Ադրբեջանում ամեն ելույթիցս առաջ խնդրում են չքննադատել Ռուսաստանին. Ուկրաինայի դեսպան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն ելույթ է ունեցել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության մամլո կենտրոնում, ուր ներկա է գտնվել քաղաքագետ Էլհան Շահինօղլուի «Մայդանից Մայդան» ակնարկի շնորհանդեսին:

Միշչենկոն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին. «Ի՞նչ է, դուրս գամ և ասեմ, որ Բաքվում ինձ ենթարկում են գրաքննության և ընդ որում՝ վստահեցնում են, որ երկրում չկա գրաքննություն: Երբ ես գնում եմ որևէ տեղ ելույթ ունենալու, ինձ անմիջապես զանգահարում են ու խնդրում են չքննադատել Ռուսաստանին:

Իսկ էլ ինչի՞ մասին պետք է արտահայտվի դեսպանը, եթե նրա երկիրը Ռուսաստանի կողմից ենթարկվել է ռազմական ագրեսիայի»: Իր ելույթում Միշչենկոն անդրադարձել է նաև ոչ վաղ անցյալում ԵԽԽՎ-ում անցկացված քվեարկությանը, որի արդյունքերով ռուսական պատվիրակությանը զրկեցին ձայնի իրավունքից:

Նա իր հիասթափությունն է հայտնել, որ Ադրբեջանը քվեարկել է Ուկրաինայի դեմ՝ հավելելով, որ կարելի է պատկերացնել, որ ԵԽԽՎ-ի հաջորդ նստաշրջանում Ուկրաինան կքվեարկի Ադրբեջանի դեմ. «Ես համաձայն եմ, որ Ուկրաինան բավականաչափ ուշադրություն չի հատկացրել Ադրբեջանի խնդիրներին:

Ես դիվանագետ եմ ու հասկանում եմ դա: Սակայն եկեք վերցնենք շարքային ուկրաինացու օրինակը, ով նորություններում լսել է, որ Ադրբեջանն աջակցել է Ռուսաստանին: Ինձ հանգստացնում են նրանով, որ Ադրբեջանը կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին յուրաքանչյուր բանաձևի:

Պատմում են տարբեր հեքիաթներ, որ պետք է մնա քննարկումների հարթակը, այլապես հնարավոր չի լինի խոսել որևէ մեկի հետ: Այդ դեպքում եկեք մոռանանք Ղարաբաղի շուրջ 7 շրջանի մասին: Սակայն մենք չեն ասում այդ մասին»: Դեսպանն ընդգծել է, որ հասկանում է պաշտոնական Բաքվի ռիսկերը, սակայն իրեն անհասկանալի է մնում այն, թե Ադրբեջանին ինչ է տալու ԵԽԽՎ-ում Ուկրաինայի դեմ քվեարկելը:

Նրա խոսքերով՝ հայ պատգամավորները քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել՝ դրանով իսկ վարվելով առավել դիվանագիտորեն, մինչդեռ Ուկրաինայի դեմ քվեարկած Ադրբեջանը շարունակ բողոքում է երկակի ստանդարտներից. «Այժմ ես պետք է Կիևին համոզե՞մ, որ դրա համար եղել են պատճառներ, այնտեղ պատմե՞մ այն ամենը, ինչի մասին ինձ ասել են Բաքվում: Ուկրաինային օգնեք գեթ մեկ վրանով: Մեզ անհրաժեշտ չէ միլիարդ: Վրաստանն օգնում է, Լիտվան օգնում է …»:

Տեսանյութեր

Լրահոս