: