Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին. դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով վերջնական դատական ակտը կհրապարակվի հունվարի 29-ին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու:
Դատական այսօրվա նիստում կողմերը հանդես եկան ռեպլիկով, իսկ Վարդան Պետրոսյանը օգտվեց վերջին խոսքի իր իրավունքից:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, ավտոմեքենայի հետևի մասին:
Ավտովթարի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ և էդգար Հակոբյանները մահացել էին, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ, էմմա, Արթուր Հակոբյանների առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: