Բարեկամավանում կրակոցները չեն դադարում. Իրավիճակը լարված է. ԳԱԼԱ
«2 օր է՝ ժողովրդին կրակի տակ են պահում: Մեր կողմից ոչ մի բան չի կատարվում: Ո՛չ եկող կա, ո՛չ գնացող կա: Ժողովուրդը խուճապի մեջ է, ահավոր վախեցած են, երեխեքը պատի տակ կուչ են եկել, լաց են լինում»,-սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչ Էդուարդ Միքայելյանը, ով գյուղում ապրում է կնոջ և 4 ամսական երեխայի հետ, անհանգստացած զանգահարել էր ԳԱԼԱ հեռուստաընկերություն:
Վերջին կրակահերթը եղել է այսօր՝ 14:00-ի սահմաններում: Գյուղացիներին հաջողվել է պատսպարվել, վիրավորներ չկան, սակայն վնասվել են մի քանի տներ և եկեղեցին: «Մեծ զենքերով են տալիս, ավտոմատով չեն տալիս, որ ասենք սովարական բան է, «ասկոլչնի» զենքերով են կրակում: Ամենքը իրանց պատի կողքին կուչ եկած են, ուրիշ ո՞նց պաշտպանվեն: Գիշեր-ցերեկ կապ չունի, երբ ուզում են՝ էդ ժամանակ էլ կրակում են: Հունվարի 4-5-ից սկսած անդադար կրակում են»,-ասում է նա:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս ընթացքում թշնամին օգտագործել է 62 մմ-ոնց և 80 մմ-անոց ականանետեր, սակայն հստակ ասել, թե Բարեկամավանի ուղղությամբ ինչ զենքերով են կրակել, չեն կարող: Ինչ վերաբերում է կրակոցների ակտիվությանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Շատ ակտիվ չէ, նրանք մի քիչ չափազանցնում են, դե հասկանալի է՝ քաղաքացիական մարդիկ են, պետք է անհանգստանան…Կրակոցներ եղել են, բայց շատ ակտիվ չի եղել, շատ ակտիվ եղել է գիշերը»: Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխան կրակոցներին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ թիրախային կրակոցներին պատասխանում են, անկանոններին՝ ոչ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: