Բաժիններ՝

«Բնակչության 10%-ն աղանդավորական է». Ալեքսանդր Ամարյան

«Աղանդներն ունեն իրենց ծրագիրը և, ընդհանրապես, ցանկացած կառույց, որը պրոպագանդա է անում, ներազդում է մարդու վրա, հետևորդներ է ձեռք բերում, ու դա տալիս է նրանց որոշակի ծրագիր: Այդ ծրագիրը հատուկ մշակված է լինում՝ ինչպե՞ս ներքաշել աղանդը, ինչպե՞ս կախման մեջ գցել, որ նա հանկարծ չփախչի, նաև մեղքի զգացում են ներշնչում, և այդ ամեն ինչը հաճախ կատարվում է յուրահատուկ աղոթքների միջոցով, հատուկ երաժշտության տակ, ձայնային, լուսային ներգործություններով: Դա հատուկ ուղղված է նրանց զոմբիացմանը, և այդ մարդը դառնում է լիակատար կախյալ այդ խմբից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Հոգեբանն ասուլիսի ժամանակ խոսեց աղանդավորական շարժումների և աղանդավորականների մասին: Ըստ հոգեբանի, երբ ծնողները փոքր տարիքի երեխաներին են ներքաշում աղանդների մեջ, նրանց դեռ հնարավոր է լինում հետ բերել, բայց 30-40 տարեկան մարդուն, որը գալիս է հոգեբանի մոտ, ուժեղ դիմադրություն է ցուցաբերում, և այստեղ օգնության ձեռք մեկնել հնարավոր չի լինում. «Ցանկացած մարդ ապրում է իր կյանքը ծրագրելով՝ ծնվելու պահից մինչև մահ, դա կենսաբանական ծրագիրն է, հետո գալիս է սոցիալականը (այս տարիքում կգնաս դպրոց, այս տարիքում կամուսնանաս…), և դրանք բոլորը ծրագրեր են, ու շատ հաճախ այդ ծրագրերը տալիս են ծնողները: 2-5 տարիքը ծրագրավորման համար շատ հզոր դեր ունի, այդ տարիքում ամեն ինչ մնում է մարդու ենթագիտակցության մեջ, և ծնողները հաճախ այդ տարիքն են օգտագործում: Դա անձի ծրագրավորում է, և անձը, առանց նույնիսկ գիտակցելու, իր մեջ այդ ծրագիրն ունենում է»,- ասում է Ս. Խուդոյանը:

Հոգեբան Սամվելը Խուդոյանը նաև նշեց, որ պետք է պետության կողմից վերահսկվող լաբորատորիա լինի՝ այս ամենը կանխելու նպատակով: «Մենք դիմեցինք «Ներշնչանքը հասարակական կյանքում» ծրագրով գիտական գրանտ շահելու, բայց մերժեցին: Ծրագրի հիմքը ներշնչանքը հետազոտելն էր: Եվ, ընդհանրապես, դա մեր Պաշտպանության նախարարությանը, անվտանգությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ բան է. եթե դա չունես, դու մի քանի տասնյակ տարով հետ ես՝ ինչքան էլ կատարելագործված զենքեր ունենաս:

Պաշտպանության նախարարությանը պետք են հենց այս տեսակ լաբորատորիաներ, որոնք կաշխատեն, կհետազոտեն: Ոչ մի տեսություն ձեզ չի տա այդ տեխնոլոգիաները, դա պետական գաղտնիք է՝ ինչպես չեն տա իրենց առաջավոր զենքերի տեխնիկաները: Հասկանալու համար, թե այդ ամենն ինչպե՞ս է կատարվում, պետք են գիտահետազոտական լաբորատորիաներ, կիրառական կենտրոններ,- ասաց Ս. Խուդոյանը՝ հավելելով,- Մարդկանց կտրում են իրենց միջավայրից ու մի ամբողջ փիլիսոփայություն ներկայացնում, որը ծրագիր է. եթե դիմացիններն անհավատ են, նրանց պետք է հետ բերել. այդ ծրագրով են փորձում համոզել: Դուք մի մտածեք, որ նրանք ինչ-որ կեղծ բան են անում, նրանք ուղղակի հավատում են իրենց ասածին: Եվ ահա այս կարգի մարդկանց փոխելը դժվար է, որովհետև նրանք չեն դիմում մեզ, հարազատների դիմելու դեպքում էլ՝ դիմադրում են: Իսկ զոմբին մի փոքր այլ հասկացողություն է, երբ մարդուն կիսամեռ են անում, սա աֆրիկյան մեթոդիկա է: Երբ մարդուն թաղում են ու դեռ չմահացած՝ այնպես են անում, որ նա արդեն դառնում է ամբողջությամբ քո հրահանգները կատարողը: Այնքան են մահացնում, որ նա արդեն սկսում է գործել՝ որպես աշխատուժ»:

Հրավիրված մյուս բանախոսը՝ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ասաց, որ Հայաստանում այսօր կան 67 գրանցված այսպիսի կենտրոններ, որոնցից 54-ն աղանդավորական են, իսկ չգրանցված կան 250 աղանդներ: «Մենք ունենք 300 հազարից ավելի կրոնական կառույցի ներկայացուցիչներ՝ ոչ առաքելական եկեղեցու, դա բնակչության մոտ 10 % -ն է: Ամբողջ աշխարհում եթե վերցնես աղանդավորական դերը ավանդական եկեղեցու համեմատությամբ՝ բնակչության 1 %-ն է, մեզ մոտ՝ 10 %-ը, այսինքն՝ դա նշանակում է, որ հայ ազգը միշտ եղել է հավատարիմ իր դավանանքին, իսկ վերջին 20 տարիների ընթացքում այդ հավատամքը շատ շուտ ջարդվել է: Ջարդվել է հոգեբանական պրոբլեմների պատճառով: Ի՞նչ եղավ. 1988թ. երկրաշարժ՝ մարդիկ սթրեսից դուրս չեկան, հետո՝ մութ, սով, ցուրտ տարիներ, մարդիկ կրկին սթրեսից դուրս չեկան, 1994-ից ոնց որ թե կարգավորվեց, սկսեցինք վերականգնվել, ու 1999-ի դեպքերը եղան (հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում քաղաքական սպանությունները.- Ա.Խ.), կրկին շոկային իրավիճակ, ու ոչ մի հոգեբանական կառույցներ, ցավոք, չեն աշխատում մարդկանց վերականգնելու համար»,- ասում է Ա. Ամարյանը:

Բանախոսները նաև նկատեցին, որ այսօր Հայաստանում կան 100-ավոր ասոցիացիաներ, որոնք, թվում է, կրոնի հետ կապ չունեն, բայց որոշակի գաղափարախոսություն ունեն: Նրանց կարծիքով՝ սա էլ է աղանդ, ինչ-որ տեղ որևէ փիլիսոփայություն կա նրանում, նույնիսկ կարող է շատ գիտական ինչ-որ բան լինել, որի տակ այլ բաներ են քարոզում: Նրանք կարծում են, որ հիմա դրանք ավելի են շատացել: Օրինակ՝ ցանցային մարքետինգները, ըստ բանախոսների, նույն աղանդներն են:

168.am-ի հարցին՝ չե՞ք կարծում, որ մեր երկրում աղանդավոր դառնալու պատճառներից մեկն էլ՝ շատերի վատ սոցիալական վիճակն է. մարդիկ վատ են ապրում, իսկ այնտեղ գումարներ են տալիս մարդկանց, Ալեքսանդր Ամարյանը չհամաձայնեց և ասաց. «Ոչ, որովհետև աղանդավոր դառնալուց հետո իրենք ավելի շատ գումար են ծախսում եկեղեցու վրա, քան եկեղեցուց օգտվում են: Եթե նույնիսկ սոցիալական վատ վիճակում է, իր վերջին տունն էլ կծախի և եկեղեցուն փողը կտա»:

Հոգեբան Սամվել Խուդոյանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Սոցիալական հանգամանքը մի թեթև կա, քանի որ ճգնաժամային վիճակներում ավելի հեշտ են ենթարկվում. թուլացած մարդն է աղանդի ենթակա: Թույլ ու անկիրթ մարդիկ են հիմնականում ենթարկվում, նրանք շատ լավ ջոկում են, տեսնում են՝ մարդը տարիքային ճգնաժամ ունի, հիվանդ մարդ է, տնտեսական վատ վիճակում է, ու «խոստանում» են օգնել նրան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս