Ջորջ Սորոսն Իլհամ Ալիևին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումները
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել հանրահայտ ֆինանսիստ ու բարերար Ջորջ Սորոսի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ Սորոսն Ալիևին կոչ է արել դադարեցնել ճնշումները քաղաքացիական հասարակության վրա: Այդ մասին նշված է «Բաց հասարակություն» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամի) տարածած երեկվա հայտարարությունում.
«Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի կառավարությունը կալանավորել է տասնյակ քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների ու իրավաբանների, նրանց դեմ ներկայացվել են տարբեր մեղադրանքներ՝ սկսած միջոցներ յուրացնելուց ընդհուպ մինչև պետական դավաճանություն: Նրանցից ոմանք դատապարտվել են տևական ժամկետներով ազատազրկումների»:
Մասնավորապես, հայտարարության մեջ նշված է, որ կալանավորվել են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսը, Ռասուլ Ջաֆարովը, իրավաբան Ինթիգամ Ալիևը, լրագրող Խադիջա Իսմայլովան:
Թիրախում է հայտնվել նաև Ադրբեջանում Սորոսի հիմնադրամը, կալանքի տակ են դրվել նրա բանկային հաշիվները, առգրավվել են համակարգիչները, հարցաքննվել են նախկին աշխատակիցներ: Հիմնադրամը հերքում է իրենց հասցեագրված ցանկացած մեղադրանք: Հիմնադրամն Ադրբեջանում իր գործունեությունը սկսել է 1999 թվականից: