Վարդան Պետրոսյան. Որքան հասկացա՝ այս տիպի գործերը լուծվում են երկու ձևով՝ կամ դատարանից դուրս, կամ դատարանով
Կոտայք մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ճառով հանդես է գալիս ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ միշտ ըմբռնումով է մոտեցել վիրավորանքներին, որոնք տուժողների կողմից հնչել են իր հասցեին:
«Անդառնալի է այդ երկու երեխաների կորուստը: Ոչ ոք նրանց չի վերադարձնի: Ընդհանրապես ես որքան հասկացա՝ այս տիպի գործերը լուծվում են երկու ձևով՝ կամ դատարանից դուրս, կամ դատարանով: Դատարանից դուրս կամ հաշտվում են, կամ խոսում են, կամ բարիշում են, կամ, ինչպես ինձ մի անգամ ասացին այդ բառը՝ տղայական լուծում են տալիս, ներքին լուծում են տալիս, և դա շատ ընդունված է մեզ մոտ՝ Հայաստանում, և այդտեղ ոչ մի վատ բան չկա, ես չեմ տեսնում:
Կա մի ուրիշ լուծում, որը հարցը փորձում է լուծել դատարանով, դատարանի օրենքներով: Բայց այստեղ բոլոր օրենքները այլ են: Ցավոք սրտի, այդ երկուսը իրար հետ համատեղել չի ստացվում, ինչպես յուղը ջրի հետ:
Դրանք երբեք չեն խառնվում, բայց ինչ փորձեց արվել այս դատական նիստում: Ես չեմ ուզում ասել, թե դա դիտմամբ արվեց, թե պատահաբար ստացվեց, հարգելի դատարան, բայց այդպես ստացվեց»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ ևս մեկ անգամ հայտնում է իր ցավակցությունը:
Վարդան Պետրոսյանի ճառը ընդհատվեց, քանի որ տուժողների ներկայացուցիչը միջնորդեց ընդմիջել նիստը. նիստի վերսկսելուց հետո տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց թույլատրել Արթուր Հակոբյանին մասնակցել դատական նիստին, որպեսզի օգտվի ռեպլիկի իրավունքից և լսի հետագա դատական նիստը: Միջնորդությունը բավարարվեց: