Ադրբեջանցի դիվերսանտները պատանդ չեն, այլ հանցագործ-ահաբեկիչ. ԼՂ-ն նպատակահարմար չի համարում քննարկել նրանց վերադարձի հարցը
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանցի բանտարկյալներին Ադրբեջան վերադարձնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կոչին՝ ասաց, որ հարցը կարելի է դիտարկել մի քանի հարթությունում: Ըստ նրա` ԼՂՀ իշխանություններին որևէ մեկը պաշտոնապես նման կոչով և պահանջով չի դիմել: «Համոզված եմ, որ չեն էլ դիմելու: Արարողակարգային ու իրավական տեսանկյունից եթե դիտարկենք, ապա մեզ որևէ մեկը չի դիմել»,- ասաց Դավիթ Բաբայանը` ակնարկելով, որ եթե չկա դիմում, չկա նաև պաշտոնական քննարկում:
Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ այդ մարդիկ կատարել են ծանր հանցագործություն. առաջին հերթին՝ նրանք վնասազերծվել են, այնուհետև մեղադրանք է առաջադրվել, մեղադրյալներին տրամադրվել է փաստաբան, Արցախում կազմակերպվել է ժողովրդավարական, միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող դատավարություն, որը բաց է եղել լուսաբանման, քաղաքացիների և իրավապաշտպանների համար, ովքեր ցանկացել են հետևել դատավարությանը, վերջնարդյունքում՝ նրանց մեղքն ապացուցվել է: Եվ այն փաստը, որ, ըստ Բաբայանի՝ դատապարտյալները դիմում են, որպեսզի իրենց ներում շնորհվի, նշանակում է, որ համաձայն են այդ վճռի հետ և հասկանում են, որ դատավարությունը նորմալ է անցկացվել: «Նրանց վերադարձնելն այս ամենից հետո ժողովրդավարական սկզբունքների կոպիտ ոտնահարում է, քանի որ ապացուցվել է, որ կատարվել է ծանր հանցագործություն, մարդասպանություն, ահաբեկչական գործողություններ: Ինչպե՞ս կարող ենք մենք անտեսել այդ ամենը, եթե մենք ժողովրդավարական պետություն ենք: Բացի դրանից, վերջապես քաղաքական խնդիրներ կան, բարոյականության հարցեր կան»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ նախագահի խոսնակը կեսկատակ-կեսլուրջ նշեց՝ երբ Արդբեջանը համաձայնի ետ վերադարձնել Ռամիլ Սաֆարովին, այլ ոչ թե հերոսացնի մարդասպանին, միգուցե այդ ժամանակ կարելի լինի խոսել Սաֆարովին դատապարտյալներից մեկի հետ փոխանակելու մասին: «Սկսենք դրանից, հետո կտեսնենք, թե ինչ է լինում: Ռամիլ Սաֆարովին հերոսացնելով` նրանք ոտնահարում են Հունգարիայի ժողովրդավարական իմիջը, և հիմա էլ բարի կա՞մք պետք է դրսևորենք: Բարի կամք չի կարող լինել, կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե ցանկանան Սաֆարովին վերադարձնել, կարող ենք քննարկել սա՝ որպես տեսական մոտեցում»,- իր կարծիքը հայտնեց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը ևս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող քննարկվել նման հարց, քանի որ նրանք պատանդներ չեն, այլ հանցագործներ: Ադրբեջանական կողմը, ըստ Աթանեսյանի, կարող է դիմել այլ դատական ատյաններ՝ վիճարկելու համար դատավճիռը: Վահրամ Աթանեսյանը հիշեցրեց, որ ադրբեջանցի դատապարտյալներն ապօրինի մուտք են գործել ԼՂ-ի իրավազորության տարածք, կատարել են հանցագործություն, եղել են զինված, չեզոքացման ընթացքում զինված դիմադրություն են ցուցաբերել, այդ ընթացքում մեկը սպանվել է, երկուսը` ձերբակալվել, նրանք դատարանում ցուցմունք են տվել, որ իրենք Քարվաճառի շրջանում հանցագործություն են կատարել, սպանել են անչափահաս պատանու` Սմբատ Ցականյանին: «Ի՞նչ անենք, ասենք, որ նրանք պատանդներ են, ու որպես պատանդներ՝ նրանց փոխանակե՞նք: Դա սխալ կլինի»,- ասաց Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական Turan լրատվական գործակալության խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել էր ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը. «Մենք համապատասխան լիազոր անձանց կոչ ենք անում երկու բանտարկյալին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը: Մարդասիրական այդ քայլը կնպաստի կողմերի միջև վստահության ստեղծմանն ու լարվածության նվազեցմանը»: Ուորլիքը նաև հիշեցրել էր, որ Աստրախանյան հռչակագրով (2010 թվականի հոկտեմբերին ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները) կողմերը պայմանավորվել են վերադարձնել պատանդներին: Ուորլիքը հույս էր հայտնել, որ իրավիճակից դուրս գալու համար այդպիսի քայլեր կարող են կատարվել նաև այժմ: