Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել

Այսօրվա դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել: Այս մասին ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեր հարցին` արդյոք Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց ընտրվե՞լ է նրա նկատմամբ, քննչական կոմիտեից պատասխանել են. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն` խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ նեն, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրայալի նկատմամբ` քրեական գործի վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածով հստակ սահմանված են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, համաձայն որի` դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կարող է`

1. թաքնվել վարույթն իրականացնոց մարմնից,

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձնանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներակայանալու կամ այն ճանապարհով,

3. կատարել Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք,

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նմշանակված պատիժը կրելուց

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրելու պահին ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով նրա նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը, այսինքն` վերջինս արդեն իսկ գտնվել է կալանքի տակ, ինչպիսի պայմաններում բացակայում են նրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանմված խափանման միջոց կիրառելու վերը թվարկված հիմքերը, ուստի նրա նկատմամբ կրկնակի խափանման միջոց չի ընտրվել»:

Տեսանյութեր

Լրահոս