Ծովից ծովի փոխարեն՝ վերադարձ Թուրքիա

Հարցազրույց  Արևմտահայերի ազգային համագումարի քարտուղար Սևակ Արծրունու հետ

Մարտի 28-ին Փարիզում տեղի է ունենալու Արևմտահայերի չորրորդ համագումարը: Համագումարի կազմակերպիչները մտադիր են ընդունել Թուրքիայի կառավարությանն ուղղված պահանջագիր, որտեղ ներկայացված է լինելու, թե արևմտահայերի սերունդներն ինչ են պահանջում Թուրքիայի իշխանություններից: Ի տարբերություն  վերջին 100 տարվա ընթացքում ՀՅԴ-ի և մյուս սփյուռքյան կուսակցությունների և կազմակերպությունների կողմից իրականացվող քաղաքականության, որը Հայկական հարցի հիմքում դնում է Ցեղասպանության ճանաչումը և դրա հետևանքների վերացումը, այդ թվում և՝ հայ ժողովրդի տարածքային  պահանջների բավարարումը, Արևմտահայերի չորրորդ համագումարի պահանջագրի հիմքում ընկած է լինելու հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու և այնտեղ ապրելու հնարավորության ստեղծումը, դրա համար անհրաժեշտ միջազգային երաշխիքների ապահովումը:

– Ինչո՞ւ որոշեցիք համագումարը կազմակերպել մարտի 28-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցից մեկ ամիս առաջ, երբ համագումարն այնքան էլ կապ չունի այդ տարելիցի հետ:

– Նախ՝ ասեմ, որ համագումարը նախատեսված է անցկացնել Փարիզի «Մերիդիեն Էտուալ» հյուրանոցում՝ մարտի 28-29-ը: Առաջին օրը նվիրված է լինելու ելույթներին և քննարկումներին, իսկ մյուս օրվա երկրորդ կեսին կկազմակերպվեն քվեարկությունները: Սպասում ենք, որ համագումարին կմասնակցեն 150-200 պատվիրակներ ամբողջ աշխարհից: Կար տեսակետ, որ համագումարը պետք է անցկացվի ապրիլի 24-ից հետո, սակայն մենք կողմնակից էինք մինչև ապրիլի 24-ը անցկացնելուն, և հիմա պարզ դարձավ, որ մենք ճիշտ էինք, որովհետև մեր հարցն իրավական է, և ոչ թե՝ ճանաչման կամ ոգեկոչման խնդիր: Հիմա Հայաստանը, Թուրքիան և Սփյուռքի մեծամասնությունը կենտրոնացած են ապրիլի 24-ի վրա, իսկ մենք` Արևմտահայերի համագումարի մասնակիցներս, մարտի 28-ին և 29-ին կբացատրենք ամբողջ աշխարհին, և առաջին հերթին՝ Թուրքիային, որ ապրիլի 24-ով խնդիրը ոչ սկսվում, և ոչ էլ ավարտվում է:

Կարդացեք նաև

Ապրիլի 24-ն ընդամենը մի թվական է. 2015թ. ապրիլի 24-ին իրենք Հայոց ցեղասպանություն կազմակերպելու չորս որոշումներից երկրորդն են ընդունել: Եվ մեր նպատակն էր՝ մինչև ապրիլի 24-ը Թուրքիային ներկայացնել արևմտահայերի իրավական պահանջագիրը, որը մեկ նախադասությամբ կարելի է ձևակերպել այսպես. Արմտահայերը պահանջում են իրենց ժողովրդագրական և քաղաքակրթական ներկայությունը վերականգնել պատմական հայրենիքում:

– Ինչպե՞ս եք պատկերացնում այս պահանջի կատարումը:

– Սա նշանակում է, որ Արևմտահայությունը պետք է վերականգնի իր ներկայությունն իր պատմական հայրենիքում և շարունակի իր ընդհատված քաղաքակրթության զարգացումը: Դա կարվի 5 տարում, 100 տարում թե 200 տարում՝ կարևոր չէ, քանի որ ազգերի պատմության մեջ դա փոքր ժամանակահատված է: Բոլոր միջազգային փաստաթղթերով է հաստատված, և միջազգային հանրությունը գիտի, որ հայությունը զրկվել է իր պատմական հայրենիքից, և նույն միջազգային հանրությունը ճանաչում է արևմտահայերի իրավունքը՝ վերահաստատվելու իր պատմական հայրենիքում: Այսօր էլ մոտ 2 միլիոն արևմտահայեր ապրում են Արևմտահայաստանում. նրանք ունեն՝ գիտակցական վերադարձի, մենք՝ ֆիզիկական վերադարձի անհրաժեշտություն: Մեր կազմած փաստաթուղթը կազմված է լինելու 11 կետից, որոնցից յուրաքանչյուրում փաստերով ապացուցվելու է, որ սկսած 19-րդ դարի կեսերից սկսվել է հայերի դուրսմղումը պատմական հայրենիքից, և այդ գործընթացը պետք է հետ պտտեցնել:

– Թուրքիան ձեր պահանջագրին կարող է պատասխանել, որ որևէ խոչընդոտ չկա, և հայերը կարող են վերահաստատվել իրենց հայրենիքում, հնարավոր է՝ որ համաձայնի հեշտացված կարգով Թուրքիայի քաղաքացիություն շնորհել վերադառնալ ցանկացողներին: Մի՞թե դա է ձեր պահանջը:

– Սպեկուլյացիաների շրջանակում Թուրքիան շատ բան կարող է ասել, բայց դիմացը կանգնած հայությունն էլ պատրաստ է այդ սպեկուլյացիաներին պատասխանելուն: Բայց երբ Թուրքիային ներկայացվեն իրավական պահանջներ, Թուրքիան չի կարող նման պատասխան տալ, որովհետև, ես նորից եմ կրկնում՝ 1831թ. սկսած Թուրքիան բոլոր խոչընդոտները ստեղծել է, որ հայ ժողովուրդը հնարավորություն չունենա շարունակել իր գոյությունն իր հողի վրա: Այսինքն՝ մենք Թուրքիայի հետ խոսելու ենք անվիճելի իրողությունների լեզվով, որոնք ենթակա չեն սպեկուլյացիաների:

– Ենթադրենք՝ Թուրքիան ընդունեց այդ պահանջագիրը, ընդունեց արևմտահայերի՝ իր պատմական հողում ապրելու իրավունքը, հետո՞:

– Դուք ուզում եք, որ ես ասեմ, որ հաջորդ օրն առավոտյան բոլոր արևմտահայերը վերադառնալու են իրենց հայրենիք. իհա՛րկե ոչ, նման բան չի լինի: Ուղղակի կան հարյուրավոր, հազարավոր միջազգային օրենքներ, որոնք Թուրքիան խախտել է, և այդ խախտումների համար Թուրքիան պետք է պատասխան տա: Այլապես հիմա միջազգային հանրությունն ընդամենը լսում է, որ հայությունը պահանջում է ծովից ծով Հայաստան, սրանով մեր պահանջները սկսվում և ավարտվում են: Բայց երբ մենք պահանջը կդնենք իրավաքաղաքական հարթությունում, Թուրքիան պարտավոր կլինի խոսել իրավական դաշտում, և աշխարհը ևս կպարտադրի Թուրքիային՝ վերականգնել հայերի խախտված իրավունքները և հայությանը հնարավորություն տալ իր կյանքը շարունակել իր հայրենիքի թեկուզ մի հատվածում:

– Հաշվե՞լ եք,  թե քանի արևմտահայ է պատրաստ վերադառնալ և ապրել Թուրքիայում:

– Այսօր՝ զրո, որովհետև այսօր պայմաններ ապահովված չեն: Խնդիրն այն է, որ պետք է տարվի աշխատանք, պայքար, որպեսզի այդ պայմաններն ապահովվեն օրենքի շրջանակներում և միջազգային բոլոր երաշխիքներով:

– Դուք պահանջում եք հայերի՝ Թուրքիայում ապրելու իրավունքի վերականգնում և այդ կյանքի ապահովության միջազգային երաշխիքներ: Սա շեղում է մինչև այժմ հայության կողմից իրականացվող Հայ Դատի և Պահանջատիրության քաղաքականությանը, որի հիմքում ընկած է այն, որ հայերի պատմական հայրենիքը պետք է վերադարձվի հայերին և դառնա Հայաստան, և միայն Հայաստանը կարող է լինել հայերի անվտանգության երաշխավորը: Ի՞նչ կպատասխանեք նրանց, ովքեր ձեզ կմեղադրեն ընդհանուր պայքարից շեղվելու մեջ:

– Տեսեք, Արցախն ազատագրվեց, և գրեթե Լիբանանի տարածքի չափ տարածք ունենք այնտեղ: Ես հարց եմ տալիս. արևմտահայությունից քանի՞ հայ վերադարձավ հայրենիք՝ թեկուզ վաղը սահմանից այն կողմ անցնելու հեռանկարով. ոչ մի: Արևմտահայությունը պատրաստ չէ վերադառնալու՝ ապրելու իր հայրենիքում, որովհետև ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում վերադարձի պայմաններ չկան: Այո՛, եթե հայության նպատակը դիտարկենք «Ծովից ծով Հայաստանի վերականգնում», մենք շեղվում ենք ընդհանուր քաղաքականությունից, բայց դա փոքրամասնության կարծիքն է, և նրանք ամբողջ հայությանն իրենց պատանդ դարձնելով՝ ասում են, որ դա ամբողջ հայության կարծիքն է: Ես ասում եմ, որ դա անիրատեսական է, դա պատեհապաշտական է:

Իհա՛րկե հնարավոր է, որ Արևմտահայերի 4-րդ համագումարը ևս որոշի, որ իր ուզածը «Ծովից ծով Հայաստանն» է, բայց ծնված լինելով սփյուռքում, շփված լինելով սփյուռքի բոլոր գաղթօջախների, բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մտավորականների, գործարարների, բոլոր բոլորի հետ, կարող եմ ասել, որ բոլորն էլ, բացառությամբ ՀՅԴ-ի, հասկանում են, որ «ծովից ծովն» իրատեսական չէ, որ այսօր խնդիրը արևմտահայերի ոտնահարված իրավունքներն են, որոնք Թուրքիան հարյուր և ավելի տարի ոտնահարում է, և մեր խնդիրն այդ իրավունքների վերականգնումն է:

– Մի՞թե հնարավոր է, որ Ցեղասպանության ենթարկված արևմտահայերի ժառանգները հավատան Թուրքիայի կամ միջազգային երաշխիքներին և վերադառնան Թուրքիա, ցանկություն հայտնեն ապրել այդ երկրի տարածքում:

– Այսօրվա դրությամբ՝ ոչ: Բայց եթե մենք շարունակենք հետապնդել ոչ իրատեսական պահանջներ, ապա հաջորդ 20, 50 կամ 100 տարին ևս ոչնչի չենք հասնի: Իսկ եթե մենք դնենք իրատեսական պահանջներ, ապա կարող ենք հասնել նրան, որ հայերը կապրեն մի երկրում, որը կլինի Թուրքիա, կլինի Հայաստան թե այլ պետություն, կարևոր չէ, բայց կապրեն իրենց հողի վրա: Հայերն այսօր ապրում են Սիրիայում, Իրաքում. մի՞թե կարծում եք, որ այնտեղ նրանց բոլոր իրավունքներն ապահովված են, կամ ունեն ապահովության բոլոր երաշխիքները, իհա՛րկե ոչ, բայց նրանք համարում են, որ դա իրենց հայրենիքն է, և շարունակում են ապրել:

– Կարելի՞ է ասել, որ դուք ավելի իրատեսական եք համարում Արևմտյան Հայաստանի տարածքում Հայկական օջախի ստեղծումը, որը մի օր կարող է դառնալ Հայաստան:

– 1914թ. հուլիսին Ռուս-բրիտանական հուշագիր ստորագրվեց հայերի ինքնավարության մասին, համարյա թե ինքնավարության մասին, երիտթուրքերի կառավարությունը ժամանակ շահելու համար դա ստորագրեց: Թուրքիան կարողացավ հայերի հարցը լուծել Ցեղասպանության միջոցով, դրա մեղավորն անշուշտ Թուրքիան է և իր ցեղասպան քաղաքականությունը, բայց մեղավոր է նաև միջազգային հանրությունը, որ Հայկական հարցն օգտագործեց Թուրքիայի դեմ: Մենք պետք է իմանանք, թե մեր ազգային ռեսուրսները որքան են, և ինչ խնդիր մենք կարող ենք իրականացնել: Բացի մեզանից՝ Հայկական հարցը ոչ մեկը չպետք է առաջնորդի, եթե առաջնորդեն, ապա կօգտագործեն: Մեր հարցով պետք է զբաղվենք միայն մենք՝ միշտ հիշելով, որ ժողովուրդները պետք է վերականգնեն, հաստատեն, պահպանեն իրենց գոյությունն իրենց պատմական հայրենիքում:

Տեսանյութեր

Լրահոս