Ռուբեն Հակոբյան. «Բոլորս ենք մեղավոր այսօրվա համար, բոլորս անխտիր` և՛ ընդդիմությունը, և՛ դիմությունը»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում որոշակիորեն առանձնացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթը:
Այն իր մեջ մեղադրական տարրեր էր պարունակում նաև ոչ իշխանական ուժերի հանդեպ, ովքեր, ըստ Հակոբյանի, օրվա իշխանության հետ համատեղ, պատասխանատվության լուրջ բաժին ունեն: Նրա խոսքով, ընտրությունից ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով` իշխանությունը բռնազավթվում է: Հակոբյանը կոչ արեց չնկատելու չտալ սեփական սխալները և նկատել միայն ուրիշինը:
«Մեծագույն հաճոյախոսություն կլիներ գործող իշխանությունների համար, եթե մեզանում եղած բոլոր արատներն ու սխալները բարդեինք նրանց վրա. նրանք այդքան ուժ և մտավոր կարողություն չունեին այս մի քանի տարիների ընթացքում այդքան կործանարար չարագործություններ կատարելու: Երկրի այս ծանրագույն վիճակի պատճառը պետք է փնտրել ավելի քան երկու տասնամյակ շարունակ իշխանությունների վարած անպատասխանատու և կլանային քաղաքականության, ինչպես նաև բոլոր ժամանակների ընդդիմության ոչ համախմբված և պայքարի ամբողջական ծրագրի բացակայության շրջագծում»,- ասել էր Հակոբյանը:
Հասարակությունը լավ գիտի իր «կեղծարարներին», միշտ տեսել է, թե որ ուժերն են ընտրությունից ընտրություն ձայներ գնում: Եվ գաղտնիք չէ, որ դրանցից ամենաառատաձեռնը «Բարգավաճ Հայաստանն» է, որը 1 ձայնի դիմաց նույնիսկ 10-20 հազար դրամ է վճարել նախորդ ընտրություններում: Հիշում ենք նաև, որ 2012-ից առաջ` ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ թև-թևի տված` վայելում էր կոալիցիոն իշխանության բարիքները: Արդյո՞ք այժմ ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ Ռ.Հակոբյանի խոսքերը հասցեագրված էին հենց ԲՀԿ-ին: Այս թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց Ռուբեն Հակոբյանի հետ:
– Պարոն Հակոբյան, խորհրդաժողովի ժամանակ Ձեր ելույթում մեղադրական տարրեր կային: Ո՞ւմ էր այն ուղղված:
– Երբեք մեղադրական նոտա չի եղել իմ ելույթում: Ես մտածել եմ` պետք է համոզիչ լինել: Ընդդիմությունը, որ իշխանության այլընտրանք է ներկայանում, պետք է իր պահվածքով համոզիչ լինի հասարակության համար: Դրա համար, ես ասացի` չպետք է սելեկտիվ ճշմարտություններով ներկայանալ, հատվածական ճշմարտություններ վկայակոչել: Ճշմարտությունը պետք է լինի ամբողջական:
– Դա ներառո՞ւմ է նաև այն, որ նախորդ ընտրությունների ժամանակ նաև ԲՀԿ-ին էր մեղադրանք ներկայացվում ընտրակեղծիքների ու ընտրակաշառք բաժանելու համար:
– Ես ասել եմ հետևյալը` մեր պետության ողնաշարին հարվածում է, և հիմա էլ այդ կարծիքին եմ, հարվածել է ընտրությունների կեղծումը: Եվ եթե ասում ենք, որ 2008-ին և 2013-ին կեղծվել են նախագահական ընտրությունները, որը բացարձակ ճշմարտություն է, ապա պետք է հասկանանք, որ ընտրությունների կեղծումը միշտ է եղել մեր քաղաքական կյանքում, և չպետք է մոռանալ 1996-ի նախագահական ընտրությունները, որով հիմք դրվեց ընտրակեղծիքների միջոցով իշխանության զավթումին: Կոնկրետ ես անդրադարձել եմ շատ հստակ փաստերի, ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել կամ չմեղադրելու մասին է խոսքը:
Ես գտնում եմ, որ բոլորս ենք մեղավոր այս իրավիճակի համար, բայց որպեսզի համոզիչ լինենք նաև հասարակության, վաղվա ընտրողի համար, որ ճշմարտությունն ընտրովի չի, այլ երևույթն ամբողջության մեջ ենք մենք նայում, մենք ասել ենք նաև, որ պետք է հիշենք, թե էդ ամբողջության մեջ այդ երևույթը երբ է ստեղծվել: Եվ կարծում եմ, որ դա մեղադրանք չպետք է դիտել:
Ես կարծում եմ, որ մենք պետք է գիտակցենք, որ բոլորս ենք մեղավոր այսօրվա համար, բոլորս անխտիր` և՛ ընդդիմությունը, և՛ դիմությունը բոլոր ժամանակների, որ պետությունն այս իրավիճակում է հայտնվել, և միայն կարող ենք իրավիճակից դուրս գալ մի շատ պարզ գիտակցումով, որ պետք է ընդունենք, որ սխալվել ենք մենք և այսօր եկել է սխալներն ուղղելու ժամանակը: Այսինքն` մենք մեր փորձից, մեր սխալներից դասեր պետք է քաղենք:
– Ձեր կարծիքով` հասարակությունը, ժողովուրդը ինչպե՞ս պետք է վստահի ԲՀԿ-ին, երբ գիտի, որ նույն ձևով ընտրակեղծիքներ է իրականացրել, ինչ Հանրապետական կուսակցությունը:
– Դուք էլի շեշտում եք` ԲՀԿ: Ես միայն ԲՀԿ-ին չեմ շեշտում: Ես ասում եմ` ուժեր, որոնք քաղաքական կյանքում դերակատար են եղել:
– ԲՀԿ-ին շեշտում եմ, որովհետև համաժողովրդական շարժման լիդերությունը ԲՀԿ-ն է ստանձնել:
– Ես դիտում եմ. հիմնական լիդերությունը համաժողովրդական շարժմանն է: Բայց ես ասում եմ, որ մի կուսակցության մասին չի այսօր խոսքը: Բոլոր քաղաքական ուժերը, ովքեր կան այսօր քաղաքական ներկապնակում, նրանց բոլորին է վերաբերում, նրանց բոլորին` և՛ այսօրվա իշխանությանը, և՛ երեկվա իշխանությանը, մեզ` բոլորիս, ովքեր մասնակից են եղել այս պետության այս որակով կայացմանը: Իսկ մենք բոլորս ենք մասնակից եղե՛լ ես` որպես ընդդիմություն, մեկ ուրիշը՝ որպես դիմություն: Ես երևույթին ընդհանուր գնահատական եմ տվել, մտնում ենք և՛ մենք, և՛ ԲՀԿ-ն, և՛ բոլոր մյուս ուժերը: Եթե պետությունն այս վիճակում է, մենք բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար:
– Պարոն Հակոբյան, լիդերության հարցը կհստակեցնե՞ք: Խորհրդաժողովի գրեթե բոլոր մասնակիցները շեշտում էին, որ Գագիկ Ծառուկյանն է լիդերը:
– Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու: Լիդերության հարցը կճշտվի այն ժամանակ, եթե խոսքը անձին է վերաբերում, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը: Հիմա քննարկել, թե ով է լիդեր, ով` ոչ, ես չեմ կարծում, որ դա տեղին է և կնպաստի համաժողովրդական շարժմանը: