Բաժիններ՝

«Մենք հիմա 1000 դրամ էլ ի վիճակի չենք վճարելու. մեր պահանջն օրենքը կասեցնելն է». Տաքսու վարորդ

Կառավարության կողմից կատարված լիցենզավորման նոր կարգն  այսօր չի գոհացնում անհատ ձեռներեց տաքսու վարորդներին, ու նրանք հայտարարում են՝ բոյկոտել նոր կարգը: Այսօր ասուլիսին հրավիրված հյուրերն անհատ տաքսու վարորդներն էին, որոնք հայտնեցին իրենց դժգոհությունը նոր լիցենզավորման օրենքի համար և նշեցին, որ հիմա իրենց հստակ տեղեկացրել են ամսական 12 հազար դրամ վճարման մասին, բայց թե ինչի՞ համար պետք է վճարեն այդ գումարը, վարորդները չգիտեն: «Այսօր 12 հազար դրամն անհատ վարորդների համար  «թիվ» է, մենք այսօր չունենալով պայմաններ, կայանատեղիներ՝ պետք է այդքան գումար ամսական վճարենք ու չգիտենք՝ ինչի համար: Մենք այսօր պահանջում ենք կասեցնել որոշումը կամ, լավագույն դեպքում՝ իջեցնել 12 հազար դրամի շեմը»,- այսպես հայատարարեցին ասուլիսին հրավիրված վարորդները:

Այժմ տաքսու վարորդներին, բացի 12 հազար դրամը վճարելու փաստից, մտահոգում է նաև ուրիշ հարց. նրանց խոսքով՝ այս օրենքն ընդունելով՝ դժվար կլինի տարբերակել իսկական տաքսու վարորդին սովորական քաղաքացուց, որը պարզապես աշխատանքից հետո տաքսի է վարում ու մի քանի պատվեր կատարելուց հետո վերադառնում տուն: Նրանք պահանջում են՝ նախապես կարգավորել ոլորտը, հետո նոր լիցենզավորման կարգ սահմանել: «Եթե այսօր ցանկացած ձեռներեց  «ձեռի հետ» տաքսի է վարում, ուրեմն՝ հիմա ցանկացածը կարող է գալ, վերցնել այդ կտրոնը ու աշխատել՝ որպես տաքսու վարորդ: Իրական տաքսու վարորդը հիմա արդեն վատ է զգում, որ բոլորը կարող են տաքսի վարել: Եվ հիմա 12 հազար դրամ վճարելով՝ բոլորն էլ հավասար են դիտվում. տաքսի վարում են այսօր Պահակային վարչության աշխատողները, Պաշտպանության նախարարության աշխատակիցները, տարբեր ձեռներեցները, մսավաճառները, առևտրականները՝ բոլոր-բոլորը: Այդ կտրոնը չի ասում՝ դու չես վարելու, դու մասնագետ չես…»,- ասում է վարորդներից մեկը:

Վարոդները նաև նշեցին, որ կառավարությունն օրենքն ընդունելիս նրանց հետ չի խորհրդակցել, և հիմա այդ նշված պայմանները վարորդներին պարտադրում են կատարել: «Մեր պահանջները ոչ մի կերպ չբավարարվեցին. նստեցին, որոշեցին, իրենց համար պայմանները ստեղծեցին, որպեսզի սկսեն նորից տուժած ժողովրդին քամելու արարողությունը: Նոր օրենք են ուզում կիրառեն ու մեզանից նորից գանձեն, այն դեպքում՝ երբ այսօր համատարած ամբողջ քաղաքն ինչ-որ տեղից մեքենաներ է վերցնում ու որպես տաքսի վարում,- ասում է վարորդներից մեկը՝ հավելելով,- Հիմա էլ տարեկան լիցենզավորման համար անհատ ձեռներեց գոյություն չի ունենալու, եթե անհատ ձեռներեց եք ուզում դառնալ, պետք է մուծեք տարեկան  100 հազար դրամ, իսկ եթե վարորդն ունի մեկից ավելի մեքենա, անհատ ձեռներեցը ստիպված է նորից 100 հազար դրամ վճարել (նոր օրենքով անհատ ձեռներեցը կարող է ունենալ 4 մեքենա): Մինչև այդ այդպիսի օրենք գոյություն չուներ, կար անհատ ձեռներեց, որը 25 հազար դրամ փող էր վճարում լիցենզիայի համար և կարող էր 3 մեքենա ունենալ»,- ասում է տաքսու վարորդ Մխիթար Օհանյանը:

Հարցին՝ որքա՞ն եք պատրաստ վճարել, եթե ոչ՝ 12 հազար դրամ, վարորդներից մեկը պատասխանեց. «Մենք հիմա 1000 դրամ էլ ի վիճակի չենք վճարելու. մեր պահանջը կասեցնելն է՝ անորոշ ժամանակով ու օրենքով սահմանել մի գումար, որ մենք կարողանանք  վճարել դա: Մենք չենք ուզում տարեկան լիցենզիա, ամսական վճարումներ. մի գումար թող հստակ որոշեն՝ վճարենք, ու վերջ: Իսկ ներկա դրությամբ մենք ի վիճակի չենք վճարելու այդ 12 հազար դրամը, մեր պահանջը ոլորտը կարգավորելն է և նորմալ գումար հաստատելը»:

Կարդացեք նաև

Վարորդներն այսօր հստակ որոշել են՝ հիգշաբթի օրը  հավաքվելու են կառավարության շենքի դիմաց և, ինչպես նրանք նշեցին. «Հավաքվելու ենք մեքենաներով, որպեսզի «կատաստրոֆայի» ենթարկենք քաղաքը, որ մեզ հետ սրանից հետո հաշվի նստեն»:

Լուսանկարըՙ հեղինակի

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս