Սատկած խոզերի փորձաքննության եզրակացությունները գտնվում են քննչական վարչությունում
168.am-ը գրել էր, որ մայրաքաղաքի շուկաներից երկուսում սատկած խոզի մսի վաճառքի պատմությունն այլ ենթատեքստ ուներ և ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) պատկանող սատկած խոզերը վաճառակետերում չեն հայտնվել, այլ հուղարկավորվել են՝ ինչպես կարգն է։ Իսկ պարզելու համար, թե ո՞վ էր այս պատմության հեղինակը, պետք էր փնտրել, թե ով շահեց դրանից:
Գրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների, այս շուկայում բավականին լուրջ կշիռ ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ով համատեղ սեփականության կարգով խոզաբուծարաններ ունի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։ Վերջինիս պատկանող խոզերն այս տարի անկել էին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սատկել էր մոտ 20 հազար խոզ։
168.am-ը դիմել էր ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տրամադրել շուկաներում վերցված անկած խոզերի նմուշների փորձաքննության եզրակացության պատճենը: Սակայն ծառայությունից մեզ պատասխանել են, որ Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքում վաճառվող խոզի մսեղիքներից վերցված նմուշների անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և, ըստ այդմ, սույն գործի հետ առնչվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար հարկ է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Նկատենք, որ նման գործերն իրավապահ մարմիններին հանձնելն ամենահեշտ և արդյունավետ միջոցն է դրանք «վնասազերծելու» և հնարավոր պատվիրատուներին աղմուկից հեռու պահելու համար: Իրավապահ մարմինները նախ երկար-բարակ քննություն կիրականացնեն, հետո էլ «ապացույցների անբավարարության» պատճառաբանությամբ գործը կկարճեն: Եվ վերջ: