Սուրեն Բեկիրսկի. «Հայկական տեքստիլի արտադրանքը գտնվում է թեթև քաշային կարգում ու չի կարող մրցել թուրքականի ու չինականի հետ»
Հայկական տեքստիլը բոլորովին այլ քաշային կարգում է գտնվում, քան թուրքական ու չինական արտադրանքը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին՝ մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հայտարարությունը, թե հայկական տեքստիլը միանգամայն կարող է դիմակայել թուրքական և չինական արտադրանքին:
Ս. Բեկիրսկին նշեց, որ չի ուզում հակադրվել նախարարի խոսքին, սակայն հայկական տեքստիլի արտադրանքը գտնվում է թեթև քաշային կարգում ու չի կարող մրցել թուրքականի ու չինականի հետ: Նրա խոսքով՝ հայկական արտադրանքը թուրքական ու չինական արտադրանքի հետ կարող է նույն խանութում լինել, բայց ընդհանուր առմամբ դրանք մրցակից չեն: Ըստ միության համանախագահի՝ հայկական թեթև արդյունաբերության զարգացումը թիրախ շուկաներում հաջող կլինի անկախ այլ արտադրանքից: Ս. Բեկիրսկին նշեց, որ մեր սեգմենտը բավականին փոքր է:
«Գլոբալ առումով հայկական տեքստիլը թուրքական ու չինական արտադրանքի հետ նույն մրցակցային դաշտում չեմ տեսնում, մերն ուրիշ է, իրենցը՝ ուրիշ: Շատ տարբեր խաղացողներ ենք»,- ասաց նա:
Ռուսաստանի շուկան գրավելու տեսակետից, ըստ Ս. Բեկիրսկու, եթե այդ 140 մլն-անոց շուկայի 3-5%-ն էլ հայկական արտադրանքը լինի, ապա արդեն լիուլի բավական է: