«Սա լայնամասշտաբ պատերազմ չէ, այլ տիպի պատերազմ է, որը կարող է տարիներ տևել». Քաղաքագետ
2015 թվականի հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը կանխատեսելի էր: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ունի 2 տասնյակ պատճառներ՝ իրեն նման կերպ պահելու համար:
Քաղաքագետն անդրադարձավ 3 հիմնական ու կարևոր պատճառների, որոնք այս տարի են ի հայտ եկել:
Ըստ նրա՝ Ադրբեջանի պահվածքի առաջին պատճառը կապված է հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ. «2014-ի վերջին և 2015-ի սկիզբը բավական ինտենսիվ էին ադրբեջանա-թուրքական ամենաբարձր մակարդակ հանդիպումները, և ակնհայտ է, որ այստեղ պայմանավորվածություն կա 2 երկրների միջև՝ համատեղ ջանքերով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության 100-ամյակից, և տարածաշրջանում օրակարգային մեկ այլ հարց բերել»:
Քաղաքագետը կարծում է՝ լարավածության մեծացման երկրորդ պատճառը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումն է: Նրա խոսքով՝ 2015 թվականի հունվարի 1-ից տարածաշրջանում աշխարահաքաղաքական իրավիճակ է փոխվել, և Հարավային Կովկասի երկրներից մեկը դարձել է միջազգային խոշոր միության անդամ.
«Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ ԵՏՄ-ն լիարժեք գործելուց հետո՝ բավական լուրջ անվտանգության գործոն է դառնալու Հայաստանի համար, բայց քանի դեռ ԵՏՄ-ն գտնվում է խմորումների փուլում, քանի դեռ այն չի կայացել որպես հստակ, ուժեղ, գործող միություն, որն ի վիճակի է պաշտպանել իր տնտեսական շահերը բոլոր տիպի սպառնալիքներից, Ադրբեջանը փորձում է միջազգային ընկալումների մակարդակում սովորական դարձնել այն փաստը, որ ԵՏՄ անդամ երկիրը կարող է գտնվել պատերազմական իրավիճակում, և դրա սահմանները կարող են մշտապես գնդակոծվել»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ այդ իրավիճակի երրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանն արդեն 3-4 տարի է տարածաշրջանում հանդես է գալիս «խաղաղություն վաճառողի» դերում:
Քաղաքագետի խոսքով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ նահանգները, թե՛ Եվրոպական միությունը՝ ի դեմ Ֆրանսիայի, շահագրգռված էին տեսնելու կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս, իսկ Ադրբեջանը փորձում է ստիպել «վճարել» այդ խաղաղության համար.
«Այսինքն՝ ինչ-որ դիվիդենտներ քաղել՝ իրավիճակը լարելով մինչև վտանագավոր աստիճանի, այնուհետև նստում են բանակցությունների՝ Ռուսաստսնից, Միացյալ նահանգներից և Եվրոպական միությունից դիվիդնենտներ ստանալու հույսով»:
Հ. Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ Ադրբեջանը նման քաղաքականություն իրականացնելու համար բավական մեծ հնարավորություններ ունի: Պատճառներից մեկն այն է, որ միջազգային զսպման մեխանիզմներն այսօր չեն գործում. «2013 թվականի վերջից, երբ սկսվեց ուկրաինական ճգնաժամը և ռուս-արևմտյան հակամարտությունների լարման պատճառ դարձավ, միջազգային զսպման մեխանիզմները Հարավային Կովկասում սկսեցին չգործել:
Եթե մինչ այդ Մինսկի խմբի ինստիտուտը ինչ-որ մի փակ ակումբ էր, որտեղ Միացյալ նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան համաձայնեցնում էին իրենց քաղաքականությունը տարածաշրջանում, ապա 2013-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից՝ նա որպես նման ինստիտուտ դադարեց գոյություն ունենալ:
Սա թույլ տվեց Ադրբեջանին ձերբազատվել այդ միջազգային ճնշման գործիքից և ավելի ազատ, ավելի անկախ իրեն զգալ Հայաստանի դեմ գործողություններում»:
Քաղաքագետը կարծում է՝ Ադրբեջանի ակտիվանալու համար պատճառ է հանդիսանում նաև այն, որ Հայաստանը նախահարձակ չի լինում: Ադրբեջանը վստահ է, որ ինքը կարող է լարել իրավիճակը մինչև իրեն անհրաժեշտ սահմանի, և եթե տեսնի վտանգավոր է, այդ լարվածությունից հետ գալ և չսպասել նախահաձակ գործողությունների Հայաստանից.
«Իրենք իրենց համար գործունեության ազատություն են տեսնում: Սա Ադրբեջանի հիմնական սխալներից մեկն է, քանի որ կարող է լինել իրավիճակ, որ հայկական կողմը լինի նախահարձակ: Ադրբեջանի խնդիրը՝ լարվածություն ցույց տալ, կարծես թե, լուծված է, քանի որ իսկապես աննախադեպ ակտիվություն էր մի ամբողջ ամսվա ընթացքում:
Դա հաշվի առնելով՝ ինչ-որ հանգստություն է տիրել սահմանում, բայց սա կարող է խաբուսիկ լինել, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր իրավիճակ է ստեղծվել, և այս իրավիճակը պատերազմից բացի՝ ուրիշ բառով բնութագրել հնարավոր չէ: Դա լայնամասշտաբ պատերազմ չէ, սա այլ տիպի պատերազմ է, որը կարող է տարիներ տևել՝ լարվածության տարբեր աստիճաններով»: