«Բանակցություններն ընթանում են այլ իրականության մեջ, իսկ սահմանում տիրում է միանգամայն այլ իրականություն». Քաղաքագետ

«Ես վերջին շրջանում միշտ հանդես եմ եկել առաջարկով՝ դադարեցնել այս բանակցային գործընթացին մասնակցելը, ավելի շուտ՝ հաջորդ հանդիպման համար նախապայմաններ առաջադրել Ադրբեջանին, և այդ նախապայմանները պետք է իրենց մեջ ներառեն անվտանգության մինիմալ չափանիշների ապահովման պահանջներ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հետագա ընթացքի մասին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծում է՝ հաջորդ բանակցային փուլը պետք է լինի այն դեպքում, եթե Ադրբեջանը, օրինակ, ետ տանի դիպուկահարներին առաջնագծից, ստեղծի սահմանում տեղի ունեցող միջադեպերի մոնիտորինգի միջազգային խմբեր և այլն.

«Այսինքն՝ մինչև Ադրբեջանը ցույց չտա, որ բանակցային գործընթացը օգտագործվում է խաղաղության նախապատրաստելու համար, այլ ոչ թե ժամանակ է շահում պատերազմի համար, ուրեմն՝ այդ բանակցային գործընթացը այս ձևով անիմաստ է:

Հայաստանի դիվանագիտությունն ունի նման պոտենցիալ և ռեսուրսներ, առանց Մինսկի խմբի ֆորմատին վնասելու և առանց՝ ընդհանրապես բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխելու նման նախապայմաններ առաջադրել և դիվանագիտական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել»:

Լարվածության այս փուլում՝ քաղաքագետը նախագահների արդյունավետ հանդիպման որևէ նախապայման չի տեսնում: Նրա համար ակնհայտ է, որ անգամ կոնտակտի խնդիր կա, որովհետև նույնիսկ միջնորդները նախընտրում են լռել այս օրերին և ընդամենը բավարարվում են՝ սոցիալական ցանցերով ինչ-որ հայտարարություններ և կոչեր անելով. «Սա անընդունելի է, և ցույց է տալիս, որ դիվանագիտական հարաբերությունների շփման ճգնաժամ է:

Բանակցությունները փակուղի են մտել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո: Այդ օրվանից սկսած՝ 4 տարի շարունակ իրավիճակ է փոխվել, ու բանակցություններն ընթանում են այլ իրականության մեջ, այլ իրականության մասին, իսկ սահմանում տիրում է միանգամայն այլ իրականություն»:

Տեսանյութեր

Լրահոս