Ռուբեն Վարդանյան. «Հանգիստ կյանքն Իտալիայում պատրանք է»
Ռուբեն Վարդանյանը շատ հանգիստ է վերաբերվում իր շուրջ տիրող ֆինանսական ճգնաժամին: Մոսկվայի գլխավոր բիզնես կենտրոններից մեկի իր գրասենյակում նստած՝ Վարդանյանը ռուբլու անկման վերաբերյալ հարցին պատասխանում է այնպես, ինչպես կպատասխաներ ցանկացած ռուս. «Ավելի վատ էլ է եղել»:
«Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է»,- ասում է նա և թվարկում Սովետական Միության փլուզումից հետո վերջին քարորդ դարի ընթացքում տեղի ունեցած ռուսական տնտեսության բոլոր ճգնաժամերը.
«Ետ նայելով վերջին 25 տարիներին՝ կարող եմ ասել, որ մարտահրավերներ միշտ էլ եղել են»:
46-ամյա Ռուբեն Վարդանյանը բոլորից լավ գիտի այդ մասին: Լինելով «Тройка Диалог» կազմակերպության գործադիր տնօրեն՝ հնարավորություն է ունեցել առանց միջնորդների հետևել երկրում տիրող յուրաքանչյուր ճգնաժամի:
Ինչ-որ չափով Ռուբեն Վարդանյանը կարող է հանգիստ լինել, «Тройка»-ն դեռևս 2011 թվականին վաճառվել է պետական «Сбербанк»-ին՝ Ռուսաստանում վարկ տրամադրող ամենախոշոր կազմակերպությանը: Դրանից հետո Վարդանյանը դադարել է հետևել կազմակերպության գործերին, չնայած՝ մինչև հիմա էլ համարվում է «Сбербанк»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը:
Իր մրցակիցներից և նախկին գործընկերներից շատերը կնախանձեն նրա՝ ճիշտ ժամանակը, ճիշտ պահն ընտրելու ունակությանը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2014 թվականին կտրուկ կնվազեն ռուսական ներդրումային բանկերի եկամուտները, քանի որ ակցիաների ու պարտատոմսերի թողարկումն արևմտյան պատժամիջոցների պատճառով կանգ է առել: Արևմտյան բազմաթիվ բանկեր Մոսկվայից ետ են կանչում իրենց աշխատակիցներին:
Այնուամենայնիվ, Ռուբեն Վարդանյանը բացառում է այն միտքը, որ Ռուսաստանը ներդրող բանկիրների համար կդառնա ամայի վայր: Իր խոսքերով` երկիրն այժմ գտնվում է հերթական ճգնաժամի մեջ, ճիշտ այնպես, ինչպես 1991 թվին էր, երբ Սովետական Միության փլուզումը Ռուսաստանում քաղաքական և տնտեսական մեծ հեղաշրջում առաջացրեց:
Ռուբեն Վարդանյանը հիշում է 1991թվականը.
«Մոսկվայում լինելով՝ ինքս ինձ ասացի՝ ես ունեմ 2 տարբերակ: Մի տարբերակի դեպքում Սովետական Միությունը կպահպանվի, և մենք դեպի ետ կգնանք, և ես կարտագաղթեմ: Երկրորդի դեպքում Ռուսաստանը կկառուցի կապիտալիզմ, և դա մեծ հնարավորություն կլինի: Այժմ՝ 24 տարի անց, մենք այստեղ նստած՝ խոսում ենք նույն երևույթի մասին»:
Ռուբեն Վարդանյանն ինչպես 1991 թվականին, այնպես էլ հիմա, ցանկանում է, որ Ռուսաստանն ընտրի շուկայական ճանապարհը:
«Կլինեն և՛ վերելքներ, և՛ անկումներ, կլինեն իրավիճակներ, երբ մարդիկ կհիասթափվեն, ինչպես եղել է անցյալում, բայց, վերջիվերջո, սա անհնար է կանգնեցնել, Ռուսաստանի շուկայական տնտեսությունը կպահպանի իր գոյությունը»:
Այս պահին սա կարող է չափազանց լավատեսական հնչել: 2012 թվականին Վլադիմիր Պուտինի վերադարձը 3-րդ նախագահական ժամկետին համընկավ ռուսական բիզնեսի վրա պետության ազդեցության կտրուկ աճի հետ:
Այս տենդենցն ավելի վատթարացավ Վլադիմիր Եվտուշենկովի՝ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի ձերբակալությունից հետո սկսված տնտեսական ճգնաժամից հետո, որից իր նավթային կազմակերպությունը խլել և պետականացրել էին անցյալ տարվա վերջին: Չնայած այդ ամենին՝ Եվտուշենկովն ազատ է արձակվել:
Ռուբեն Վարդանյանի սերնդակից բազմաթիվ ռուսներ, որոնք բարձունքի էին հասել 1990-ականներին, տեղափոխվում են Եվրոպա կամ Հյուսիսային Ամերիկա: «Իմ ընկերներից ոմանք ցանկանում են լքել երկիրը, մյուսները ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել արտասահման»,- անկեղծացել է Վարդանյանը:
Իհարկե, բավարարվածություն չի պատճառում այն, որ մենք պնդում ենք, թե երկիրն ապագա չունի, և հետո պարզվում է, որ ճիշտ էինք, կարծում է նա, քանի որ այս դեպքում սա կհարվածի ամբողջ աշխարհին: Եվ Իտալիա կամ Իսպանիա տեղափոխվելու, լավ գինի խմելու ու առանց սթրեսի կյանք ապրելու գաղափարը պարզապես «մեծ պատրանք» է:
Եվ, այնուամենայնիվ, իր ընտրած ճանապարհը փաստում է այն մասին, որ 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի ռուսական կապիտալիզմի բումը դժվար թե վերադառնա:
«Тройка» ընկերության վրա ծախսելով ավելի քան 10 տարի՝ Ռուբեն Վարդանյանն այնուհետև վաճառեց այն և, մնալով 850 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող կարողությամբ, այժմ ջանք չի խնայում բարեգործությունների համար:
«Այժմ Ռուսաստանում հայտնվել է մարդկանց մի սերունդ, որը հարուստ է և ցանկանում է ապագա սերնդի համար ինչ-որ բան թողնել: Սա առաջինն է վերջին 100-ամյակի ընթացքում: 1917թ. այս մարդիկ անհետացան, և շատերն իրենց հետնորդներին թողնելու ոչինչ չունեին»,- նշում է Ռուբեն Վարդանյանը` ավելացնելով, որ պաշտոնական տվյալներով՝ 230.000 ռուս գործարարներ տարեկան աշխատում են ավելի քան 1 միլիարդ դոլար. «Նրանք ուլտրա-օլիգարխներ չեն, բայց եթե դուք ունեք 1 միլիոն ԱՄՆ դոլար, դա արդեն իսկ մեծ գումար է: Ուզո՞ւմ եք արդյոք ծախսել դրանք հիմա, թե՞ հետո այն ուղղել բարեգործությանը` բարդ հարց է»:
Հետևելով Բիլ Գեյթսի, Ուորեն Բաֆեթի և նրանց միացած Վլադիմիր Պոտանինի օրինակին՝ Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Ռուսաստանի պես երկրում ժառանգությունը բարեգործության նպատակով օգտագործելը քիչ է.
«Մեր պարագայում, ես կարծում եմ, որ որոշ մարդիկ պետք է ծախսեն այդ հարստությունը հենց հիմա, որպեսզի կտրուկ փոփոխությունների հասնենք, քանի որ մեր երկրի պես երկրներում դա պետք է ավելի շուտ լինի, քան առավել զարգացած երկրներում»:
Ռուբեն Վարդանյանի 4 երեխաները կժառանգեն միայն իր ունեցվածքը: Իր կարողության մնացած մասը Ռուբեն Վարդանյանն իր տիկնոջ հետ մտադիր է ծախսել բարեգործական ծրագրերի վրա:
Իր ծրագրերից շատերը կենտրոնացած են Հայաստանի վրա, մի երկիր, որտեղ անցել է նրա մանկությունը, իր ծնողների երկիրը: Ռուբեն Վարդանյանը նաև նշում է, որ չունի Հայաստանի քաղաքացիություն և քաղաքական որևէ հավակնություն չունի:
Վարդանյանը մոտ 80 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել աշխարհում ամենաերկար՝ դեպի Տաթևի վանք տանող ճոպանուղու կառուցման վրա: Տաթևի վանքը կառուցվել է 9-րդ դարում` Հայաստանի հարավում: Նա նաև Դիլիջանում՝ Հայաստանի հյուսիսում, կառուցել է United World Colleges ցանցերի միջազգային դպրոցը, որը դեպի աշխարհ դուռ կբացի երիտասարդ հայերի համար:
Վարդանյանը մտադիր է հատուկ ծրագիր սկսել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցյան միջոցառումների հետ կապված՝ փոխհատուցելով բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր օգնել են փրկել Ցեղասպանությունից փրկված հայերի կյանքը:
Ռուբեն Վարդանյանը պատմել է, թե ինչպես է իր պապը փրկվել ցեղասպանությունից ամերիկացի միսիոներների օգնությամբ, որոնք ապաստան էին հիմնել անտունների համար:
«Ես հաջողության եմ հասել, և այժմ կարող եմ զրուցել ձեզ հետ իմ հարստության մասին, հենց այն պատճառով, որ 100 տարի առաջ 4 միսիոներներ գնացել էին խելահեղ մի վայր, որտեղ պատերազմ էր ընթանում, և փրկել 150 երեխաների կյանք: Այժմ, երբ ես հարուստ մարդ եմ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ ամենի համար»,- ասել է Վարդանյանը:
Ըստ Financial Times-ի՝ թարգմանել է ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ