«Ռուսաստանը հիմա շատ թույլ է, շատ ընկճված է, նա Թուրքիային սիրաշահելու համար՝ Էջմիածինն էլ կհանձներ». Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի համոզմամբ՝ Ռուսաստանն անպայման կընդունի Թուրքիայի նախագահի հրավերը՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակի միջոցառումներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, Թուրքիայում տեղի են ունենալու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ նախագահը: Ի պատասխան Թուրքիայի նախագահի հրավերքին՝ Ս. Սարգսյանը նամակ էր ուղարկել Թուրքիայի նախագահին՝ մերժելով հրավերը:

Այսօր հրավիրված ասուլիսի  ընթացքում Ա. Արշակյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը կընդունի այդ միջոցառումներին մասնակցելու՝ Էրդողանի հրավերը:

«Որովհետև Ռուսաստանը հենց հիմա շատ լուրջ զբաղված է Լենին-Աթաթուրք պայմանագրի դրույթների վերակենդանացմամբ»,- ասաց բանախոսը:

Ըստ Ա. Արշակյանի՝ մեր բախտը բերում է, որ Մինսկի խմբում միայն Ռուսաստանը չէ: Նրա խոսքով՝ եթե միայն Ռուսաստանը լիներ Մինսկի խմբում, ուրեմն Ղարաբաղի հարցը կլուծվեր՝ ի վնաս մեզ.

«Այսինքն՝ Ղարաբաղը, ըստ Աթաթուրք-Լենին 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրի, հանձնված է Ադրբեջանին: Եթե Մինսկի խումբը չլիներ, միջազգային ճնշումը չլիներ Ռուսաստանի վրա, ապա Ռուսաստանը հիմա շատ թույլ է, շատ ընկճված է, նա Թուրքիային սիրաշահելու համար՝ Էջմիածինն էլ կհանձներ, ճիշտ այնպես, ինչպես հիմա մենք տեսանք, թե ինչ կատարվեց Գյումրիում»:

Ա. Արշակյանը կարծում է՝ եթե ճնշում չլիներ Ռուսաստանի վրա, եթե Գյումրիում չլիներ այդ ինքնաբուխ ընդվզումը, մենք բարոյապես վատ՝ ընկճված վիճակում կլինեինք. «Որովհետև ռուսները դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում՝ «զինվոր ա, եկել ա, խմել ա, գնդակահարել ա», իրենց մոտ դա հաճախ է լինում:

Վերջին հաշվով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը դատարանում է. եթե նախարարը և իր տեղակալները հանցագործության համար դատվում են, ապա ի՞նչ կարող է ասել սերժանտը: Մենք հույս ունենք, որ աշխարհը մեզ չի լքի, ինչպես լքեց 1920-21 թվականներին, և մենք կհաղթենք՝ առանց մեծ կորուստների, մենք հաղթելու ենք, մենք արդեն հաղթում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս