Տնտեսական մղձավանջներ

Մեր տնտեսությունը հունվարյան թմբիրից դուրս չի եկել: Ու ընդհանրապես տնտեսական տեղեկատվությունն առայժմ շարունակում է մնալ հետին պլանում: Մինչդեռ արտերկրում բոլորովին այլ պատկեր է: Մոսկվայում Գայդարյան վեցերորդ տնտեսական համաժողովն անցկացվեց: Հիմա Դավոսում 45-րդ համաշխարհային տնտեսական ֆորումն է ընթանում: ԱՄՆ նախագահը հրապարակեց ամենամյա իր ուղերձը Կոնգրեսին: Այս երեք միջոցառումն էլ հերթական համարել չի կարելի: 2015-ի բուռն սկիզբը տնտեսական իմաստով սովորական չէ:

Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հունվարի 2-ից մենք Եվրասիական միության անդամ դարձանք: Մեծ տնտեսական միության անդամ դառնալով՝ ստիպված ենք հետևելու համաշխարհային տնտեսական իրադարձություններին, որոնք անմիջական ազդեցություն են թողնելու մեր կենցաղի վրա: Գայդարյան տնտեսական համաժողովին մեր մամուլը համարյա չանդրադարձավ: Նշվեց միայն, որ դրան մասնակցում է նաև մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուրիշ ոչինչ, կամ՝ համարյա ոչինչ:

Մինչդեռ համաժողովի քննարկումներին հետևող փորձագետներն արձանագրեցին, որ Ռուսաստանի կառավարությունը դեռևս տնտեսական միասնական ծրագիր չի մշակել: Տնտեսական պատժամիջոցների, արժեզրկման, էներգակիրների գների նվազման պարագայում ՌԴ-ն պաշտոնապես սկսել է խոսել 2015-ի բյուջեի վերանայման մասին: Սպասվում է, որ կրճատվելու են բոլոր ծախսերը: Բացառություն են հայտարարված միայն ռազմական և սոցիալական ոլորտները: Սոցիալական ոլորտ ասածն էլ միայն թոշակ-նպաստներին է վերաբերում, որն իրականում կրճատվում է ռուբլու արժեզրկման հետևանքով: ՌԴ-ն հայտարարում է, որ իր պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում կրճատվել է, և այդ ցուցանիշով պարզապես փառահեղ իրավիճակ է՝ պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը հինգ տոկոսը:

Բայց վարկանիշային համաշխարհային կազմակերպությունները ՌԴ ֆինանսավարկային շուկայի մակարդակը կտրուկ նվազեցրել են «աղբանոցային մակարդակի»: Տնտեսական նման մակարդակի արձանագրումից հետո փորձագետները խոսում են Ռուսաստանում հնարավոր դեֆոլտի մասին: Այս երկրի պետական պահուստները կազմում են 385 մլրդ դոլար: Ըստ ՌԴ էկոնոմիկայի նախարարի, այդ գումարը կբավականացնի մի քանի տարի: Մինչդեռ ՌԴ կառավարության մեկ այլ անդամի՝ ֆինանսների նախարարի խոսքերով` դա ընդամենը 1,5 տարվա գումար է, եթե պետությունը չկրճատի իր ծախսերը:

Նման իրավիճակում հայտնված երկրի կառավարությունը պիտի որ անհապաղ բանակցություններ սկսեր միջազգային ֆինանսական կառույցների հետ, բայց ՌԴ պարագայում դա չի անցնի՝ երկիրը տնտեսական (ու քաղաքական) մեկուսացման մեջ է: Գազի ու նավթի արտահանումն ապահովում էր Ռուսաստանի արտահանման 65-75 տոկոսը: Մինչդեռ հիմա նավթի միջազգային գներն ավելի ցածր են, քան ներքին շուկայի ինքնարժեքը: Առայժմ՝ 5-7 դոլարի չափով: Մինչդեռ կան փորձագիտական հաշվարկներ, որ նավթի ներկա գներն առաջիկայում կարող են կրկնակի նվազել: Թե ինչ հետևանքներ կարող է թողնել ռուսական դեֆոլտը մեր տնտեսության վրա, սարսափելի է անգամ հաշվարկելը: Դավոսի տնտեսական 45-րդ ֆորումին այս տարի էլ Հայաստանը չմասնակցեց: Հավանաբար իմաստ չուներ: Մենք արդեն մեր տնտեսական կողմնորոշումը կատարել ենք: Այդ ֆորումին 40 երկրի ղեկավար է մասնակցում: Ներառյալ` Գերմանիան և Ֆրանսիան: ՌԴ-ն մասնակցում էր փոխվարչապետի ղեկավարած փոքրիկ պատվիրակությունով: Ակնհայտ է, որ այդ երկիրը ֆորումից սպասելիքներ չունի: ՌԴ լրատվամիջոցներն առավոտից երեկո խոսում են ՌԴ նախագահ Պուտինի բարձր վարկանիշի մասին:

Իսկ «Վաշինգտոն պոստն» Օբամայի տարեկան ուղերձի առիթով հրապարակեց, որ ԱՄՆ նախագահի վարկանիշն իր երկրում աճել է՝ դառնալով 50 տոկոս: Հոկտեմբեր ամսին արձանագրված 40 տոկոսի փոխարեն: Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերջնականապես հաղթահարել է տնտեսական ճգնաժամը, որ իր նախագահության շրջանում հաջողվել է 800 հազար նոր աշխատատեղ ստեղծել: Տարեկան ուղերձում ԱՄՆ նախագահը ՌԴ տնտեսական իրավիճակին համարյա չի անդրադարձել: Միայն ասել է, որ «Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման մեջ, իսկ Ռուսաստանի տնտեսությունը բզիկ-բզիկ է արված»:

ՌԴ բանկային համակարգի ղեկավարները ենթադրում էին, որ 2014-ին երկրից ներդրումների արտահոսքը կկազմի առավելագույնը 100 մլրդ դոլար` 2013-ի 60 մլրդ-ի դիմաց: Բայց անցած ուրբաթ ՌԴ ԿԲ հրապարակած տվյալներով` տարադրամի արտահոսքը կազմել է 151 մլրդ դոլար: Տնտեսական այսպիսի տխուր տեղեկատվության ֆոնին միակ ուրախացնող փաստն այն է, որ Եվրասիական միության անդամ դառնալուց անմիջապես հետո Հայաստանին խոստացան հատկացնել մոտ 78 մլն եվրո:

Նույնիսկ ցուցակ հրապարակվեց, թե ինչ ուղղություններով են մեր իշխանությունները պատրաստվում ծախսել այդ գումարը: Նրանք, ովքեր հավատում են հարազատ իշխանությունների տնտեսական ծրագրերին, կարող են ինքնուրույն քրքրել ու գտնել այդ տեղեկատվությունը: Հատկապես, որ 2015-ը տնտեսական իմաստով խոստանում է համարյա մղձավանջային տարի դառնալ:

Տեսանյութեր

Լրահոս