Ռուսաստանը միմիայն խրախուսում է Ադրբեջանի գործողությունները սահմանային գոտում. Արմեն Գրիգորյան
168.am-ի զրուցակիցն է հեղինակավոր «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, գրեթե մեկ տարի առաջ Ձեր հարցազրույցում նշել էիք, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը բավականաչափ լծակներ ունի ապակայունացման և նավթի գնի աճ ապահովելու համար՝ ինչպես Վրաստան ներխուժման, այնպես էլ ՝ հայ-ադրբեջանական լայնածավալ բախում հրահրելու միջոցով: Ներկայումս լարված է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Ըստ Ձեզ` դեպի ո՞ւր է տանում այս լարվածությունը:
– Այժմ նավթի գնի կտրուկ աճ դժվար թե տեղի ունենա, սակայն Ռուսաստանը դարձյալ լծակներ ունի և կարող է ապակայունացնել իրավիճակն այլ նպատակների համար: Մասնավորապես, Ռուսաստանում չեն թաքցնում, որ Հայաստանին Եվրասիական միություն ներքաշեցին նախևառաջ՝ Վրաստանի նկատմամբ ճնշումն ավելացնելու համար` Հայաստանի հետ տրանսպորտային կապն ընդլայնելու պատրվակով, քանի որ Ռուսաստանի նպատակներն են 102-րդ ռազմակայանի պոտենցիալի ընդլայնումը և Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ԵՄ-ի հետ հետագա մերձեցման կանխումը: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը` Ռուսաստանը և Ադրբեջանը (ու նաև Թուրքիան) այս փուլում իրական ռազմավարական դաշնակիցներ են, և նրանց շահերը համընկնում են թե՛ Հայաստանը մեկուսացնելու, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն անարդյունավետ դարձնելու և վարկաբեկելու առումով, և Ռուսաստանը զենքի մեծածավալ վաճառքով և այլ կերպ միմիայն խրախուսում է Ադրբեջանի գործողությունները սահմանային գոտում: Սա, ինչպես նաև ռուս-թուրքական եռակողմ գործարքի հնարավորությունը պետք է հաշվի առնվի` ներկայիս լարվածության հնարավոր վտանգները գնահատելիս:
– Արևմտյան վերլուծաբանները չեն բացառում լայնածավալ ռազմական գործողությունների, պատերազմի հավանականությունը` դա պատճառաբանելով Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությամբ, ռուս-թուրքական գործարքի հետևանքներով և Ադրբեջանի ներքին խնդիրներով ու ջղաձգվածությամբ: Ըստ Ձեզ` Ադրբեջանը կփորձի՞ օգտվել իրավիճակից:
– Վերը նշվածը հաշվի առնելով՝ կնշեմ, որ Ռուսաստանի զբաղվածությամբ, այսինքն՝ ենթադրաբար` Հայաստանի նկատմամբ պարտավորությունները կատարելու և անվտանգության երաշխիքներն ապահովելու անկարողությամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պայմանավորողները չարաչար սխալվում են: Կարող եմ ուղղակի կրկնել ուղիղ կես տարի առաջվա ասածս. ռուսական կայսրության ընդլայնվելու փորձերը շարունակական են և կարող են ուղղվել դեպի որևէ ուղղություն անգամ այն պահին, երբ մեկ այլ ուղղության վրա խայտառակ պարտություն է նշմարվում: Ժամանակին նաև նշել էի, որ այդ կայսերապաշտական աշխարհընկալման կրողների համար տնտեսական անկման և մարդկանց աղքատացման սպառնալիքը ոչ միայն զսպող գործոն չի դառնում, այլև օգտագործվում է քարոզչական նպատակով` Արևմուտքին փնովելու և «պաշարված ամրոցի» հոգեբանության ամրապնդման համար: Կարծում եմ՝ վերջին ամիսների իրադարձություններն արդեն հաստատեցին դա:
– Մենք անընդհատ քննարկում ենք, թե երբ են, ի վերջո, սկսելու գործել ՌԴ անվտանգության երաշխիքները Հայաստանի համար, կա ռուսական ռազմաբազա, ՀԱՊԿ, հայ-ռուսական պայմանագիր: Ի վերջո, այս ամենը ե՞րբ կգործի մեզ համար և ինչպե՞ս:
– «Անվտանգության երաշխավոր» ՀԱՊԿ-ն Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու մտադրություն չունի. ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դրա մասին բազմիցս հայտարարել է, նաև անցած շաբաթ:
Թե ՀԱՊԿ-ն, թե ՀՀ-ում ռուսական ռազմակայանը բացառապես ռուսական շահերին են ծառայում և Հայաստանի համար անվտանգություն չեն ապահովում: Ավելին, ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի համար լրացուցիչ վտանգներ է ստեղծում` թե տարածաշրջանում լարվածությունն ավելացնելով, թե ահաբեկչության վտանգ ստեղծելով. վերջինիս վկայությունը, մասնավորապես, Գյումրիում կատարվածն էր, բայց պետք է նաև հիշել Ս. Սարգսյանի ստորագրած համաձայնագիրը, որը ՀԱՊԿ-ին, այսինքն՝ Ռուսաստանին, թույլ է տալիս իրականացնել զինված միջամտություն` ներքին անկայունության դեպքում:
– Օրերս ՄԽ համանախագահները հանդիպեցին Էլմար Մամեդյարովին, ապա հայտարարություն տարածեցին` Ադրբեջանին կոչ անելով՝ կատարել ստանձնած պարտավորությունները: Տեսակետներ հնչեցին, որ ՄԽ-ն վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտապես դրվող հավասարության նշանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, ու ՄԽ-ն, ըստ Ձեզ, այսօր ինչո՞ւ չի հաջողում լարվածությունը թուլացնելու հարցում:
– Համանախագահների հայտարարությունը դրական եմ գնահատում, այդ հավասարության նշանը, այսինքն՝ պարիտետ պահելու ձգտումը վաղուց զավեշտալի էր դարձել: Ադրբեջանի պահվածքը պետք է համանախագահների կողմից արձագանքի արժանանար` հաշվի առնելով թեկուզ անցած տարվա հուլիսի 30 – օգոստոսի 4 ժամանակահատվածում տեղի ունեցած բախման կոնտեքստը:
Այդ բախումից հաշված օրեր առաջ` հուլիսի 22-ին, Բրյուսելում տեղի էր ունեցել համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` նախագահների մակարդակով բանակցությունների վերսկսման հնարավորությունը քննարկելու նպատակով: Ու դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ բախում հրահրեց` նաև Պուտինի համար առիթ ստեղծելով օգոստոսի 8-9-ին Սարգսյանին և Ալիևին Սոչի հրավիրելու և հետագա բանակցային գործընթացում Մինսկի խմբի նշանակությունը չեզոքացնելու փորձ անելու համար: Դա հազիվ թե պարզ զուգադիպություն էր, և դա, ինչպես նաև հետագա իրադարձությունները` ուղղաթիռի կործանումը, արդեն հունվարին եղած ինտենսիվ բախումները, չվրիպեցին համանախագահների ուշադրությունից:
Ինչ վերաբերում է լարվածությունը թուլացնելուն, դրա համար Արևմուտքը պետք է Ադրբեջանի նկատմամբ ազդեցության նոր, ավելի ուժեղ լծակներ կիրառի՝ եղածները չափազանց թուլացել են, և թե՛ հրադադարի պահպանման, թե՛, օրինակ, Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների շարունակական զանգվածային ոտնահարման դեմն առնելու առումով չեն աշխատում:
– Պարոն Գրիգորյան, ուկրաինական ճգնաժամը կրկին սրվել է՝ հատկապես Ուկրաինայի հարավում: Խնդրի շուրջ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը շարունակվում է: Այս պայմաններում հնարավո՞ր է Արևմուտք-Ռուսաստան փոխզիջում ԼՂ հակամարտության շուրջ, ի՞նչ վտանգներով են լի այդ տարաձայնությունները մեր տարածաշրջանի համար:
– Փոխզիջման որոշակի հավանականություն, թերևս, դեռ գոյություն ունի, սակայն ոչ թե՝ հակամարտության կարգավորման, այլ՝ գուցե միայն ստատուս-քվոյի պահպանման համար: Բայց անգամ այդպիսի փոխզիջման հնարավորությունը չնչին է` հաշվի առնելով տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի ծրագրերը: Իսկ Ռուսաստանի ուզածը քիչ թե շատ պարզ է. ազդեցության բացառիկ գոտու պահպանում` ԼՂ հակամարտության գոտում իր «խաղաղարարների» տեղակայմամբ, իսկ այդ տարբերակի իրագործման անհնարինության դեպքում` շարունակական անկայունություն, որի ականատեսն ենք վերջին ժամանակաշրջանում:
– Պարոն Գրիգորյան, հայ-ռուսական հարաբերություններում կարծես անվստահության մթնոլորտ է ձևավորվել, հատկապես՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանությունից հետո, երբ նախ՝ սպանությունը ցնցեց հասարակությանը, հետո պարզ դարձավ, որ զինծառայողը չի վերադարձվի ՀՀ իրավապահ մարմիններին, ապա ԵԽ ԽՎ քվեարկության ժամանակ հայ երեք պատվիրակները ձեռնպահ քվեարկեցին Ռուսաստանի դեմ ուղղված որոշմանը, հասարակության շրջանում ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ՌԴ-ի՝ անվտանգության երաշխիքների նկատմամբ: Ռուսաստանցի փորձագետները ևս սկսում են խոսել հայ-ռուսական հարաբերությունների համաչափությունը վերականգնելու մասին: Ըստ Ձեզ` կա՞ հնարավորություն վերականգնելու հավասարակշռությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
– Եթե Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռություն ասելով` Վարդան Օսկանյանի «կոմպլեմենտարիզմը» նկատի ունենանք, ապա դա հավասարակշռություն չէր. հավասարակշռություն եթե եղել է, ապա միայն 90-ականների առաջին կեսին, իսկ դրանից հետո անընդհատ աճել է Ռուսաստանի ազդեցությունը բոլոր ոլորտներում` ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային և այլն: Այդ իրավիճակի վտանգավորությունը` մասնավորապես՝ Հայաստանի շահերի հաշվին Ռուսաստանի կողմից ցանկացած գործարքի հնարավորության, ինչպես նաև՝ առկա պայմաններում Հայաստանի զարգացման անհնարինության պատճառով, վաղուց պետք է հասարակության ուշադրությունը գրաված լիներ: Գյումրիում կատարվածի կապակցությամբ Ռուսաստանի ցուցաբերած քամահրական վերաբերմունքը գուցե պարզապես վերջին կաթիլն էր:
Միաժամանակ ԵԽ ԽՎ-ում քվեարկությունը ես չէի համարի գործող վարչախմբի քաղաքականության փոփոխության ցուցանիշ: Հերմինե Նաղդալյանը պարզ ասաց, որ ՌԴ պատվիրակությանը քվեի իրավունքից զրկելու առումով եռյակի դիրքորոշումն իրավիճակ չէր փոխելու, բայց միևնույն ժամանակ, իր իսկ խոսքերով, Ռուսաստանի համար առավել կարևոր լրացումների վերաբերյալ իրենք քվեարկել են հօգուտ ՌԴ-ի (մասնավորապես` Դոնեցկի և Լուգանսկի «հանրապետությունները» ահաբեկչական կառույց ճանաչելու վերաբերյալ): Այնպես որ, այդ ձեռնպահ քվեարկությունը Ռուսաստանից անկախ գործելու պատրաստակամության ցուցանիշ չէր, առավել ևս՝ այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանը Գյումրիում կատարվածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել միայն Վ. Պուտինից հետո: