ՀՀ քաղաքացիները նախընտրում են բնակարաններ ձեռք բերել արտերկրում. նոր միտում՝ անշարժ գույքի շուկայում
Անշարժ գույքի շուկայում տարեցտարի վիճակը վատանում է՝ 2012 թ-ին ավելի վատ էր, քան 2011-ին, 2013-ին ավելի վատ, քան 2012-ին, 2014 թ-ին էլ ավելի վատ էր, քան 2013-ին: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը:
«Տարեցտարի պասիվացել է շուկան, և ավելի քիչ գործարքներ են իրականացվել՝ թե´ վաճառքի, թե´ վարձակալության առումով: Պահանջարկն ընկել է»,- ասաց նա:
Ըստ Դանիելյանի՝ անցած տարեվերջից հետո մի նոր միտում է ի հայտ եկել՝ ՀՀ քաղաքացիները նախընտրում են բնակարաններ ձեռք բերել արտերկրում, օրինակ, եթե նույն գումարով կարելի է Երևանի կենտրոնում բնակարան ձեռք բերել, մարդիկ գերադասում են Ռուսաստանի շրջաններից որևէ մեկում բնակարան գնել. «Ավելի նպատակահարմար են գտնում դրսում անշարժ գույք ձեռք բերել, քան Հայաստանում: Հատկապես հիմա է այդ միտումը, որ ռուբլին անկում ապրեց: Նախընտրում են այստեղ դոլարով տունը վաճառել ու Ռուսաստանում գնել, չնայած այնտեղ մի քիչ գնաճ է եղել անշարժ գույքի»:
Նա նշեց, որ սփյուռքահայությունը դեռ շարունակում է անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, բայց պատերազմական վիճակը, տնտեսական ճգնաժամն ընդհանուր շուկան պասիվացրել են: Դանիելյանի խոսքով, արդյունքում բնակարանների գները նվազում են. «Դեռ շատ ակնհայտ չէ, բայց միտումները տանում են դեպի գնանկում»:
Հիշեցնենք, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, Երևանում անցած տարի վաճառվել է 13.3%-ով շատ բնակարան, քան նախորդ տարի, ընդ որում՝ բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2014թ-ին 2013-ի համեմատ աճել են 0.8%: