
Այսօր երեկոյից սկսում է պահոց շրջանը

Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում:
Այս մասին տեղեկացնում է Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը:
Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին:
Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: