ԱՄՆ-ի իշխանությունները Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի համար BP-ից պահանջում են 18 միլիարդ դոլար
Bloomberg գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները բրիտանական BP ընկերությունից պահանջում են 18 միլիարդ դոլարի տուգանք` 2010 թվականին Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի համար:
Կառավարությունը պահանջում է ևս 1 միլիարդ դոլար բռնագանձել Anadarco ընկերությունից, որը մասնագետների կարծիքով ցուցաբերել է հանցավոր անփութություն` որևէ կերպ չմասնակցելով վթարի հետևանքների վերացմանը: Նոր Օռլեանի դաշնային դատարանը դեռևս 2012 թվականին էր ընդունել, որ վթարը հանդիսացել է «կոպիտ անփութության» հետևանք:
2010 թվականին Մեքսիկական ծոցում Deepwater Horizon նավթային պլատֆորմում տեղի ունեցած պայթյունը խլել է 11 մարդու կյանք: Վթարի հետևանքով տարբեր տվյալներով Մեքսիկական ծոց է լցվել 3.3-4.8 միլիոն բարել նավթ: ВР ընկերությունն արդեն իսկ վճարել է 28 միլիարդ դոլարի տարբեր փոխհատուցումներ:
ВР ընկերությունը միջնորդություն է ներկայացրել դատարանի որոշման վերանայման համար, սակայն 2014 թվականի նոյեմբերին դատարանը մերժել է նրա բողոքը: Դատարանը տուգանքի վերջնական չափը որոշելու է հունվարի վերջին մեկնարկելիք գործընթացի ժամանակ: