Մի քանի միֆ հանքարդյունաբերության մասին
Հանքարդյունաբերության մասին շատ է խոսվում։ Խոսվում է հիմնականում բացասական համատեքստում։ Ընդ որում` ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, այլ նաև տնտեսական արդյունավետության։
Այո, բացի այն, որ Հայաստանի բնապահպանական կազմակերպություններն անխտիր բոլոր հանքարդյունաբերական ընկերություններին մեղադրում են շրջակա միջավայրն աղտոտելու ու սերունդներին անդառնալի վնաս հասցնելու մեջ, նրանք նաև քննադատում են ՀՀ տնտեսության կառուցվածքը:
Հիմնական ասելիքը հետևյալն է։ Հայաստանի ընդերքը թալանվում է, թալանվում է մեծ ծավալով (այսինքն` շատ հանքանյութ է արտադրվում ու արտահանվում), թալանվում է օտարների կողմից, Հայաստանի տնտեսությունը (հատկապես` արտահանման մասով) կախված է հանքարդյունաբերությունից։ Ու քանի որ հանքարդյունաբերությունն իր հերթին` խոցելի է, և հատկապես մետաղների գները զգայուն են ցնցումների նկատմամբ, ճգնաժամերի ժամանակ մեր արտահանումը տուժում է։ Ու պետք է փակել հանքերը` փոխարենը զբաղվելով, ասենք, գյուղատնտեսությամբ։
Ընդհանուր առմամբ, կարծես ամեն ինչ ճիշտ է ու տրամաբանական։ Հատկապես գների մասով` Վիճակագրությունն էլ է այդ մասին անուղղակիորեն վկայում։
Օրինակ, 2014 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1.1 միլիարդ դոլար, որից 510 միլիոնը բաժին է ընկնում պղնձի, երկաթի, մոլիբդենի և այլ հանքանյութերի արտահանմանը։ Այդ գումարից 177.8 միլիոնը պղնձի հանքաքարն է, 53 միլիոնը` չզտված պղինձը։ Ու քանի որ մետաղների գները 2014-ին զգալիորեն նվազել են, չնայած նախորդ տարվա ընթացքում պղնձի արտահանման բնեղեն ծավալներն ավելացել են 11750 տոննայով, սակայն արտահանման մաքսային արժեքը նվազել է 32.3 միլիոն դոլարով կամ 15.4%-ով։
Սա` գներից կախվածության վերաբերյալ։ Տնտեսության կառուցվածքի առումով գնահատականները ևս ճիշտ են` հանքարդյունաբերությունը զգալի կշիռ է կազմում ՀՆԱ-ի ու արտահանման մեջ։ Օրինակ` նախորդ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով` հանքարդյունաբերական արտադրանքը կազմել է Հայաստանից արտահանման 45%-ը։
Ավելին ասենք, վերջերս հրապարակվել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM-International Council of Mining and Metals) զեկույցը, որտեղ տվյալներ կան նաև Հայաստանի մասին։ Արտահանման մեջ ունեցած կշռի առումով Հայաստանը գտնվում է աշխարհի առաջին 20-յակի մեջ (20-րդ տեղում)։ Ըստ ICMM-ի` հանքարդյունաբերության կշիռն արտահանման մեջ 2012-ին կազմել է 44.5%։ Հայաստանին նախորդում են Մոնտենեգրոն, Սուդանը և Բուրկինա-Ֆասոն, որտեղ ցուցանիշը 45-46% է։ Իսկ ցանկը գլխավորում է Բոտսվանան, որտեղ հանքարդյունաբերությունը կազմում է արտահանման 91.6%-ը։
Հանքարդյունաբերությանը դեմ կարծիք ունեցողները կհակադարձեն` տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք, որ կախված ենք հանքարդյունաբերությունից, և, որ անխնա շահագործում ենք ընդերքը։
Իրականում այդպես չէ։
Նույն զեկույցում նշված են ամենից շատ հանքանյութ արտադրող TOP-20 երկրները։ Հայաստանն այդ ցանկում, ինչպես տեսնում եք, չկա։ Առաջին տեղում Չինաստանն է, որը 2012-ին արտադրել է 123.1 միլիարդ դոլարի հանքանյութ (աշխարհի 15.8%-ը), երկրորդ տեղում Ավստրալիան է` 108.5 միլիարդ դոլար, երրորդում` Բրազիլիան (65.9 միլիարդ դոլար)։ Ցանկը եզրափակում է Արգենտինան, որն արտադրում է տարեկան 5.4 միլիարդ դոլարի հանքանյութ:
Հայաստանում, ըստ ICMM-ի, հանքարդյունաբերության ծավալը 2012-ին կազմել է 570 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 5.7%-ը)։ Դա շատ չէ։ Օրինակ, ամենաբարձր կենսամակարդակ ունեցող եվրոպական երկրներից մեկում` Շվեդիայում, հանքարդյունաբերության ծավալը կազմել է 5.24 միլիարդ` 9 անգամ ավելի շատ, քան Հայաստանում։ Գերմանիայում այդ ցուցանիշը 24 միլիարդից ավելի է։
Այսինքն, խոսակցությունները, որ ընդերքը թալանվում է` ճիշտ չեն։ Սա առաջին միֆն էր։ Ճիշտ չեն նաև այն խոսակցությունները, որ հանքանյութի վրա հիմնված տնտեսություն ունեն միայն Հայաստանն ու աֆրիկյան երկրները։ Ինչպես տեսնում ենք, աշխարհի շատ զարգացած երկրներում հանքարդյունաբերությունը կարևոր դեր է խաղում տնտեսության մեջ։
Իսկ ամենամեծ միֆն այն է, որ հանքարդյունաբերությունն արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռ ունի, դրա համար էլ տնտեսությունը թույլ է։ Ոչ։ Իրականում տնտեսությունը թույլ է, դրա համար է հանքարդյունաբերության կշիռը մեծ։ Այսինքն, մենք հանքանյութից բացի` գործնականում ուրիշ ոչ մի բան չենք արտահանում։
Նույն Գերմանիայում 24 միլիարդ դոլար ծավալով հանքարդյունաբերությունն արտահանման 3.7%-ն է կազմում, մեզ մոտ` 44-45%։ Որովհետև գերմանացիներն արտադրում ու արտահանում են նաև այլ ապրանքներ։
Այո, Հայաստանում հանքարդյունաբերության տեսակարար կշիռը պետք է փոքրացնել։ Բայց ոչ թե հանքարդյունաբերությունը կրճատելու ճանապարհով, այլ մյուս ճյուղերը զարգացնելու։ Ժամանակին ճիշտ նույն կերպ Տիգրան Սարգսյանը ցանկանում էր նվազեցնել շինարարության տեսակարար կշիռը։ Արդյունքում` շինարարությունը մինչ օրս չի կարողանում ճգնաժամից դուրս գալ։
Եվ վերջապես, ևս մի ուշագրավ ցուցանիշ ICMM-ի զեկույցից` Exploration spend relative to production value: Այս ցուցանիշը ցույց է տալիս որոնողահետախուզման վրա ծախսվող գումարը` իրական արտադրանքի համեմատ: Պարզ ասած` որոնողահետազոտական աշխատանքների արդյունավետությունը։ Հայաստանում այդ ցուցանիշը 1.4 է։ Ավստրալիայում` 0.6, Թուրքիայում` 0.9:
Սա նշանակում է, որ իրականում մեզ մոտ անարդյունք հետախուզումը շատ ավելի մեծ տոկոս է կազմում, քան այլ երկրներում։ Իսկ դա էլ իր հերթին` նշանակում է, որ Հայաստանում չկան բավարար քանակով նորմալ ընկերություններ, որ ներդրում են անում պրոֆեսիոնալ հետախուզման մեջ ու ստանում են պրոֆեսիոնալ արդյունք` գործող հանք: Իսկ մենք դեռ շարունակում ենք պայքարել նորմալ ընկերությունների դեմ, որոնք ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում։