Բաժիններ՝

«Գոնե այս նոր օրենքը լավ պաշտպանվի, ժողովրդի լեզվով ասած՝ «գռդոնչիներն» արանքից դուրս գան». Վահագն Սահակյան

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե դրական չի համարում այն, որ տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների վրայից պետք է հանվեն դեղին համարանիշերը: Նրա խոսքով՝ այդպիսով հասարակությունը գոնե տեղեկանում է, որ տվյալ ավտոմեքենան լիցենզավորված է, և որոշակի հսկողություն կա այդ մեքենաների նկատմամբ: «Շատ դեպքեր գիտեմ՝ երբ մարդիկ տարանջատում էին՝ արդյոք մեքենան ունի՞ դեղին համարանիշեր, նստե՞ն այդ մեքենան, թե՞ ոչ: Հիմա մարդիկ նորից պետք է սովորեն՝ դիմապակու կամ ետնապակու վրա փակցրած այդ ինքնակպչուն տարբերանշաններին, որոնք չգիտեմ դեռ՝ ի՞նչ տեսք ունեն և որքանո՞վ են նկատելի»,- ասաց նա:

Ասուլիսին հրավիրված բանախոսները՝ Վահագն Սահակյանը և «Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը, խոսեցին տաքսիների լիցենզավորման նոր պայմանների՝ 2014թ դեկտեմբերի 25-ից դեղին համարանիշերը սպիտակով փոխարինելու մասին:

Լյովա Ավետիսյանը կարծում է, որ այս նոր օրենքն ամբողջությամբ հօգուտ անհատների է. «Քանի որ մենք կազմակերպություն ենք ներկայացնում, ունենք մի քանի տասնյակ մեքենաներ, բնական է՝ մենք ունենալու ենք վարորդներ, ու այս պարագայում եթե լիցենզիայի արժեքը դարձել է 12 հազար անհատների համար, մեզ համար մնացել է նույն 30 հազար դրամը, որովհետև յուրաքանչյուր մեքենա գրանցված է, այդ մեքենան վճարում է արտոնագիր և սոցվճար՝ սա ամսական, իսկ տարեկան լիցենզիայի արժեքը լինում է 200 հազար»:

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը տեղեկացրեց, որ դեղին համարներն օրենքով նախատեսված է վերադարձնել հաջորդ պետական տուրքը վճարելուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Այսինքն՝ եթե տաքսի ծառայության լիցենզիան գործում է, և վարորդը վճարել է անցած տարվա 200 հազար դրամ պետական տուրքը, այս տարի ապրիլին հաջորդ տուրքը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում վարորդը համարանիշերը պետք է հետ հանձնի, ստանա իր սպիտակ համարանիշերը և ինքնակպչուն տարբերանշանները:

«Նոր օրենքով նախատեսված է՝  մեքենայի արտաքին մասում գնացուցակի առկայություն, որի մեջ կներառվի՝ մինիմալ, նստելավարձ, կիլոմետրի վարձ և սպասելավարձ: Այս 4 դրույթը գոնե  առաջին տարիֆի դեպքում մի տեղ՝ դռան վրա, պետք է գրված լինի, իսկ ներսում՝ բոլոր տարիֆների մասին ինֆորմացիա: Այսօրվա վերջին մոդելի հաշվիչներն ունեն 8 տարիֆի տեղ: 8 տարբեր տարիֆներ, օրինակ, օդանավակայանի տարիֆը տարբերվում է սովորականից, շրջաններ գնալունը նույնպես առանձնանում է: Հիմա, քանի դեռ գնային ոլորտը կարգավորված չէ, վարորդն իրավունք ունի իր ուզած տարիֆները դնելու, դա իր ցանկությունն է, բայց նա պարտավոր է իր հաճախորդներին նախօրոք տեղյակ պահել իր տարիֆների մասին՝ գնացուցակի տեսքով: Դա կոչվում է բանավոր պայմանագիր. եթե մեքենայի սրահում չկա գնացուցակ, պարզ հայտարարում եմ՝ դուք կարող եք չվճարել, քանի որ դուք իր հետ գոնե բանավոր պայմանագիր չեք կնքել»,- ասում է Վահագն Սահակյանը:

«Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանն էլ նշեց, որ իրենց համար հիմա արդեն վարորդների հարցն է բարդանալու, քանի որ այժմ վարորդին ավելի նպատակահարմար է՝ ամսական 12 հազար դրամ վճարել ու աշխատել:

«Այս ամենն արվեց անհատների համար: Հիմա ո՞նց է լինելու, չգիտենք, շատ կազմակերպություններ արդեն կլուծարվեն, եթե եկամուտ չեղավ՝ կլուծարվենք,- ասում է Լյովա Ավետիսյանը՝ հավելելով,- Դեղին համարների ժամանակ, քանի որ մերը կազմակերպություն էր, խախտումն անում էր վարորդը, և հարցում էր գալիս Ճանապարհային ոստիկանությունից, թե տվյալ մեքենայի խախտում անող վարորդն ո՞վ է եղել: Մենք պատասխանում էինք՝ այս անձնավորությունը, ու տուգանքը գնում էր նրա վրա: Իսկ հիմա, դեղին համարանիշերի վերանալու պատճառով՝ արդեն խախտումները գալու են այն վարորդի վրա, ում անունով մեքենան է: Իսկ այդ մարդը, հնարավոր է՝ ունենա 5-10 մեքենա, որը հատույց կամ անհատույց տվել է կազմակերպությանը՝ օգտագործման համար: Նա չի կարող խախտում անել, քանի որ նա չի վարում այդ մեքենան, արդեն մեքենան պատկանում է տվյալ կազմակերպությանը, բայց համարները ֆիզ. անձով համարներ են. այսօր սա է խնդիրը: Հիմա արդեն խախտումի տուգանքը գալիս է տվյալ սեփականատիրոջ վրա, իսկ հետո գանձումը մնում է կազմակերպության վրա. շատ բարդ է գանձման գործընթացը»:

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը նաև նշեց, որ ամեն դեպքում՝ այսօր տաքսի ծառայություններն ունեն առավելություն, քանի որ, վերջիվերջո, հասարակությունն ավելի շատ վստահում է տաքսի ծառայություններին՝ քան անհատ վարորդներին: «Բայց գոնե այս նոր օրենքը լավ պաշտպանվի, ժողովրդի լեզվով ասած՝ «գռդոնչիներն» արանքից դուրս գան, և այն մարդիկ, ում համար տաքսի ծառայությունը պարզապես աշխատանք չէ, որոնք իսկապես այդ բիզնեսով են զբաղվում, չտուժեն այդ մարդկանց պատճառով: Փաստ է, որ տարբեր ոլորտներում աշխատող բազմաթիվ մարդիկ՝ սկսած Ոստիկանությունից, վերջացրած՝ հարկային տեսուչներից, աշխատանքից հետո այդ նշանը դնում են մեքենայի վրա ու, մի քանի պատվեր կատարելուց հետո, նոր գնում են տուն: Գոնե այս խավը որ վերանա, քայլ առ քայլ կգնանք նրան, որ տաքսի ծառայությունները (որոնք, ի դեպ, Հայաստանում շատ բարձր որակի էին, իսկ այսօր արդեն փլուզման եզրին են), չփչացնենք ու այդ մի բանն ունենանք՝ մեր երկրում պարծենալու համար»,- ասում է Վ. Սահակյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս