Պուտինի եգիպտական այցի արդյունքները. ԵՏՄ, ԱԷԿ, Մոսկվայի հրավեր ու «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոս այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ԱԿ-47» (Կալաշնիկով) տիպի ինքնաձիգ է նվիրել այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին:
Պուտինի աշխատանքային երկօրյա այցի արդյունքներով երկու երկրների միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես, «Ռոսատոմ» ընկերությունը պետք է մասնակցի Եգիպտոսի առաջին ատոմակայանի կառուցմանը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Եգիպտոսի ու ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ:
Ալ-Սիսին հայտարարել է. «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Եգիպտոսի ու ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին»: Պուտինը կառուցողական ու բովանդակալից է անվանել ալ-Սիսիի հետ բանակցությունները և նրան հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Մոսկվա:
Ատոմակայանի հետ կապված՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ոչ միայն կառուցել Եգիպտոսի առաջին ատոմակայանը, այլև՝ ստեղծել մի ամբողջ ատոմային ոլորտ՝ համապատասխան կադրերի նախապատրաստում, գիտության զարգացում և այլն:
Ալ-Սիսին հույս է հայտնել, որ էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավորություն կտա բավարարել երկրի էներգետիկ կարիքները: Ակնկալվում է, որ Եգիպտոսի առաջին ատոմակայանի հազորությունը կազմելու է 1000-1200 մեգավատտ:
Եգիպտոսի իշխանություններն արդեն իսկ ընտրել են ատոմակայանի կառուցման վայրը: Այն կառուցվելու է Ալեքսանդրիա քաղաքից դեպի արևմուտք ընկած Դաբաա բնակավայրի շրջանում: Ավելի վաղ ԱԷՄԳ-ի փորձագետները հաստատել են, որ Դաբաան համապատասխանում է միջազգային բոլոր պահանջներին ու պիտանի է ատոմակայանի կառուցման համար:
Պուտինի եգիպտական այցից առաջ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ այցի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվելու է ռազմական համաձայնագիր, որի շրջանակներում Ռուսաստանը 3 միլիարդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա կվաճառի Եգիպտոսին:
Հիշեցնենք, որ Պուտինը վերջին անգամ Եգիպտոս ժամանել է 2005 թվականին: