Հոգեբանը՝ ուղիղ եթերով հուղարկավորություն հեռարձակելու և վշտին առնչվող տեսարաններ ցուցադրելու մասին
Հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին, ասաց, թե հասարակությունը ենթարկվել է սուր տրավմատիկ սթրեսի, կրել է հոգեկան ծանր վնասվածք. «Հասարակությունը ուղղակի մղկտում է»:
– Անցնող օրերին քննարկման թեմա դարձավ նաև այն, որ պետք չէ ուղիղ եթերով ցույց տալ վշտին առնչվող տեսարաններ, տեղադրել սրտառուչ լուսանկարներ: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Ես վստահ եմ, որ պետք է ցուցադրել, ոչինչ չպետք է պահել: Ինչ-որ բան պահելու կամ թաքցնելու փորձերը տրավման տասնապատկում են: Իհարկե, վշտացող, սգացող մարդուն չպետք է ցույց տալ, քանի որ վիշտը խիստ անձնական զգացում է: Իսկ ինֆորմացիա պարունակող ամեն մի դրվագ ինչքան բաց լինի մարդկանց համար, այնքան ցավը շուտ կհաղթահարվի: Նույնը վերաբերում է հուղարկավորությանը:
Շատ մարդիկ կուզենային մասնակցել հուղարկավորությանը, որպեսզի թեթևանային, հանգստանային, բայց պարզ է, որ ամբողջ երկիրը չէր կարող Գյումրի գնալ, այնպես որ՝ ցույց տալը և այն դիտելը ինչ-որ մասնակցության ձև է, դա թեթևացնում է մարդու վիշտը, սփոփում է: Հուղարկավորության ծեսն իր մեջ թերապևտիկ նշանակություն ունեցող ծես է, որը հնուց է գալիս: 1988-ի երկրաշարժից հետո այն մարդիկ, որոնք կարողացան գտնել և իրենց ձեռքով հուղարկավորել իրենց հարազատներին, նրանք ավելի շուտ սփոփվեցին, քան այն մարդիկ, որոնք չգտան ու չհուղարկավորեցին իրենց հարազատներին: Այնպես որ՝ հուղարկավորությունը պատահական ծես չէ ժողովրդի մեջ, այն իր կարևոր նշանակությունն ունի:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: