Բաժիններ՝

«Իմանալով, որ փոքրիկ Սերյոժան մահացել է, նախօրոք իշխանությունները Գյումրի են ուղարկել ոստիկանական ստորաբաժանումներ»

«Իշխանություններն արդեն տեղյակ լինելով, որ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը մահացել է, նախօրոք Գյումրի են ուղարկել ոստիկանական ստորաբաժանումներ՝ բավական մեծ քանակությամբ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այժմ Գյումրիում տիրող լարված իրավիճակի մասին՝ տեղեկացրեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Գ. Համբարյանի խոսքով՝ իշխանությունները սպասում են հերթական պոռթկումների, որոնք տեղի ունեցան Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների թաղման արարողությունից հետո և հաջորդ օրը. «Ինքնըստինքյան, իրավիճակը բավական բարդ է: Իհարկե, ոչ մի արտառոց դեպք մինչև հիմա չի եղել, ժողովրդին հավաքվելու կոչեր չեն եղել, բայց իշխանությունները վաղօրոք արդեն պատրաստվել են, որպեսզի ապահովագրեն իրենց և համապատասխան օբյեկտները: Նույն 102-րդ ռազմաբազայի կենտրոնատեղին կամ մյուս ռազմաբազայի ստորաբաժանումները ևս կենտրոնացված կերպով պաշտպանվում են բոլոր տեսակի բացասական իրադարձություններից»:

Մենք հետաքրքրվեցինք քաղաքագետից, թե արդյոք կա՞ն տեղեկություններ առաջիկա հավաքների, ցույցերի մասին: Նա պատասխանեց. «Դեռ մեկ ժամ է, որ այս ինֆորմացիան կա, սոցիալական կայքերն արդեն ողողված են այդ ինֆորմացիայով, ժամանակ է պետք, որ հավաքվեն, բայց մինչև հիմա հավաքույթներ դեռ չկան: Այս պահի դրությամբ ես քաղաքում եմ, ոչ մի արտառոց դեպք չկա, միայն ոստիկանական ստորաբաժանումների առկայությունն է զգացվում քաղաքում, և ինքնըստինքյան այս ինֆորմացիան, կարելի է ասել, որ նորից սթրեսային իրավիճակ ստեղծեց քաղաքում, ավելի մեծ, որովհետև բոլորի միակ հույսն այն էր, որ 6-ամսյա Սերյոժան ողջ կմնա և կապաքինվի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս