
Չեխիայի հրեական համայնքը դեմ է արտահայտվել Պրահա Պուտինի այցին

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Չեխիայի հրեական համայնքը դեմ է արտահայտվել երկրի նախագահ Միլոշ Զեմանի որոշմանը` կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման հոբելյանական 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկելու հետ:
Այդ միջոցառումներն անցկացվելու են 2015 թվականի հունվարին: Հրեական համայնքը ոչ տեղին է համարում Պուտինի այցը` ընդգծելով, որ Ռուսաստանը չի հարգում միջազգային պայմանագրերը, իրեն պահում է ագրեսիվ ձևով ու օկուպացում է հարևան երկրների տարածքները:
Միլոշ Զեմանը տվյալ միջոցառումներին մասնակցելու համար նոյեմբերի կեսին հրավերներ է ուղարկել նաև նացիզմի դեմ պայքար մղած այլ երկների ղեկավարներին` ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:
Միլոշ Զեմանը վերջին շրջանում շարունակ սուր քննադատության է արժանանում Ռուսաստանի դիրքորոշմանն աջակցելու համար: Նա հրաժարվել է դատապարտել Ղրիմի միացումը Ռուսաստանին ու Ուկրաինայի արևելքում պատերազմի պատասխանատվությունը դրել է Կիևի վրա:
Օսվենցիմ (գերմանական անվանումը` Աուշվից) համակենտրոնացման ճամբարը գտնվել է նացիստական Գերմանիայի օկուպացրած Լեհաստանի տարածքում: Ճամբարը գոյություն է ունեցել 1940-1945 թվականներին: Պաշտոնական հաշվարկներով` այնտեղ սպանվել է մոտ 1.4 միլիոն մարդ, որոնցից մոտ 1.1 միլիոնը հրեաներ են: