«Սև ցուցակում» հայտնված քաղաքացիներին ոչինչ չի մնում անել, քան սպասել. ՀՀ միգրացիոն ծառայության պետ

Երեկ ԱԻ ՏԿ նախարարության միգրացիոն ծառայության դիմաց հավաքվել էին մեծ թվով մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Սակայն այս տարի նրանց արգելանք է դրվել, և դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է: Նրանցից շատերը երեկ նշում էին, որ իրենք հստակ չեն պատկերացնում՝ ինչո՞ւ են հայտնվել այդ սև ցուցակում: Հավաքվածները նշում էին, որ իրենք մոտ 5-6 ամիս առաջ դիմում են գրել, ու իրենց խոստացել են 2-3 ամսում պատասխանել, սակայն մինչև հիմա ոչ մի նորություն չունեն:

Մարդիկ նշում էին նաև, որ իրենց հացի աղբյուրը երկար տարիներ եղել է արտագնա աշխատանքը, սակայն հիմա անելանելի վիճակում են հայտնվել ու չգիտեն՝ ինչպես պահեն իրենց ընտանիքները: 168.am-ի հետ զրույցում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ ամեն օր իրենց մոտ գալիս են շատ մարդիկ, ովքեր ունեն նման խնդիր: Նա ասաց, որ կա պայմանավորվածություն ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հետ, որ ամեն մի անձի վերաբերյալ անհատական դիմում պետք է ներկայացվի Ռուսաստան, և այդ դիմումի հիման վրա՝ նրանք քննարկեն արգելանքի հանգամանքները. «Դրա համար մենք մշակել ենք դիմումի հատուկ օրինակներ, փաստաթղթեր, որ պետք է լրացվի, որպեսզի գործընթացը կազմակերպվի: Աշխատակիցներ ենք առանձնացրել, որոնք զբաղվում են այդ հարցով: Աշխատատարածք ենք տվել հատուկ նրանց համար, որ մարդկանց հարմար լինի առաջին հարկում»:

Նա տեղեկացրեց, որ յուրաքանչյուր օր իրենց դիմում է 10-20 քաղաքացի, ու վերջերս այդ թիվն ավելի է մեծանում. «Յուրաքանչյուրին մեկ-մեկ բացատրվում է այդ դիմում գրելու ընթացակարգը: Միջին հաշվով՝ երկու շաբաթը մեկ, երբ հավաքվում են ահռելի քանակությամբ դիմումներ, ասենք՝ 100-150, այդ դիմումները, արդեն նաև իմ գրությամբ, ուղարկվում է Ռուսաստանի միգրացիոն ծաայության տնօրենին: Ժամկետների պահով ոչինչ չի ասվում, որ այսքան ժամանակով կնայեն: Մենք էլ ենք շատ շահագրգիռ, որ հնարավորինս արագ արվեն, բայց դա ամբողջությամբ ռուսական կողմի խնդիրն է, որպես կանոն՝ երկուսուկես, երեք ամիս է տևում: Եղել են դեպքեր՝ ավելի կարճ, բայց լինում են նաև դեպքեր՝ ավելի երկար է տևում»:

Գ. Եգանյանը նշեց, որ իրենք միջամտել, գործընթացն արագացնել չեն կարող, դրանք իրենց ֆունկցիաները չեն: Նա նաև նշեց, որ այդ դիմումների 28-30%-ն է դրական ելքով հետ գալիս, մնացածը գալիս են բացասական, և երբ բացասական պատասխան են ուղարկում, պատճառները չեն ասում: Գ. Եգանյանի խոսքով՝ ընդհանրապես կարող էր նման մեխանիզմ էլ չլինել, որովհետև դա միայն Հայաստանի քաղաքացիների դեմ ուղղված չէ. «Տեղյակ եք, թե վերջին 2-3 տարին ինչ միջոցներ է կիրառում Ռուսաստանը: Հայաստանի քաղաքացիները տոկոսային հարաբերությամբ ամենափոքր թիվն են կազմում, բայց դա կապ չունի, մարդիկ, կամա թե ակամա, մի մասը գիտակցաբար գիտի՝ ինչ էր արել, մեծ մասն անգամ չգիտի՝ ինչ է արել, հայտնվել են այդպիսի վիճակում, և կարող էր նույնիսկ այս մեխանիզմը չլինել, բայց ռուսական կողմը համաձայնել է այդ մեխանիզմի ստեղծմանը, այդ մեխանիզմի վերանայմանը, բայց որոշակի ժամկետներ իր վրա չվերցնելով»:

Մեր դիտարկմանը՝ քաղաքացիներից շատերը նշում են, որ իրենք հստակ չեն պատկերացնում՝ ինչի համար են իրենց վրա արգելանք դրել, Գ. Եգանյանը պարզաբանեց, որ դա ՌԴ իշխանությունների արածն է, և իրենց մոտ էլ այդպիսի տեղեկություններ չկան: «Մենք չենք տիրապետում այդպիսի տեղեկություններին: Մենք գիտենք, որ այդ անձանց վրա արգելանք են դրել, բայց ի՞նչ պատճառով, մենք այդ ինֆորմացիային չենք տիրապետում: Իրենք մեզ, իհարկե, չեն ասում, եթե ասեն, մենք էլ կասենք: Մենք տեղյակ չենք՝ ի՞նչն է պատճառը, և ինչքա՞ն ժամկետով: Մենք միայն գիտենք, որ մարդիկ հայտնվել են նման իրավիճակում: Ամենայն հավանականությամբ, խախտումներ են արել»: Ստացվում է՝ այս հարցում ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայությունը ոչ մի  իրավասություն չունի, և այս կառույցը չի կարող օգնել այն քաղաքացիներին, ովքեր նման իրավիճակում են հայտնվում. «Իհարկե, մեր իրավասության մեջ ոչինչ չկա: Ես իմ աշխատակիցներին խնդրել եմ, որ իրենց գործից զատ՝ այդ գործով էլ զբաղվեն: Մենք մեկիկ-մեկիկ 3301 անձի դիմում ենք ընդունել, այնուհետև մոտ 3200-ը ուղարկվել է Ռուսաստան, այդ պատասխանները ստանալուց հետո մենք մեկիկ-մեկիկ իրազեկել ենք քաղաքացիներին»,- նշեց Գ. Եգանյանը: Քաղաքացիներին ոչինչ չի մնում անել, քան սպասել, մինչև իրենց դիմումներին կպատասխանեն. «Այո, ուրիշ բան չեն կարող անել: Կամ էլ, եթե քաղաքացին որևիցե մի երկրում ինչ-որ մի խախտում ունի, ինքը վիճարկում է այդ խախտումը, նա այդ երկրի դատարանի միջոցով կարող է փորձել դա անել, որը, իմ կարծիքով՝ հեռանկար չունեցող հանգամանք է»,- ասաց Գ.Եգանյանը:

Տեսանյութեր

Լրահոս