
Դողու Փերինչեքին թույլատրել են լքել Թուրքիան և մասնակցել ՄԻԵԴ-ի դատավարությանը

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 4-րդ դատարանը վերացրել է Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի արտասահման մեկնելու վրա դրված արգելքը:
Դա արվել է նրա վրա, որպեսզի Փերինչեքը կարողանա մասնակցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» հայցի քննմանը: ՄԻԵԴ-ն այդ հայցը քննարկելու է հունվարի 28-ին: Ավելի վաղ Դողու Փերինչեքին Էրգենեքոնի գործով Թուրքիայում դատապարտել էին տևական ժամկետով ազատազրկման:
Որոշ ժամանակ բանտում անցկացնելուց հետո Փերինչեքն ազատ էր արձակվել, սակայն դրա հետ մեկտեղ արգելք է դրվել արտասահման մեկնելու համար: Այժմ դատարանը վճռել է, որ ՄԻԵԴ-ի կողմից հայցի քննման ժամանակ Փերինչեքի ներկայությունը կարևոր է, ինչի համար էլ չեղյալ է հայտարարվել արգելքը:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ամալ Քլունին Դողու Փերինչեքի գործով Հայաստանի շահերը կպաշտպանի ՄԻԵԴ-ում: Դողու Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքի հիման վրա Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար (Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթների խախտում):
Լոզանի դատարանը թուրք կուսակցապետի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2500 դոլարի տուգանք: Փերինչեքը, սակայն վկայակոչելով խոսքի ազատությունը, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ 2013 թվականի դեկտեմբերին բավարարել է Փերինչեքի հայցը՝ գտնելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (խոսքի ազատության իրավունք): Դրանից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ-ի վճիռը: