Սոճու ասեղնատերևից օշարակ՝ իմունային համակարգի և թոքերի համար
Սոճու ասեղնատերևներից պատրաստված օշարակը հրաշալի բուժիչ միջոց է թոքերի, շնչառական ուղիների, թոքերի բորբոքման կամ բրոնխիտի համար: Այն պաշտպանում է իմունային համակարգը՝ թույլ չտալով հարբուխով վարակվել: fitfoodhouse.net-ը ներկայացնում է այս հրաշք օշարակը պատրաստելու բաղադրատոմսը:
Բաղադրատոմս
Օշարակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի միայն 2 բաղադրանյութ՝ սոճու թարմ ասեղնատերևներ և բնական մեղր: Հավաքեք սոճու մի քանի թարմ, կանաչ ասեղնատերևներ (քանակությունը կախված է ընտրված տարայի չափսից): Մեղրը պետք է լինի թարմ, բնական և տնական:
Պատրաստման եղանակը
Լվացեք սոճու ասեղնատերևները, այնուհետև տեղափոխեք սրբիչի վրա և թողեք չորանան: Ցանկալի է՝ դրանք թողնել մոտ 24 ժամ, որից հետո միայն անցնել օշարակի պատրաստմանը:
Տարայի մեջ տեղադրում եք սոճու ասեղնատերևները և դրանց վրա հաստ շերտով մեղր եք լցնում: Այս գործողությունը կատարում եք այնքան ժամանակ, մինչև տարայի գագաթնային մասի և օշարակի միջև մնա 3-4սմ տարածություն: Ամենավերևի շերտում պետք է լինի հաստ շերտով մեղրը: Ամուր փակում ենք տարան և 40 օր պահպանում սառը վայրում ՝ խառնուրդն ամեն օր խառնելով:
40 օր անց բացում ենք տարան և խառնում օշարակը: Այն պետք է պահել սառնարանում, քանի որ կարող է շատ շուտ փչանալ: Օշարակը կարելի է խմել ամեն օր՝ մի քանի թեյի գդալի չափով:
Հիշեցնենք, որ ըստ հայկական հանրագիտարանի՝ սոճին (շամի) սոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է: Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում: ՀՀ հյուսիսային շրջաններում (1000-1850մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին: Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ղրիմի, սովորական, Բանքսի, և այլն: Տերևներն ասեղնաձև են, եռանիստ կամ մի կողմից կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2, 3, 5-ական փնջերով, պահպանվում են 2 և ավելի տարի: Կոների երկարությունը 3-10 սմ է, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ, տրամագիծը՝ 2,5-8 սմ: Ծաղկում է մարտին: Սերմերն ընկուզիկաձև են, սովորաբար՝ թևավոր: Լուսասեր է: Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը