«Սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել, ինչն ընդհանրապես բարոյական չէ». Արմեն Բադալյան
Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ
– Պարոն Բադալյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով նաև Գյումրիի ողբերգությանը: Նա մեղադրել է ներկայիս իշխանություններին անհապաղ չգործելու և Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկելու մեջ:
– Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ինքն ու իր ընտանիքը խորապես ցնցված են Գյումրու ողբերգությունից և կիսում են բնակչության վիշտը: Հարց է առաջանում` 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցածը չցնցե՞ց նրան, և ո՞վ էր դրա ետևում կանգնած: Գուցե ինքը մոռացե՞լ է, եթե մոռացել է, ապա կարող ենք հիշեցնել, որ այն ժամանակ դեռևս նա էր ՀՀ նախագահը, և բանակը, խախտելով բոլոր օրենքները, մտցվեց Երևան քաղաք՝ իր հրամանով պաշտպանելու համար իրեն ու իշխանությանը:
Ուստի հասկանալի է, թե ում վրա է ընկնում պատասխանատվությունը: Իսկ այստեղ իր ընտանիքը ցնցված էր այդ իրադարձություններից, և արդյո՞ք կիսում էր այդ 10 հոգու սպանության վիշտը 2008 թվականին, նա այն ժամանակ չասաց, թե կիսում է այդ ընտանիքների վիշտը: Այնպես որ, կարող ենք պարզապես ասել, որ անգամ սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել, ինչն ընդհանրապես բարոյական չէ: Թեև տարօրինակ չէ ՀՀ քաղաքականության համար, քանի որ Հայաստանում բարոյականությունն ու քաղաքականությունը հասկացություններ են զուգահեռ հարթությունների վրա և երբեք չեն հատվում:
Այս անդրադարձով երկրորդ նախագահը փորձեց միանալ ժողովրդին, որովհետև հասկանալի է, որ հասարակության մեծ մասի շրջանում խորը ցնցում էր առաջացրել Գյումրիի ողբերգությունը, և շարքային քաղաքացիները կիսում էին Գյումրիի սպանված ընտանիքի վիշտը: Այս քայլով նա անուղղակիորեն իրեն նույնականացնում է այս քաղաքացիների հետ և փորձում տարանջատվել այս իշխանություններից: Երկրորդ նախագահի բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման գնում է հետևյալ միտքը` տարանջատվել իշխանություններից՝ ցուցադրելով, որ այս իշխանությունների հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի, որ իր ժամանակ որոշակի թերություններով, ամեն ինչ դրական է եղել, իսկ այսօր վատ է, և դրա մեղավորն ինքը չէ:
Նա խոսում է նաև բենզինի շուկայում մենաշնորհի մասին, իսկ ոչ ոք չի մոռացել, թե ով է բենզինի շուկայում մենաշնորհի հիմնադիրը, ավելի ճիշտ՝ օլիգարխիկ մենաշնորհային տնտեսության հիմնադիրը:
Ինչպես այս, այնպես էլ բոլոր նախորդ հարցազրույցներն ունեն մեկ նպատակ` տարանջատվել գործող նախագահից, որը նրան չի հաջողվում, որովհետև գործող նախագահն իրականացնում է երկրորդ նախագահի տնտեսական և արտաքին քաղաքականությունը:
– Երկրորդ նախագահը սահուն կերպով շրջանցում է ընդդիմության և ոչ իշխանական կուսակցության վերաբերմունքը, չի գնահատում այն, երբ, ըստ էության, ընդդիմությունը, ինչպես և իշխանությունը, փորձեց Մոսկվային «չվիրավորելու» քաղաքականություն վարել, պահանջներով հանդես չգալ: Ինչո՞ւ է քննադատվում միայն իշխանությունը և ոչ ողջ քաղաքական դաշտը, երբ դա ընդհանուր քաղաքական դաշտի խնդիրն է:
– Բնական է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե իր հարցազրույցում որ հարցերին անդրադառնա, որին` ոչ: Երկրորդ նախագահն այս հարցը, ճիշտ նկատեցիք, շրջանցում է, որովհետև ընդդիմության և ոչ իշխանական եռյակի շարքում կա մի ուժ, որի հետ նա դրական հարաբերություններ ունի: Եթե նա քննադատեր եռյակի մոտեցումը, կքննադատեր «Բարգավաճ Հայաստանին» ևս, ինչից խուսափել է: Թեև պետք է ասեմ, որ եռյակի ուժերը քննադատեցին Գյումրու իրադարձություններն ավելի շուտ, քան Սերժ Սարգսյանը: Իշխանությունները լռեցին՝ սպասելով Պուտինի արձագանքին-ցավակցությանը, որից հետո պարզ դարձավ նրանց համար` ինչ պետք է անել, իսկ ոչ իշխանական ուժերը ցավակցեցին:
– Զգուշավոր հայտարարություններից բացի՝ գործողություններ չեղան:
– Այո, հայտարարություններ եղան, իսկ գործողությունների հարցում զգուշավոր գտնվեցին: Եռյակի որոշ գործիչներ նույնիսկ կարծիք հայտնեցին՝ պնդելով, որ մեղադրվողը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին, բայց գործողություններին տեր կանգնել չցանկացան, դա կարող էր բացասական ընկալվել Մոսկվայում: Իսկ Գյումրիի դեպքը ցույց տվեց այն, որ Հայաստանում ամեն ինչ որոշում է Պուտինը, երբ նրա ցավակցությունից հետո կարելի է ցավակցել, նա է որոշում՝ հանցագործություն կատարած զինվորին որտե՞ղ և ի՞նչ օրենքներով դատել, և նա է երկրի տերը, քանի որ Հայաստանը դարձել է ՌԴ վարչատարածքային միավորը:
– Առաջիկայում պետք է կայանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որը շատ քննարկվեց: Ո՞րն է այս միջոցառման քաղաքական նպատակը, ըստ Ձեզ, և կա՞ն արդյոք տարաձայնություններ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, որի հետևանքով էլ ՀԱԿ-ը չի մասնակցելու միջոցառմանը, թեև ՀԱԿ-ը պարզաբանել է այս հարցը: Ամեն դեպքում կան նաև խոսակցություններ՝ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև տարաձայնությունների մասին:
– Եռյակում խնդիրներ չեն կարող առաջանալ, քանի որ այն դե ֆակտո դաշինք է՝ ընդամենը խորհրդարանական ուժերի աշխատանքային ձևաչափ, և ոչ ավելին: Նրանք դե յուրե ընդհանուր փաստաթուղթ՝ համագործակցության վերաբերյալ չունեն, ուստի յուրաքանչյուրն ազատ է իր գործունեության մեջ: Խորհրդաժողովը ԲՀԿ խորհրդաժողովն է, իսկ ՀԱԿ-ը նշել է, որ հարգանքով է վերաբերվում եռյակի այլ ներկայացուցիչների միջոցառումներին, որովհետև նման միջոցառում «Ժառանգությունը» ևս կազմակերպեց, և ՀԱԿ-ն ակտիվ մասնակցություն չցուցաբերեց: Սա կուսակցական միջոցառում է, որի հաջողություններն ու վնասները վերաբերում են ԲՀԿ-ին:
Ինչ վերաբերում է խորհրդաժողովին, այդ խորհրդաժողովի կազմակերպման հարցը և խորհրդաժողովի անցկացման նպատակահարմարությունը հասկանալի չեն, ԲՀԿ-ին վնասներ տվեցին: Նրանք նշում են, որ խորհրդաժողովը հրավիրում է Ծառուկյանը, սակայն նա շարքային քաղաքացի չէ, այլ ԲՀԿ առաջնորդ, խոշոր գործարար, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Մարդիկ չեն գնում շարքային Ծառուկյանի խորհրդաժողովին, այլ՝ քաղաքական ուժի ղեկավարի խորհրդաժողովին: Գագիկ Ծառուկյանին հնարավոր չէ տարանջատել ԲՀԿ-ից, որովհետև նա լիդեր է, և ասելով՝ Գագիկ Ծառուկյան, հասկանում ենք՝ ԲՀԿ:
Կոնֆերանսի անցկացումը նրա ղեկավարությամբ հարվածում է ԲՀԿ-ին, քանի որ ԲՀԿ քաղաքական թևի շատ ներկայացուցիչներ իրենց մասնագիտական, քաղաքագիտական գիտելիքներով ավելի բարձր են, քան իրենց կուսակցության ղեկավարը, և գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ի վարկանիշն ավելանում է վերջին տարիների ընթացքում: Դա նկատելի է, որովհետև ակտիվ գործունեություն են իրականացնում: Իսկ այս ձևաչափով կոնֆերանս անցկացնելն ինչ-որ չափով թուլացնում է այն դրական իմիջը, որը ԲՀԿ-ն սկսել էր վերջին տարիների ընթացքում ձեռք բերել: Փաստորեն, անուղղակի հարվածում է այդ իմիջին:
Պոլիտտեխնոլոգիաների օրենքներով՝ միջոցառումը սխալ է կազմակերպված: Այս խորհրդաժողովը չի բարձրացնելու ԲՀԿ առաջնորդի վարկանիշը, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ծառուկյանը ներկայանում՝ որպես քաղաքացի Ծառուկյան: Երբ նայում ենք հրավիրվածներին, ապա տեսնում ենք, որ այդ կուսակցություններն ընդամենը Արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություններ են և փաստացի դրանք չկան, գործունեություն չեն ծավալում: Այսինքն` այս կոնֆերանսում, ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդի համեմատաբար բարձր վարկանիշն իջեցվում է փաստացի գոյություն չունեցող կուսակցությունների ղեկավարների վարկանիշին: Այս ամենից ամենաշատը տուժում է ԲՀԿ-ն, ապա՝ իր ղեկավարը: Սա, որպես քաղտեխնոլոգիական պրոյեկտ, անհաջող էր:
– Միգուցե նպատակը հենց Ծառուկյանի անձը, առաջնորդային դիրքերն ընդգծե՞լն էր:
– Այդ մոտեցումը սխալ մոտեցում է, որովհետև չի կարելի կուսակցության ղեկավարի վարկանիշը բարձրացնել` կտրելով կուսակցությունից: Երբ ցանկություն կա բարձրացնել կուսակցության վարկանիշը, պետք է երկուսը միաժամանակ անել: Այդ նպատակի համար այլ գործողություններ պետք է իրականացնել, որն այդ խորհրդաժողովի հետ առնչություն չունի: