
Էրդողանն իրեն պահում է փողոցային խուլիգանի նման. Լիբերման

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստապես քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Սրանից առաջ Էրդողանը դատապարտել էր Նեթանյահուի փարիզյան այցը՝ Նեթանյահուին անվանելով «երկերեսանի ու ահաբեկչական պետության ղեկավար»: Ի պատասխան՝ Լիբերմանը հայտարարել է, որ Էրդողանն իրեն պահում է փողոցային խուլիգանի նման.
«Այդ մարդը հակասեմական է, և ես չեմ հասկանում, թե Եվրոպան որքան երկար է հանդուրժելու նրան, ով հակասեմականություն է սերմանում Եվրոպայում»: Լիբերմանը զգուշացրել է, որ լռություն պահպանելն իրենց կարող է ի վերջ վերադարձնել 1930-ական թվականներ:
Նեթանյահուն իր հերթին անհրաժեշտ է համարել այն, որ Իսրայելը ներկայացված լիներ Փարիզի Միասնության երթին: Նեթանյահուն ընդգծել է, որ դեռ չի տեսել, որ գերտերությունների առաջնորդները քննադատեն Էրդողանին՝ նման խոսքերի համար, որոնք պետք է մերժելի լինեն միջազգային հանրության համար:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Էրդողանին նման հայտարարության համար խստապես քննադատել է ԱՄՆ պետդեպարտամենտը: