Առավել հավանական է, որ փոխարժեքը կպահպանվի 500 դրամի շրջակայքում. փորձագետ
Մեր զրուցակիցն է FOREX Club-ի երևանյան մասնաճյուղի վերլուծաբան-խորհրդատու Իրինա Սիմոնյանը:
– Տիկին Սիմոնյան, արտարժույթի շուկայում ի՞նչ իրավիճակ է, և ո՞ւր են տանում միտումները:
– Առկա իրավիճակում համաշխարհային միտումները դոլարի ուժեղացման են տանում և, ըստ ամենայնի, առաջիկա ժամանակներում այդ միտումները կշարունակվեն: Հայաստանում միշտ վճարային հաշվեկշռի պակասուրդ կա, և դա նշանակում է, որ դրամն առանց Կենտրոնական բանկի աջակցության նույնպես անկման միտում ունի: Պետք է հաշվի առնել նաև, որ մեր տնտեսությունը բավականին սերտորեն կապված է ՌԴ տնտեսության հետ, և այն դինամիկան, որ տեղի է ունենում ռուսական ռուբլու հետ, արտացոլվելու է հայկական դրամի վրա: Այժմ մենք գիտենք, որ ռուսական ռուբլին գտնվում է թուլացման փուլում և, եթե առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ռուբլին դոլարի համեմատ գտնվի 55-65 ռուբլի 1 դոլարի դիմաց միջակայքում, ապա մենք ենթադրում ենք, որ դրամը նույնպես կամաց-կամաց կթուլանա, և նման սցենարներից ամենակտրուկի դեպքում հնարավոր է, որ փոխարժեքը հասնի 550 դրամ 1 դոլարի դիմաց մակարդակին: Միջինում առավել հավանական է, որ փոխարժեքը կպահպանվի 500 դրամի շրջակայքում: Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ դրամը հետզհետե կթուլանա:
– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ 1 դոլարը 500 դրամ փոխարժեքը կլինի դրամի իրական արժեքը:
– Իրական արժեքը հիմա ամեն դեպքում այն է, ինչ ունենք, բայց եթե ռուբլին շարունակի անկումը, դրամը, կարծում եմ, նույնպես նրա հետևից կձգտի 500-ի:
– Եվ դա երկա՞ր կշարունակվի, թե՞ ամեն ինչ կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Ինչքա՞ն կտևի այդ իրավիճակը:
– Բացի ՌԴ տնտեսությունից, էական դեր ունի դոլարի համաշխարհային արժևորումը, որն ազդում է բոլոր արժույթների վրա: Այսինքն, եթե անգամ ՌԴ տնտեսությունն այս շոկից վերականգնվի, մենք վստահ ենք, որ ռուբլին իր նախկին դիրքերին չի վերադառնա, համենայն դեպս, առաջիկա մի քանի տարիներին հաստատ չի վերադառնա: Նրանց պետք է թույլ ռուբլի: Համապատասխանաբար՝ մեզ ևս, քանի որ մենք մտել ենք ԵՏՄ, և հույս կա, որ արտահանումը կավելանա, մեզ նույնպես ավելի շահավետ է թույլ դրամը: Արտահանողների ապրանքն այդպիսով Հայաստանի սահմաններից դուրս դառնում է ավելի գրավիչ: Ես կարծում եմ, որ մեր տնտեսության համար մեր ԿԲ-ն արհեստականորեն շատ չի ամրապնդի դրամը, պարզապես այն կդանդաղեցնի դրա անկումը:
– Եթե դրամը շարունակելու է արժեզրկվել, ապա բնակչությունը հիմա ինչքան կարող է, պետք է դոլա՞ր ձեռք բերի:
– Չեմ կարծում, եթե մեր ներքին քաղաքականությունը գրագետ տարվի, ապա երկրի ներսում գները չպետք է աճեն, կամ գոնե չպետք է շատ աճեն: Մեր ամենօրյա սպառման ապրանքն արտադրվում է Հայաստանում, և կթանկանա միայն այն տեսակի ապրանքը, որ ներկրվում է արտերկրից, այսինքն՝ խոսքը գնում է ավելի շուտ տեխնիկայի և նման ապրանքների մասին: Սպառողական ապրանքների գները, ես կարծում եմ, որ շատ չեն թանկանա: